Ալիեւը վախենում է Պուտինի դավաճանությունից

    • Մեկնաբանություն - 12 Ապրիլի 2017, 14:18
Մոսկվայում ապրիլի 12-ին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոննի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Դա նրանց առաջին հանդիպումը չէ, սակայն դե ֆակտո առաջին անգամ է, որ ԱՄՆ նոր պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարը պաշտոնապես հանդիպում են բանակցության համար: Ընդ որում, հանդիպում են բավականին թեժ մի ժամանակաշրջանում, երբ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները թեւակոխել են որոշակի նոր փուլ:

Հայտնի է, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք, որի համար ԱՄՆ մեղադրում է Ասադին, որին էլ սատարում է Ռուսաստանը: ԱՄՆ սիրիական հակամարտությունից ի վեր առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Ասադի զորքին: Ռուսաստանը բնականաբար դատապարտել է այդ հարվածը:

Թիլերսոնն ու Լավրովը հանդիպում են ահա այդ իրավիճակում եւ միջազգային այդ միջավայրում, երբ կոշտացել է Արեւմուտք-Ռուսաստան հռետորաբանությունը, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո գրեթե օդ թռչող ռուսական քարոզչությունը այժմ թիրախավորել է Թրամփին:

Իրավիճակն անկասկած միարժեք եւ միաշերտ չէ: Առաջին հայացքից հարվածելով Ասադին` ԱՄՆ հարվածում է Ռուսաստանին: Ռուսաստանը փաստորեն չի դիմակայել այդ հարվածին: Չի՞ կարողացել, թե՞ չի ցանկացել: Ընդ որում, եթե չի ցանկացել՝ չկարողանալու՞ պատճառով, թե՞ կարող էին լինել չցանկանալու այլ պատճառներ:

Շատերը համարում են, թե Թրամփը ներկայում փորձում է ցույց տալ, որ ամենեւին էլ Ռուսաստանի գործընկերը եւ հովանավորյալը, առավել եւս գործիքը չէ: Փորձագետների մի մասի գնահատմամբ, Թրամփը ձգտում է ազատվել Ռուսաստանի հետ իրեն կապող մեղադրանքներից:

Փորձում է, բայց ինչի՞ համար: Մյուս հարցն այն է, թե ի վերջո ներկայում գործ ունենք ԱՄՆ ռազմավարությա՞ն, թե ընդամենը Թրամփի այսպես ասած ռուսական բարդույթի հետ, երբ նա քայլեր է անում, միայն թե իրեն չկապեն Ռուսաստանի հետ, միայն թե ազատվի այդ հարվածներից: Իսկ ի՞նչ է անելու, եթե ազատվի: Թե՞ այդուհանդերձ խնդիրը ռուսական կապի մեադրանքները չեն, այլ պարզապես այն, որ Թրամփի ընտրությունը ոչ թե Ռուսաստանի հաղթանակն էր, այլ այսպես ասած «սպիտակ Ամերիկայի», այդ թվում ռազմական շրջանակների, ինչպես պնդում էին անհամեմատ ավելի քիչ թվով փորձագետներ:

Ռուսաստանը հայտնվել է հետաքրքիր իրավիճակում: Պուտինն իր համար անսպասելի հայտնվել էր «աշխարհակալի» դերում՝ կատակ բան չէ՝ ԱՄՆ նախագահ դարձնել իր համար ցանկալի անձի, երբ թվում էր, թե նա չունի ոչ մի շանս:

Օրինակ, հետաքրքիր իրավիճակ կարող է ստացվել Սիրիայի մասով: Ասենք, Ասադը հարցնում է Պուտինին՝ եթե Թրամփը ձեր հաղթանակն էր, ապա ստացվում է, որ իմ զորքին Թրամփի հասցրած հարվածն էլ ձե՞ր հարվածն է: Եթե ոչ, ապա ստացվում է, որ դուք ոչ թե «աշխարհակալ» եք, այլ ընդամենը «ինքնակոչ», որն այժմ հայտարարում է, թե պատրաստ է լինել Թրամփի շուրջ Արեւմեւտքի միավորման համար անհրաժեշտ «ընդհանուր թշնամին»:

Պուտինն այդ մասին հայտարարել էր նախօրեին, կարծես թե դատապարտվածության տոնայնությամբ, ակնկալելով, որ իրեն կվճարեն գոնե դրա գինը:

Մյուս կողմից, չի բացառվում, որ մոտ ապագայում շրջանառության մեջ կդրվի քարոզչական մի թեզ, ըստ որի Թրամփն ու Պուտինը միտումնավոր են ցուցադրաբար լարվում ու կռվում, որպեսզի «խաբեն» աշխարհը, այսպես ասած Թրամփի ալիբիի համար, որ «խորքում» ավելի անկաշկանդ առաջ տանեն իրենց գործը, որպեսզի Թրամփը «իրենով անի» Եվրոպան, իսկ հետո արդեն անի այն, ինչ Պուտինի հետ է ծրագրել կամ Պուտինն է ծրագրել:

Հայաստանի տեսանկյունից այդ ամենը կարեւոր է, հասկանալու համար՝ կա՞ անմիջապես Հայաստանին ու Արցախին սպառնացող ռիսկ: Գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան լարվածության նոր աճի՞, թե դրա առերեւույթ ֆոնին խորքային իմաստով որոշակի նոր պայմանավորվածությունների հետ, որոնք Ռուսաստանից կկորզի Թիլերսոնը Սիրիայում հասցված հարվածի ազդեցությամբ:

Այդ պայմանավորվածությունը որքանո՞վ կներառի Հարավային Կովկասը: Կովկասը կլինի՞ ներկայիս ռաունդի օրակարգի հարց, թե՞ Կովկասը չեն համարի հրատապ, եւ հետապրիլյան նոր ռազմա-քաղաքական իրավիճակի շուրջ փաստացի կոնսենսուսը կշարունակի պահպանվել:

Այդ ֆոնին ուշագրավ է ռուս հայտնի հաղորդավար Սոլովյովի այցը Բաքու: Նա Բաքվում հանդիպել է Ալիեւի հետ, իսկ հետո ռուսական Վեստի ԷՖ Էմ ռադիոկայանով ներկայացրել, թե որքան լավն է Ալիեւը, ու որքան դժգոհ է նա ամերիկացիներից, փոխարենը որքան վստահ, որ «Պուտինը չի դավաճանի»:

Հետաքրքիր է, ինչու՞ է Ալիեւն անհրաժեշտություն զգացել ռուսական պրոպագանդայի «գեներալներից» մեկի միջոցով Պուտինին փոխանցել իր այդ վստահությունը: Նա մտավախություն ունի, որ Պուտինը դավաճանու՞մ է:

Ալիեւը փորձում է ի դեմս Սոլովյովի «լոբբիստ» վարձել Ռուսաստանում: Ինչու՞ է առաջացել դրա անհրաժեշտությունը: Հազիվ թե Սոլովյովին Բաքու գործուղելու անհրաժեշտություն ունենար Կրեմլը: Այդպիսի անհրաժեշտության դեպքում Կրեմլը Բաքու գործուղելու այլ անձինք ունի: