Սերժ Սարգսյանի նպատակները. Ինչ է առաջարկում նա պետության փոխարեն

    • Մեկնաբանություն - 20 Ապրիլի 2017, 18:21
Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին կազմակերպված Ազգ-բանակ խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում արտահայտել է մի քանի ուշագրավ միտք, թեեւ ելույթում ամենաուշագրավը թերեւս այն է, որ ընդամենը մեկ անգամ է օգտագործվել «պետություն» բառը, այն էլ մի համատեքստում, որտեղ թերեւս ճշգրիտ կլիներ կիրառել «կառավարություն» հասկացությունը: Իսկ այնտեղ, որտեղ «պետության» տեղն էր, Սերժ Սարգսյանը շռայլորեն գործածում էր Հայրենիք ու երկիր հասկացությունները:

Ազգ-բանակ հայեցակարգին նվիրված իր ելույթում Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ, այն էլ հարաբերական դիպուկությամբ է օգտագործում մի հասկացություն, որի առանցքում պետք է լինի հենց պետությունը, հակառակ դեպքում ազգ-բանակը վերածվում է ընդամենը ժամանակակից ձեւակերպում ստացած ֆիդայականության:

«Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը», ասում է Սերժ Սարգսյանը: Իրեն ինչի՞ տեր պետք է զգա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Հայրենիքի՞, թե՞ պետության: Օրինակ, որն էր ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի Հայրենիքը: Հայաստա՞նը: Սլոյանն իր հայրենիքի՞, թե պետության առաջ էր կատարում իր պարտքը՝ զինվորական պարտականությունը, կատարում անձնազոհաբար, հերոսանալով, նահատակվելով:

Գուցե բավակա՞ն է սիրել Հայրենիքը, գուցե Պետությունը սիրելու եւ պատվելու ժամանակն է, որովհետեւ Պետությունն ու Հայրենիքը տարբեր բաներ են: Գուցե հնչի պարզունակ, բայց ամեն Հայրենիք Պետություն չէ եւ ամեն Պետություն չէ, որ Հայրենիք է:

Հայրենիքի տիրոջ զգացում կա բոլորի մեջ՝ տարբեր կերպ դրսեւորվող եւ արտահայտվող, իսկ Պետության տիրոջ զգացում ոչ բոլորն է, որ ունեն կամ կարող են ունենալ: Եվ դա սեփական անկյուն ունենալով չէ պայմանավորված, ինչպես կարծում է Սերժ Սարգսյանը: Որովհետեւ Պետություն հասկացությունը հենց քաղաքացուն սեփական անկյունից դուրս բերելու համար է, սեփական անկյունից քաղաքացու կախվածությունը չեզոքացնելու համար է, քաղաքացու մտահորիզոնը, աշխարհայացքը, աշխարհընկալումը ընդլայնելու համար է:

«Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները», ասում է Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանին մեջբերելով:

Պետական մտածողության փոխարեն Հայաստանում գերիշխել է «տեղական հայրենասիրության ցավը տանող» մտածողությունը, ինչի հետեւանքն է ներկայում Հայաստանի գործնականում բոլոր ոլորտներում քվազիպետական վիճակը, երբ կան ցուցանակային ինստիտուտներ, իսկ հարցերը լուծվում են «իրար ցավը տանելու» եւ «տեղական հայրենասիրության» արժեհամակարգային հիմքով:

«Տեղական հայրենասիրության ցավը տանելու» վրա կառուցված հարաբերությունների համակարգն է նաեւ, որ առաջացրել է «տեղական ատելության» զգացումը, օրինակ հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վտանգավոր մտածողությամբ, որը քառորդ դարի ընթացքում վերանալու փոխարեն խորացել է: Հնարավոր է թվարկել «տեղական հայրենասիրության» հակադարձ էֆեկտի տարբեր այլ օրինակներ:

Հայաստանում «տեղական հայրենասիրության» մակարդակով է կազմակերպվում ցանկացած համապետական գործընթաց, այդ թվում պետության առանցք հանդիսացող ընտրական գործընթացը: Քառորդ դար իշխող համակարգն այդ մտածողությունը փոխելու եւ պետական մտածողության, պետականապաշտ հանրության ձեւավորման փոխարեն մակաբուծել է «տեղական» մտածողության վրա եւ «տեղական» էմոցիաներով խեղդել պետական ռացիոնալությունը:

Ազգ-բանակ հայեցակարգը պետք է դուրս բերի Հայաստանը «տեղական մտածողությունից», դնելով պետականապաշտ հարթության վրա: Այլ նպատակ հայեցակարգն ունենալ չի կարող: Սերժ Սարգսյանը կամ դրա նպատակը չի պատկերացնում, կամ ունի բոլորովին այլ նպատակներ:

Ամենաընթերցվածը