Վտանգավոր նախադեպ Բաքվի եւ Անկարայի համար

    • Մեկնաբանություն - 19 Ապրիլի 2017, 19:39
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աբխազիա կատարած այցի ընթացքում ապրիլի 18-ին հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում ռուսական ապրանքների Աբխազիայի տարածքով տարանցման խնդիր: Լավրովը, պատասխանելով աբխազական երկաթուղով Հայաստան եւ Վրաստան տարանցում իրականացնելու մասին հարցին, ասել է, որ Աբխազիայի իշխանության հետ հանդիպմանը շոշափվել է այդ հարցը:

Լավրովն ասել է, թե ռուսական կողմը չի տեսնում որեւէ խնդիր, եւ դրա համար կա նույնիսկ իրավական հիմք՝ Ռուսաստանի եւ Առեւտրի Համաշխարհային կազմակերպության միջեւ 2011 թվականին կնքված համաձայնագիրը: Լավրովն ասել է, որ Հայաստան տարանցման հարցում գիտե հայ գործընկերների շահագրգռությունը, Աբխազիայի իշխանությունն էլ չունի խնդիր, հարցն արդեն այլ երկրներում է, ուր կարող է հասնել տարանցումը:

Խոսքն իհարկե Վրաստանի մասին է, առանց որի հավանության աբխազական երկաթուղու գործարկում հնարավոր չէ: Թե ինչն է Վրաստանի դեպքում խնդիրը՝ պարզ է: Վրաստանն Աբխազիան համարում է օկուպացված տարածք, չի ճանաչում Աբխազիան, հետեւաբար նաեւ չի ընդունում այդ սուբյեկտի հետ իրավական հարաբերության որեւէ նախաձեռնություն:

Իսկ աբխազական ճանապարհը կարող է վերականգնվել միայն իրավական հարաբերության պայմաններում: Դա կնշանակի, որ Վրաստանը ճանաչում է Աբխազիան: Կարելի է պատկերացնել, թե այդպիսի որոշման քննարկումն անգամ ինչպիսի ուժգին հակազդեցություն կառաջացնի Վրաստանում: Դա հնարավոր է պատկերացնել, դատելով նույնիսկ Գազպրոմի հետ բանակցության վերաբերյալ ընդդիմության արձագանքից:

Մյուս կողմից, Վրաստանն ու Ռուսաստանը 2011 թվականից բանակցում են այսպես կոչված առեւտրային միջանցքի շուրջ, որը ենթադրում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների բացում: Մի քանի ամիս առաջ կողմերը հայտարարեցին, որ այդ բանակցությանը կա առաջընթաց, եւ նույնիսկ խոսվում էր շվեյցարական մի ընկերության միջոցով մոնիտորինգ իրականացնելու մասին:

Խոսքն այն մասին է, որ քաղաքական խնդիրները շրջանցելով, Աբխազիայի եւ Օսիայի տարածքով կլինի տնտեսական գործակցություն՝ տրանսպորտային ուղիները գործարկելու տեսքով: Տեղեկություն կար, որ քաղաքական տարաձայնությունները շրջանցելու համար ենթադրվում է, որ բեռները սահմանային հսկողություն կանցնեն ոչ թե աբխազ-վրացական կամ օս-վրացական, այլ Ռուսաստանի սահմանին:

Այդ մասին հայտարարություններից կարճ ժամանակ անց եղավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան, որտեղ հայ համայնքի հետ հանդիպմանը նա հայտարարեց, թե իրատեսական է Վերին Լարսի անկայուն ճանապարհին այլընտրանքի ձեւավորումը:

Սակայն, դրանից հետո որպես կոնկրետ ձեռքբերում մատնանշվել է միայն լաստանավային հաղորդակցությունը եւ դրա համար գնի նվազեցումը, որ արել է Ռուսական երկաթուղիներ ընկերությունը: Ցամաքային այլընտրանքի մասին կոնկրետ խոսք դեռեւս չկա:

