Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը

    • Մեկնաբանություն - 15 Ապրիլի 2017, 12:48
Ապրիլի 14-ին Բիշեքում ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովից հետո հայտարարվեց, որ մայիսի 2-ից այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

Այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը անցնելու է ռոտացիոն կարգի եւ առաջինն այն զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը՝ ըստ այբբենական կարգի, հայտարարվեց դեռեւս 2015 թվականին:

Սակայն այդ ժամանակից ի վեր հարցը մի քանի անգամ հետաձգվել է: Ասվում էր, թե դրա պատճառը այն է, որ չկա կոնսենսուս, թեեւ պարզ չէ, թե այդ դեպքում ինչպես է եղել կոնսենսուս ռոտացիոն կարգի անցնելու հարցում:

Հայաստանի ներկայացուցչի նշանակման ձգձգումը այդպես էլ չի արժանացել հանգամանալից բացատրության, բայց մի քանի անգամ հետաձգվելուց հետո, 2017-ի ապրիլին հարցն ի վերջո ստացավ լուծում:

Բայց, հարցն այդուհանդերձ մնաց, պարզապես փոփոխված շեշտով կամ հարցականի փոփոխված տեղով՝ Հայաստա՞նը ստանձնեց Գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Հազիվ թե: Ընդ որում, մի քանի պատճառով կամ փաստարկի հիմքով: Նախ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեծ հաշվով համակարգողի պաշտոն է, նշանակովի պաշտոն, որը ՀԱՊԿ ռազմավարության, քաղաքականության, առավել եւս անդամ պետությունների վարքի եւ քաղաքականության վրա չունի որոշիչ ազդեցություն:

Ի դեպ, դրա վկայությունն է ԵՏՄ-ն, որտեղ նույնպես գլխավոր քարտուղարը՝ այս դեպքում տնտեսական հանձնաժողովի նախագահը Հայաստանի ներկայացուցիչն է, բայց դա որեւէ կերպ չի նպաստել ԵՏՄ թե ընդհանուր բնույթի, թե առանձին անդամների վարքագծի որեւէ փոփոխությանը եւ դրանում Հայաստանի շահի հանդեպ հարգանքի ավելացմանը:

Այդ իմաստով, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը Հայաստանի համար ռազմա-քաղաքական հնարավորություն չէ, եւ այդ մասով պետք չէ պատրանք ունենալ եւ ընկնել ինքնախաբեության մեջ: Դրանով ՀԱՊԿ-ը չի դառնում Հայաստանի իրական դաշնակից ավելի, քան կա մինչ այժմ:

Մյուս հանգամանքն այն է, թե արդյոք գեներալ Խաչատուրովը դե յուրե Հայաստանի ներկայացուցիչը լինելով, Հայաստանի ներկայացուցիչն է նաեւ դե ֆակտո: Նա Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի երկարամյա պետն էր: Նրա գործունեության ընթացքում տեղի են ունեցել նրա անվան հետ կապված թե ներբանակային, թե ներիշխանական տարբեր պատմություններ: Ամենից հայտնիներից էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ նրա դիմակայությունը, որը փաստացի զինված ուժերի համակարգի բարեփոխման եւ «ռազմական օլիգարխիայի» դիմակայությունն էր: Ընդ որում, ուշագրավ էր, որ զբաղեցնելով զինուժի կառավարման առանցքային պաշտոնը, Խաչատուրովին հաջողվում էր միշտ խուսանավել դրանում տեղի ունեցող տարբեր խնդրահարույց եւ ողբերգական երեւույթների համար հրապարակային պատասխանատվությունից:

Խաչատուրովն առանձնակի «դերակատարում» ունեցավ ապրիլի պատերազմին, բավական հակասական եւ խորհրդավոր դերակատարում: Ի վերջո, ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցադրումներ եղան ում ասես, բայց զարմանալիորեն այդ հարցադրումների շատ քիչ մասն ուղղվեց առանցքային դեմքերից մեկին՝ ԶՈՒ ԳՇ պետին:

Միեւնույն ժամանակ, այդ պատերազմից հետո որոշակիորեն «մերկացավ» զինուժի կառավարման գործընթացը, որտեղ ի հայտ եկան մի շարք կուլիսային պատմություններ, այդ թվում Խաչատուրովի գործունեության անարդյունավետության հետ կապված, որոնք հարց են առաջացնում՝ Խաչատուրովը ծառայում էր Հայաստանի՞, թե Ռուսաստանի զինված ուժերին ու ռազմա-քաղաքական շահերին: Առավել եւս, ինչպես պատմում են զինվորականները, նա ինքզինքը համարում էր ռուս գեներալ:

«Ռուս գեներալի» տեղը Ռուսաստանն է, եւ այդ իմաստով Յուրի Խաչատուրովը գտավ իր տեղը: Բայց դա  Հայաստանի տեղը չէ: Հայաստանը խոշոր հաշվով չունի էլ այդ տեղի կարիքը, որովհետեւ դա չի տալիս գործնականում ոչինչ: Ավելին, մեծ հարց է, թե արդյոք այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի առկայությունը չի կաշկանդելու ՀԱՊԿ ոչ դաշնակցային պահվածքի վերաբերյալ Հայաստանից հնչող ընդդիմախոսությունը, երբ Երեւանի քննադատությանը պարզապես մատնացույց կանեն Գլխավոր քարտուղարին: Արդյոք Հայաստանին այդ պաշտոնը չեն տվել Հայաստանից ազատվելու համար:

Ընդ որում, Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ կարծես թե փորձում էր օգտագործել ՀԱՊԿ անդամների միջեւ հակասությունները ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը չստանձնելու համար: Նկատելի էր, որ Երեւանն այդ հարցում ամենեւին նախանձախնդիր չէ: Ի վերջո, Հայաստանի համար միանգամայն անպատեհ էր գլխավորել մի կառույց, որը Մոսկվան առաջին իսկ հարմար եւ անհարմար առիթով փորձում է հակադրել ՆԱՏՕ-ին:

Պարզապես տարօրինակ կլիներ իհարկե հրապարակավ հրաժարվել Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու նախաձեռնությունից:

Այդուհանդերձ, հակասությունների շնորհիվ երկար խուսանավել չստացվեց, եւ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին որոշեց, որ եթե «դաշնակիցներն» ազատվում են «իրենից», ապա ինքն էլ Հայաստանի անվտանգության եւ ներիշխանական համակարգում գոնե կազատվի Խաչատուրովից:

Ամենաընթերցվածը