Իրան-Հայաստան-Վրաստան Վեհաժողովի հեռանկարը Երեւանում

    • Մեկնաբանություն - 19 Ապրիլի 2017, 11:58
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը Վրաստանում ասել է, որ պետք է ստեղծել Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային միջանցք, որում Վրաստանից ու Իրանից բացի պետք է դեր ու մասնակցություն ունենան Հայաստանն ու Ադրբեջանը:

Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի հարցը Թեհրանը տարածաշրջանի քաղաքական օրակարգ է բերել միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ բանակցության հաջող ավարտից եւ պատժամիջոցների չեղարկումից հետո: Դրանից հետո Իրանը աշխույժ աշխատել է Ադրբեջանի հետ գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ: Ներկայում քայլեր են կատարվում Ադրբեջանի հետ երկաթուղային կապի հաստատման ուղղությամբ, նաեւ ձեւավորվել է Թեհրան-Բաքու-Մոսկվա ֆորմատը, որի վեհաժողովը նախորդ տարի տեղի ունեցավ Ադրբեջանի մայրաքաղաքում:

Միաժամանակ, Իրանը նկատելիորեն փորձում է ձեւավորել այդ ուղղության այլընտրանքը, այսպես ասած դիվերսիֆիկացիան, որի տարբերակը Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունն է: Այստեղ սակայն իրադարձությունները զարգանում են բավական դանդաղ, ինչի պատճառը թերեւս այն է, որ Հայաստանն իրանական ուղղությամբ իր քայլերը թե դե ֆակտո, թե դե յուրե պետք է համաձայնեցնի Մոսկվայի հետ՝ մի կողմից Ռուսաստանի քաղաքական մեծ ազդեցության, մյուս կողմից ԵՏՄ անդամակցության պատճառով: Բանն այն է, որ հայ-իրանական սահմանն այլեւս ԵՏՄ սահմանն է:

Ընդ որում, ԵՏՄ համար այդ սահմանը մի շարք առումներով անհետաքրքիր եւ ծայրամասային սահման է, որովհետեւ ԵՏՄ երկրների համար այն չի ներկայացնում տնտեսական եւ քաղաքական հետաքրքրություն, բացառությամբ Հայաստանի:

Հենց այդ պատճառով դանդաղում է Իրանի ու ԵՏՄ միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման գործընթացը: Օրերս Բիշքեկում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում այդ կազմակերպության տնտեսական հանձնաժողովի փոխնախագահը հայտարարեց, որ ԵՏՄ անդամներին չեն գոհացնում այդ գոտու վերաբերյալ Իրանի առաջարկները:

Հատկապես ինչի մասին է խոսքը, չի մանրամասնվում: Պարզ չէ նաեւ, թե արդյոք Իրանի առաջարկներից դժգոհ է նաեւ Հայաստանը: Հայաստանում միայն խոսում են Իրանի հետ ազատ առեւտրի գոտու, Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ձեւավորման մասին, սակայն ինչ կոնկրետ առաջընթաց կա այդ հարցում, պարզ չէ:

Հստակ է մի բան, որ Հայաստան-Վրաստան ուղղությունը Թեհրանի համար կարեւոր է ոչ միայն որպես ճանապարհ եւ ոչ միայն որպես այլընտրանք թուրքական կամ ադրբեջանական ճանապարհներին, այլ նաեւ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի առանցք՝ համակարգ, որն Իրանի համար առավել վստահելին ու նախընտրելին է:

Դրա մասին է վկայում նաեւ օրերս Թեհրանում այդ երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը: Հոսեին Դեհգանը հայտարարել էր, թե Իրանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը Արցախի խնդրում կվարեն այնպիսի քաղաքականություն, որ թույլ չեն տա երրորդ երկրների միջամտություն:

Դա բաց տեքստով ակնարկ է այն մասին, որ Իրանի համար անցանկալի է ներկայիս ստատուս-քվոյի փոփոխությունը, առավել եւս  ռազմական ճանապարհով, քանի որ այդ ամենի հիմքում լինելու է ստատուս-քվոյի գոտում այլ երկրների խաղաղապահների՝ մեծ հավանականությամբ ռուսական կամ եվրասիական խաղաղապահների տեղակայումը, ինչը Թեհրանի համար մերժելի է:

Այդ զարգացումը կանխարգելելու եւ բացառելու համար կարեւոր է, որպեսզի տարածաշրջանում տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական առումով զարգանա հայ-վրացական առանցքը, առնվազն հակակշռելով թուրք-ադրբեջանական տանդեմն ու տանդեմի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը:

Միեւնույն ժամանակ, Թեհրանն այդ հարցում նաեւ փորձում է շեշտը դնել տնտեսական գործիքների վրա, փորձելով դրանցով շահագրգռել նաեւ Ռուսաստանին ու Ադրբեջանին՝ տարածաշրջանում անկայունության եւ լարվածության գլխավոր շահառուներին, ձգտելով նրանց կառավարել տնտեսական նախաձեռնություններով:

Բայց դրանք կարող են արդյունավետ աշխատել, եթե Թեհրանը տնտեսական գործիքները արդյունավետ կիրառի նաեւ այսպես ասած հավասարակշռող այլընտրանքային ուղղությամբ՝ հայ-վրացական, դրանով իսկ մեծացնելով մյուս՝ Բաքու-Մոսկվա ուղղությամբ իր ճկունությունը: Այստեղ սակայն առաջանում է մեծ հարց՝ Հայաստանի ռուսական ազդեցության գոտի լինելու հարցը: Ռուսաստանը շահագրգռված չէ, որպեսզի Իրանի օգնությամբ տնտեսա-քաղաքական առումով ձեւավորվի եւ զարգանա Իրան-Հայաստան-Վրաստան առանցք:

Բայց այդ առանցքը Հայաստանի համար ռազմավարական անվտանգության հարց է եւ պահանջում է ինքնիշխան եւ նախաձեռնողական քաղաքականություն, որի շնորհիվ հնարավոր է ոչ միայն հաղթահարել ռուսական ռազմավարական հակազդեցությունը, այլ նաեւ նոր իրավիճակ ստեղծելով «կամավոր-պարտադիր» սկզբունքով ներգրավել Մոսկվային, բայց արդեն նոր առանցքի օրակարգով:

Ըստ այդմ, օրակարգում այժմ առնվազն պետք է լինի Երեւանում Իրան-Հայաստան-Վրաստան Վեհաժողովի կազմակերպումը:

Ամենաընթերցվածը