Թեեւ Լավրովը հայտարարում է, թե Աբխազիան եւ Ռուսաստանը չեն տեսնում խնդիր, այդուհանդերձ հարց է առաջանում, թե դրանով հանդերձ նրանք իրապես որքանով են փոխզիջումային իրենց դիրքորոշումներում, այդպիսով վրացական կողմին անընդունելի փաստի առաջ չդնելու համար: Ի վերջո, թե Մոսկվայի, թե Աբխազիայի համար դյուրին է ասել, թե իրենք խնդիր չեն տեսնում, բայց միաժամանակ պահանջել, որ Վրաստանը ճանաչի քաղաքական իրողությունն այսպես ասած իրավականորեն: Վրաստանը դա չի ճանաչի եւ կստացվի, որ տարանցման ուղիների գործարկման խնդիրը Վրաստանն է, մինչդեռ իրականում այդպես չէ, եւ հավասարապես նաեւ Ռուսաստանն է ու Աբխազիան:

Ամբողջ հարցը թերեւս այն է նաեւ, թե տարանցման վերականգնումը որքանով է անհրաժեշտ Ռուսաստանին, Վրաստանին, նաեւ Աբխազիային: Արդյոք դրա տնտեսական շահը մեծ է նրանց համար, որը հիմք կտա մի կողմ դնել քաղաքական անհամաձայնություններն ու հակադրությունը:

Մյուս կողմից, տնտեսական գործակցությունը կարող է լինել քաղաքական խնդիրների կարգավորման մեխանիզմ, եւ այդ իմաստով դրա պահանջարկը կարող է լինել նաեւ տվյալ տեսանկյունից, թեեւ իրավիճակը իսկապես շատ բարդ է:

Այդուհանդերձ հստակ է նաեւ, որ եթե կա իրավիճակի հանգուցալուծման, խաղաղ, կայուն, անվտանգ առաջընթացի որեւէ տարբերակ, ապա դա կարող է լինել միայն ու միայն տնտեսականը եւ միայն դրա հիմքով է հնարավոր գալ որոշակի ընդհանուր հայտարարի: Առավել եւս, որ ինչքան էլ Վրաստանի համար, վրացական հասարակության մի զգալի մասի համար անընդունելի լինի, այդուհանդերձ անիրապաշտական է պատկերացնել, թե Վրաստանը երբեւէ ունակ կլինի այսպես ասած իր կենտրոնական ազդեցության տակ բերել Աբխազիան եւ Օսիան: Դա հնարավոր է անել միայն ռազմական ուժով, ինչը Վրաստանն առաջիկայում չի կարող ունենալ:

Փոխարենը Վրաստանը կարող է շատ ավելիին հասնել տնտեսական մեխանիզմների հաստատման դեպքում: Ընդ որում, չի բացառվում, որ պաշտոնական Թբիլիսին լավ է պատկերացնում այդ հանգամանքը, պարզապես հստակ է նաեւ, որ դա բախվելու է ներքին քաղաքական դիմադրության, առավել եւս, որ այդ դիմադրությամբ շահագրգռված կլինեն Բաքուն եւ Անկարան, որոնք այդ տարանցիկ մեխանիզմների գործարկման դեպքում զգալիորեն կկորցնեն տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը Վրաստանի վրա:

Իսկ առանցքային հանգամանքը Անկարայի եւ Բաքվի համար այն է, որ դրանով կարող է ստեղծվել իրենց համար վտանգավոր նախադեպ նաեւ՝ երբ քաղաքական կամ ռազմա-քաղաքական նոր իրավիճակի մեխանիզմ է դիտարկվում տնտեսական գործընթացը:

Մի բան, որի հարցում գործնականում կա համաձայնություն Իրանի, Հայաստանի, Վրաստանի մասով, դա կողջունի նաեւ Արեւմուտքը, բավական մեծ է նաեւ Ռուսաստանին այդ մասով գործակցության դաշտ բերելը, քանի որ Մոսկվան էլ կակնկալի այդ մեխանիզմով որոշակիորեն իր ուսից ցած գցել Աբխազիայի եւ Օսիայի հանդեպ իր ոչ լեգիտիմ քաղաքականության ծանրությունը: Դա իհարկե բավական բարդ եւ աշխատատար, գուցե հեռու գործընթաց է, որի ուղղությամբ ջանքի առավել աշխուժացումը կարծես թե նկատելի է:

Բաքուն եւ Անկարան Հայաստանի հանդեպ իրենց արգելակման եւ տորպեդահարման քաղաքականությամբ կարող են այդպիսով հայտնվել լուսանցքում, հետեւաբար աներկբա է, որ կփորձեն գործադրել հնարավոր բոլոր ջանքերը տնտեսական գործակցությամբ ռազմա-քաղաքական նոր իրավիճակի ձեւավորման նախադեպ թույլ չտալու համար:

Ամենաընթերցվածը