Սերժ Սարգսյանը բացում է ռազմա-քաղաքական թեւերը

    • Մեկնաբանություն - 12 Ապրիլի 2017, 22:59
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ճիշտ է Արտակ Զաքարյանին եւ Արտակ Դավթյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ տեղեկությունը: Շարմազանովը ասել է, թե չեն շնորհավորում կուսակիցներին, քանի որ դեռ չկա պաշտոնական հրամանը: Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը անցնող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են, որոնք կտեղափոխվեն գործադիր կառույց՝ պաշտպանության նախարարություն:

Դավթյանն ու Զաքարյանն իր գործունեությունն արդեն փաստացի ավարտած խորհրդարանում գլխավորում էին երկու հանձնաժողով՝ Դավթյանը կրթության ու գիտության հարցերի հանձնաժողովը, իսկ Զաքարյանը՝ արտաքին հարաբերությունների:

Պաշտպանության նախարարությունը կառավարման նոր մոդելի պայմաններում ստանում է առանձնահատուկ դերակատարում թե ներքին, թե արտաքին քաղաքականության իմաստով: Իհարկե, դեռեւս մեկ տարի փաստացի գործելու է հին մոդելը, այսինքն Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում լինելու է Գերագույն գլխավոր հրամանատար, բայց նրա պաշտոնաթողությունից եւ կառավարման խորհրդարանական մոդելի լիարժեք անցումից հետո՝ 2018 թվականի ապրիլից, Հայաստանում խաղաղ պայմաններում չի լինելու Գերագույն գլխավոր հրամանատար, եւ պաշտպանական ոլորտի փաստացի ղեկավար դառնում է պաշտպանության նախարարը:

Այդ պաշտոնում նշանակվել է Վիգեն Սարգսյանը, որը նախորդ տարի նոյեմբերին դարձավ կուսակցական: Ընդ որում, հատկանշական է, որ Սարգսյանը վարչապետ Կարապետյանից ավելի առաջ հայտարարեց, որ դառնում է ՀՀԿ անդամ: Արտակ Զաքարյանին եւ Արտակ Դավթյանին տեղափոխելով պաշտպանության նախարարություն՝ նախարարի տեղակալի կարգավիճակով, Սերժ Սարգսյանը փաստորեն պաշտպանության նախարարությունում ձեւավորում է յուրօրինակ կուսակցական թիմ՝ երիտասարդ թիմ, որը կլինի Սերժ Սարգսյանի թիմը:

Վիգեն Սարգսյանին նշանակելով պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության նշանակությունը: Վիգեն Սարգսյանին այդ հարցում ներկայում միանում է նաեւ Արտակ Զաքարյանը, որը հինգ տարի գլխավորել է խորհրդարանական դիվանագիտության հանձնաժողովը եւ այժմ այդ փորձով եւ պաշարով տեղափոխում է պաշտպանության նախարարություն:

Այդ ֆոնին ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունից մի քանի ամիս առաջ ԱԻՆ տեղափոխեց ՊՆ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին, որը մինչ այդ ՊՆ ռազմա-քաղաքական դիվանագիտության «ծանր հրետանին» էր:

Ինչու՞ Սարգսյանը տեղափոխեց Տոնոյանին: Չէ՞ր վստահում նրան, թե՞ պարզապես Վիգեն Սարգսյանը «կբարդույթավորվեր» նրա փորձառության կողքին:

Միեւնույն ժամանակ, Տոնոյանը փաստացի նշանակվել է ավելի բարձր պաշտոնի՝ նախարարի առաջին տեղակալից՝ նախարար: Իհարկե ոչ ՊՆ, այլ ԱԻՆ նախարար: ՊՆ-ԱԻՆ համեմատությունը տեղին չէ, անկասկած ԱԻՆ-ը չունի ՊՆ ռազմա-քաղաքական կշիռը, այդուհանդերձ այդ նախարարությունը եւս ուժային կառույց է եւ այդ առումով նաեւ հասկանալի է, որ այդ կառույցի ղեկին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր վստահելի եւ փորձառու պաշտոնյա:

Ընդ որում, ԱԻ նախարարի պաշտոնում նշանակումից հետո Դավիթ Տոնոյանը ծավալել է բավական նկատելի «դիվանագիտական» գործունեություն: Լրահոսում հաճախակիացել են նրա հանդիպումները միջազգային տարբեր կառույցների հետ, իսկ բոլորովին վերջերս էլ նախարարը հյուրընկալել էր Իրանի դեսպանին:

Գործնականում ԱԻՆ-ը իր «պրոֆիլային» նշանակությանը զուգահեռ դարձել է Սերժ Սարգսյանի «ռազմա-քաղաքական դիվանագիտության» երկրորդ թեւը: Ներքին շրջանակում Սարգսյանը փաստորեն ձեւավորում է ուժային երկու նախարարության երիտասարդ թիմ:

Փաստացի, գործադիր կառույցում ձեւավորվում է երկու թիմ՝ Սերժ Սարգսյանի ուժային թիմը եւ Կարեն Կարապետյանի տնտեսական բլոկի թիմը, կամ այլ կերպ ասած՝ «անվտանգության» եւ «առաջընթացի» թիմը: Ամբողջ հարցն այն է, թե ՀՀԿ նախընտրական կարգախոսը ենթարկվում է հետընտրական բաժանմա՞ն՝ «անվտանգությու՞ն, թե առաջընթաց» տարբերակով, թե՞ ոչ:

Այդ թիմերը կարող են միմյանց թե լրացնել, թե հակակշռել: Ամեն ինչ կախված է խնդիրներից ու շահերից, որով առաջնորդվելու են ղեկավարները: Հատկապես առանցքային է Սերժ Սարգսյանի դերը, քանի որ նա հեռացող նախագահ է եւ եթե այս կամ այն կերպ այդուհանդերձ ծրագրում է մնալ՝ լինի դա վարչապետի պաշտոնում, թե որեւէ այլ կարգավիճակով իշխանության վրա ազդեցությունը պահելու ձեւով, ապա կասկած չկա, որ Սարգսյանն անվտանգությամբ հարվածելու է առաջընթացին: Այդ մասին Սարգսյանը փաստացի հայտարարեց մարտի 25-ին Արցախում՝ ընդ որում այն բանից հետո, երբ մարտի 24-ին էլ Երեւանում Կարեն Կարապետյանը հայտարարեց ներդրումային գրոհի մասին՝ Հայաստանի ներդրողների ակումբի տեսքով:

Անվտանգության եւ առաջընթացի փոխլրացման տարբերակը կարող է աշխատել այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը գնա իշխանությունը հանձնելու ճանապարհով:

Ամենաընթերցվածը