Խառնաշփոթ ՀՀԿ-ում. Սերժ Սարգսյանը բոնուս է ստացել

    • Մեկնաբանություն - 14 Ապրիլի 2017, 14:31
Հանրության շրջանում լայն արձագանք է ստացել նախօրեին հրապարակված ձայնագրությունը Սաս գրուպի աշխատակիցների նախընտրական ժողովից, որի ընթացքում խոսք է գնում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար ձայներ ապահովելու մասին, հնչում են թե խրախուսական, թե նաեւ որոշակի սպառնալիք պարունակող խոսքեր, կապված աշխատանքից հեռացնելու հետ:

Ձայնագրությունն ինքնին չի պարունակում հանրության համար անսպասելի բովանդակություն: Հանրության համար զարմանալի չէ ձայն ստանալու այդ ձեւը: Իսկ ուրիշ էլ ի՞նչ նպատակով է ՀՀԿ-ն բավական բարդ եւ խուճուճ Ընտրական օրենսգրքով նախատեսել այսպես կոչված ռեյտինգային քվեարկությունը: Իսկ ուրիշ ի՞նչ տարբերակով Սերժ Սարգսյանը պետք է  խորհրդարանական կառավարման մոդել թեւակոխեր միանձնյա մեծամասնությամբ, իշխանության հետագա խնդիրները լուծելու համար:

Ձայնագրության հրապարակման առումով ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ ինչու՞ այն չի հրապարակվել նախընտրական շրջանում, այլ հիմա:

Կան խոսակցություններ, որ ձայնագրության հետ առնչություն կարող է ունենալ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի փեսան՝ Արթուր Գեւորգյանը ռեյտինգային թեկնածու էր հենց այն ընտրատարածքում, որտեղ թեկնածու էր Սասի Արտակը: Գասպարյանի փեսան չէր անցել խորհրդարան եւ ըստ խոսակցությունների, ներկայում ձայնագրությամբ պարզապես «վրեժ» է լուծում Արտակ Սարգսյանից:

Վովա Գասպարյանը Հայաստանի իշխող համակարգի ամենափորձառու ներկայացուցիչներից է եւ ներկայիս խիստ պատասխանատու շրջանում նա հազիվ թե գնար այդպիսի «արկածախնդիր ինքնագործունեության» եւ անաղմուկ ընտրության Սերժ Սարգսյանի ձեռքբերման պայմանում դառնար ավելորդ աղմուկի առարկա:

Հետեւաբար, եթե անգամ Գասպարյանը, կամ իրավապահ համակարգի որեւէ այլ կառույց, բարձրաստիճան պաշտոնյա առնչություն ունի ձայնագրության հետ, ապա այդ առնչությունը չէր կարող լինել եւ որեւէ ընթացք ունենալ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցման:

Եթե խոսքն այն մասին չէ, որ աշխատակիցները պարզապես ձայնագրել են ու հրապարակել, թեեւ հենց այդ պարագայում է հարցն ուշագրավ՝ թե ինչու՞ ոչ նախընտրական շրջանում, այլ հիմա, երբ ամեն ինչ արդեն անցել է:

Բանն այն է, որ հիմա բավական յուրահատուկ իրավիճակ է: Ընտրությունը անցել է, սակայն իշխանություն չի ձեւավորվել: Իշխանությունը նոր պետք է ձեւավորվի, արդեն ՀՀԿ ներսում, եւ արդեն «բնական ընտրության» ճանապարհով:

Խորհրդարանի ընտրության քվեարկությամբ ձեւավորված մեծամասնությունը դեռ պետք է անցնի ներքին խմորումների միջով: Առկա է նոր տրամաբանություն: Իշխանության մեջ գնում է այսպես ասած օդիոզ դեմքերի կամ քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների դերակատարման նվազում: Բայց, մյուս կողմից, ՀՀԿ ընտրական արդյունքի հարցում ահռելի, եթե ոչ 100 տոկոս դեր ունեցել են հենց նրանք:

Սերժ Սարգսյանը միանգամից չի կարող եւ չի էլ ուզում ազատվել նրանցից, քանի որ այդ շերտը դեռ կարող է պետք գալ թե 2018-ի, թե ընդհանրապես առաջիկա հնգամյակի համար՝ նվազագույնը, որովհետեւ դեռեւս մեծ հարց է, թե արդյոք 2022-ին իշխանությունը կարող է վերարտադրվել առանց այդ շերտի:

Ստացվում է հակասական պատկեր՝ «անաղմուկ» ընտրությամբ Սերժ Սարգսյանը կարծես թե կարողանում է դուրս գալ ներիշխանական ուժեղ դիրք, հետեւաբար նաեւ ավելի ուժեղ լինել քրեա-օլիգարխիկ սեգմենտի հանդեպ, որը իշխանությունից հանրության դժգոհության հիմնական տարրն է: Մյուս կողմից սակայն, այդ «անաղմուկ ընտրությունը» հենց այդ սեգմենտի աշխատանքի շնորհիվ է, ինչը նշանակում է, որ հենց նրանք են Սերժ Սարգսյանի հանդեպ դուրս գալիս ավելի «ուժեղ դիրք»:

Այդ իրավիճակում Սարգսյանին կարող են փրկել միայն «բոնուսները», որը տվյալ դեպքում կարող են լինել համանման ձայնագրությունները՝ որպես ազդեցության լծակ: Հայաստանն անկախ իրավապահ եւ արդարադատական համակարգ չունի, որոնք անմիրջապես հետամուտ կլինեն այդօրինակ փաստերին եւ կփորձեն անաչառ ու հանգամանալից քննությամբ հասկանալ, թե արդյոք կա օրենքի խախտում եւ քրեական հանցանք:

Հայաստանյան համակարգը սահմանադրական կարգի վրա չէ, այլ տնտեսա-քրեական պայմանավորվածությունների, որոնց համատեքստում Սահմանադրությունն ու օրենքն ընդամենը ըստ անհրաժեշտության կիրառվող լծակ են, որ կգործադրի իշխանությունը հարկ եղած դեպքում հարկ եղած սուբյեկտի դեմ:

Մնում է հասկանալ, Սարգսյանին բոնուս նվիրել է ճակատագի՞րը, թե՞ իրավապահ համակարգը:

Ամենաընթերցվածը