Սերժ եւ Վիգեն Սարգսյանների գլխավոր մոտիվը

    • Մեկնաբանություն - 19 Ապրիլի 2017, 14:23
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարարությունը կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպում է Ազգ-բանակ 2017 խորագրով համաժողովը: Ազգ-բանակ հայեցակարգը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրա առաջ քաշածն է, որի կապակցությամբ տրվել են ընդհանուր ձեւակերպումներ, բացատրվել է իմաստը, հայտնվել են բացօթյա խոշոր վահանակներ, հեռուստատեսային հոլովակներ:

Առայսօր սակայն չկա թերեւս ամենակարեւորը՝ իշխող «էլիտայի» համապատասխանեցումը ազգ-բանակ հայեցակարգին: Այսինքն, բավական աշխատանք կատարվել է հայեցակարգի փաթեթավորման ուղղությամբ, իսկ ահա բովանդակության մասով ամեն ինչ դեռեւս դատարկ է:

Կլցնի՞ որեւէ բան համաժողովը: Հազիվ թե, որովհետեւ համաժողովները չէ, որ լցնելու են ազգ-բանակ հայեցակարգը: Կարեւոր այդ հայեցակարգն իր գործունեությամբ պետք է լցնի տվյալ պետության կառավարող էլիտան: Հայաստանի կառավարող էլիտան գոնե մինչ այժմ արել է ամեն ինչ քվեատուփերը ՀՀԿ-ի թիվ 6 քվեաթերթիկով լցնելու համար:

Ազգ-բանակ հայեցակարգը Հայաստանի պետականության խնդիրներին, մարտահրավերներին, ռազմավարական հեռանկարներին համարժեք հայեցակարգ է: Այն չի ընկալվում միարժեք: Շատերը ազգ-բանակ հայեցակարգը պատկերացնում են հանրության, պետության ռազմականացման համատեքստում: Հազիվ թե այդ պատկերացումը համարժեք է հայեցակարգին: Բանն այն է, որ պատերազմի ուղեկցությամբ ձեւավորված եւ փաստացի չավարտված պատերազմի պայմաններում գործող պետության «ռազմականացումը» գործնականում անխուսափելի երեւույթ է:

Ամբողջ խնդիրն այն է, որպեսզի ձեւավորվեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ռազմականացվածության այդ բնական վիճակը չդարձնել պետության «քաղաքացիականացված» զարգացման խոչընդոտ, արգելակ:

Ազգ-բանակ հայեցակարգը կարող է լինել այդ մեխանիզմը, ռազմականացվածության կառավարման եւ այսպես ասած «քաղաքացիական զարգացման ճանապարհի» տրանսֆորմացման մեխանիզմը, որի համար շատ կարեւոր է պատերազմող պետության մեջ պատերազմի եւ խաղաղության գաղափարախոսական իմաստավորումը: Գաղափարախոսականը հաճախ թյուրիմացաբար նույնականացվում է ռազմա-հայրենասիրական զգայականության հետ:

Այստեղ է թերեւս առանցքաին խնդիրներից մեկը՝ մինչ այժմ Հայաստանում թյուրիմացաբար, կամ գիտակցաբար՝ խմբակային, կուսակցական, իշխանական շահից բխող դիտավորությամբ իրավիճակի նենգափոխումն է, պատերազմող պետության մարտավարական եւ ռազմավարական շրջանակի գաղափարախոսական իմաստավորման փոխարեն «ռազմա-հայրենասիրական» հնչյունավորումը:

Բանն այն է, որ առաջինը ենթադրում է պետության, պետականության մշակույթ, երկրորդը՝ հակառակը, այդ մշակույթի եւ մտածողության մեջ հակադրության մեջ է եւ իր տեղն ապահովելու համար պետք է դուրս մղի այդ մտածողության եւ մշակույթի քիչ թե շատ հիմնարար ցանկացած դրսեւորում:

Ի՞նչ է անելու ազգ-բանակ հայեցակարգը, կամ դրա նախաձեռնող իշխանությունը: Շրջելու՞ է նենգափոխված իրականությունն ու ռազմա-հայրենասիրական հնչյունավորման փոխարեն տալու՞ է պատերազմի ու խաղաղության գաղափարախոսական իմաստավորումը, այլ կերպ ասած՝ պետական բովանդակությունը, թե ոչ:

Այդ հարցի պատասխանը դեռեւս չկա: Դա կախված է այն բանից, թե որն է մոտիվացիան, որ դրված է ազգ-բանակի առաջքաշման հիմքում:

Ամենաընթերցվածը