Սերժ Սարգսյանի կոշտ ակնարկը միջազգային հանրությանը

    • Մեկնաբանություն - 19 Ապրիլի 2017, 12:57
Ապրիլի 18-ին Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների Հայաստանում աշխատող դեսպաններին: Հանդիպմանը Սարգսյանը քննարկել է խորհրդարանի անցած ընտրությունը, անելով ուշագրավ ակնարկներ:

Նախ, Սարգսյանը հիշել է, որ այդ ձեւաչափով հանդիպում ունեցել են մեկ տարի առաջ՝ ապրիլի պատերազմի օրերին: Սարգսյանն այդ առումով ասել է, թե ապրիլի պատերազմը պետք է դաս լինի ոչ միայն Ադրբեջանի համար, այլ բոլորի. «որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին»:

Սերժ Սարգսյանը ձեւակերպումների նուրբ, բայց դիվանագիտական բովանդակության բավական կոշտ տոն է կիրառում ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը, փաստացի ակնարկելով, որ ապրիլի պատերազմում հայկական զինված ուժերը ոչ միայն Ադրբեջանին են տվել դաս, այլ նաեւ ԵԱՀԿ անդամ պետություններին՝ գոնե ինչ որ մասին:

Ի՞նչն է Սարգսյանին տվել այդ կոշտության հնարավորությունը: Արդյոք խորհրդարանի ընտրության կազմակերպումը, մասնավորապես «անաղմուկ ընտրության» կազմակերպումը, որի շնորհիվ Սերժ Սարգսյանը իր համար ձեւավորել է այսպես ասած միջազգային հանրության հետ, համենայն դեպս ԵԱՀԿ ֆորմատի առաջ, առավել կոշտ խոսելու եւ «դաս տալու» հիմք:

Խորհրդարանի ընտրությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը գնահատել է բավական դրական տոնով: Իհարկե, հիշատակել են ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի վերաբերյալ «արժանահավատ տեղեկությունները», բայց միաժամանակ նշել են նաեւ առաջընթացը, նախկինում արձանագրվող մի շարք անօրինականությունների չլինելը եւ այլն: Ինքնին հասկանալի է, որ ԵԱՀԿ դիտորդական գնահատականի խորքում մեծ քաղաքականությունն է, նաեւ որոշակի ռացիոնալությունը՝ Հայաստանի իշխանության հետ աշխատանքի ուղիները չփակելու իմաստով, քանի որ փակելու դեպքում հազիվ թե լինի որեւէ ավելի արդյունավետ զարգացում:

Ի վերջո, իրական քաղաքականության համատեքստում բոլորն են հասկանում, որ չէր կարող խոսք լինել ընտրական գործընթացի արմատական բեկման եւ փոփոխության մասին, եթե գործ ունենք այդ գործընթացի նույն կազմակերպիչների հետ եւ նրանց մոտ առկա մոտիվացիոն նույն հիմքերի հետ: Միջազգային հանրությունն առավել քան լավ է հասկանում այդ ամենը:

Ահա այդ իմաստով, իրական քաղաքականության այդ ռեժիմում Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը նրանց փաստացի ասում է, թե արել է այն, ինչ պայմանավորվել էին եւ ինչի վերաբերյալ ստանձնել էր հանձնառություն:

«Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը»,ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքի տոնայնությունից տպավորություն է, որ տողատակում նա ակնարկում է այն մասին, թե ինքը իր հանձնառությունը կատարել է, հետեւաբար ժամանակն է, որ միջազգային հանրությունն էլ կատարի իր հանձնառությունը:

Հազիվ թե Սարգսյանը գնար այդպիսի հանձնառությունների, դրա դիմաց չունենալով պատասխան հանձնառություններ: Որո՞նք են եղել այդ «պատասխան հանձնառությունները»՝ Հայաստանին ցուցաբերվելիք ֆինանսական օժանդակության ծավալների կտրուկ ավելացու՞մը, թե՞ Հայաստանի անվտանգության գործում (ներառյալ Արցախը) աջակցության կտրուկ ավելացումը, ինչի համար գուցե Սարգսյանը հանդիպման սկզբում նաեւ հիշեցրել է ապրիլի պատերազմն ու դասերը:

Թե՞ «պատասխան հանձնառությունը» վերաբերել է Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերին՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, որոնց մասով նա փաստացի չի բացառել որեւէ տարբերակ, ամեն ինչ պայմանավորելով հենց ընտրության արդյունքով, որում անկասկած առանցքային նշանակություն ունեցել է ոչ միայն ՀՀԿ համար ցուցանիշ ստանալը, այլ այդ ստացած ցուցանիշը միջազգային հանրության հետ պայմանավորված շրջանակում ստանալը:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ խորհրդարանի ընտրության առաջընթացի իր թվարկած երեք հանգամանքների շարքում  Սարգսյանը մատնանշում է «քաղաքական ուժերի միջեւ համաձայնության կայացումը», չմանրամասնելով իհարկե, թե հատկապես ուր ուժերի եւ ինչ համաձայնության մասին է խոսքը, որովհետեւ կարծես թե որեւէ հարցում չի եղել հրապարակային համընդհանուր համաձայնություն: Թեեւ ընտրության մասնակցությունն ու հետընտրական հրապարակային զարգացումների բացակայությունը ինքնին որոշակի համաձայնություն է: Այդուհանդերձ, արդյոք խոսքը միջազգային հանրության հետ Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունների հետ քաղաքական ուժերի համաձայնության մասին է:

Ամենաընթերցվածը