Վիգեն Սարգսյանի անվտանգության հեղափոխությունը

    • Մեկնաբանություն - 20 Ապրիլի 2017, 13:26
Ազգ-բանակ համաժողովում, որ ապրիլի 20-ին կազմակերպել է պաշտպանության նախարարությունը, նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է առաջնագծում զինվորական ծառայության, ինչպես նաեւ բանակի սպայակազմի համալրման այլընտրանքային մոդելներ, դնելով դրանք հանրային քննարկման:

Առաջին մոդելը փաստացի ենթադրում է ծառայության ժամկետի երկարաձգում՝ 2-ից դարձնելով այն 3 տարի, սակայն փաստացի զինվորական ծառայության ժամկետը կկազմի 2 տարի, բայց մարտական հերթապահության պայմաններում: Առանձնահատկությունն այն է, որ մոդելը ենթադրում է վճարովի ծառայություն, իհարկե որոշակի պայմաններով, որ պետությունը դնում է զինվորի առաջ վճարված փողը տնօրինելու տարբերակների իմաստով: Ընդ որում՝ միանգամայն ընդունելի պայմաններ:

Երկրորդ մոդելը առնչվում է բուհական տարկետման իրավունքին: Առաջարկվում է այդ իրավունքը դարձնել թե կրթության, թե նաեւ զինվորական ծառայության առավել արդյունավետ տարբերակ, որով կբարձրանա տվյալ երիտասարդի թե կրթական, թե զինվորական ՕԳԳ-ն:

Խոշոր հաշվով, առաջարկվող մոդելները գործնականում ունեն հեղափոխական նշանակություն եւ փաստացի հանդիսանում են ազգ-բանակ հայեցակարգի բովանդակություն ձեւավորելուն ուղղված առաջին քայլերը:

Անշուշտ, դրանք բավարար քայլեր չեն հայեցակարգի ամբողջականացման, հանրային վստահելիության կամ այսպես ասած լեգիտիմության բարձրացման ուղղությամբ: Բայց քայլերը կարեւոր են եւ իրենց հեղափոխականությամբ էապես կփոխեն Հայաստանի անվտանգության համակարգի «սոցիալական հենքը», որ ներկայում առաջացնում է մի շարք խնդիրներ ու հարցեր:

Խոշոր հաշվով, ազգ-բանակ համաժողովում Վիգեն Սարգսյանը հայտարարել է հեղափոխության մասին, որպես հանրային քննարկման թեմա: Ինչպիսի՞ ընթացք կունենան այդ քննարկումները, ինչպիսի տեղ կունենան դրանք քաղաքական օրակարգում: Միեւնույն ժամանակ, հարց է նաեւ, թե զուտ իշխանության օրակարգում ինչպիսին են դրանք, որքան է դրանց տնտեսական հիմնավորվածության աստիճանը, քանի որ առաջարկվող հեղափոխությունն ունի գին:

Տվյալ պարագայում անհրաժեշտ են տնտեսական շոշափելի ռեսուրսներ: Ինչպե՞ս են գոյանալու դրանք՝ տնտեսական վիճակի փոփոխությա՞ն շնորհիվ, թե՞ կլինեն նոր նախաձեռնություններ «1000 դրամների» տեսքով, իսկ գուցե «1000 դրամների» նախաձեռնության շնորհիվ կկուտակվի պատկառելի կապիտալ, որը նախատեսվում է դարձնել փոփոխությունների տնտեսական հիմքը՝ հույսով ու ակնկալիքով, որ չի լինի այդ փողի բուն նպատակի անհրաժեշտություն:

Հարցերն անշուշտ շատ են, բայց հենց դրա համար էլ խոսքը վերաբերում է հանրային քննարկման դրվելիք առաջարկին, ոչ թե վճռին կամ որոշմանը:

Դրան զուգահեռ, անկասկած է նաեւ, որ այստեղ կա քաղաքական համատեքստը՝ ուզենք, թե ոչ: Այդ համատեքստը անխուսափելի է մի փուլում, երբ առկա է իշխանության ձեւավորման եւ առնվազն 2018-ի վարչապետի եւ կառավարության խնդրի հանգուցալուծման հարցը:

Վիգեն Սարգսյանն այդ գործում ամենեւին երկրորդական ֆիգուր չէ, այլ նույնիսկ թերեւս հավակնորդներից մեկը: Ըստ այդմ, առաջանում են նաեւ հարցեր, կապված այդ համատեքստի հետ: Վիգեն Սարգսյանի համար որքանո՞վ է դիտարկված իսկապես դրական իմաստով հեղափոխական արդյունք ենթադրող առաջարկների այսպես ասած քաղաքական էֆեկտը հնարավոր սցենարների, ներիշխանական մրցակցության համատեքստում: Որքանո՞վ է այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի ծրագրերում:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, թե առաջարկների հանդեպ ինչ քաղաքական հաշվարկներով են դիրքավորվելու քաղաքական այլ ուժեր, եւ առավել եւս իշխանության համակարգում 2018-ի գործընթացի հանգուցալուծմանն այս կամ այն կարգի շահառությամբ առնչվող այլ թեւեր ու բեւեռներ:

Ամենաընթերցվածը