Մեծ բլեֆ, թե մեծ դիմակայություն. Վարչապետն անցնում է գրոհի

    • Մեկնաբանություն - 12 Ապրիլի 2017, 10:19
Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում է լինելու կառավարության եւ Հայաստանի ներդրողների ակումբի միջեւ փոխըմբռնման հուշագրի հարցը, որով ակումբը պատրաստվում է մասնակցել կառավարության ռազմավարական ծրագրերին եւ սեփական ներդրումներով կիսել դրանց ռիսկը, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, դիվերսիֆիկացնել ներդրումները, կատալիզատոր դառնալ արտաքին նոր ներդրումների համար:

Փաստացի, Հայաստանի ներդրողների ակումբի եւ կառավարության հուշագիրը պայմանավորվածություն է Հայաստանում «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսության ստեղծման մասին:

Ներդրողների այդ ակումբի ստեղծման մասին հայտարարվեց մարտի վերջին, Երեւանում: Դրա մասին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ռուսաստանցի հայ միլիարդատեր, Տաշիր խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը:

Ներդրողների ակումբին մասնակցում է Ռուսաստանից մի քանի տասնյակ հայ գործարար, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Նրանք Կարեն Կարապետյանին ներդրումներով աջակցելու մասին հայտարարել են դեռեւս հունվարին, երբ Կարապետյանը առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա:

Ակումբի ստեղծման մասին հայտարարվեց նախընտրական արշավի վերջում, ինչն անկասկած ուներ քարոզչական նպատակ: Ուշագրավ էր, որ դրան ի պատասխան հնչեց Գագիկ Ծառուկյանի 15 միլիարդ դոլարի ներդրման մասին հայտարարությունը:

Աներկբա է, որ Հայաստանի տնտեսությունն ունի ներդրումների կարիք, եւ հատկապես դրանց կարիքն ունի նաեւ Կարեն Կարապետյանը, որովհետեւ միայն դրա շնորհիվ նա կարող է ունենալ արդյունավետություն, փոխել տնտեսական վիճակն ու հավակնել 2018-ին վարչապետի պաշտոնը պահելուն:

Առկա է ուշագրավ մի իրավիճակ: Կարապետյանին արդյունավետության համար աննհրաժեշտ է երկու բան՝ ներդրումներ եւ համակարգային փոփոխություն: Դրանք երկուստեք միմյանց հետ շաղկապված եւ փոխադարձաբար միմյանցից բխող իրողություններ են: Հնարավոր չէ ներդրում առանց համակարգային բարեփոխման, միեւնույն ժամանակ հնարավոր չէ համակարգային բարեփոխում առանց ներդրման, որովհետեւ բարեփոխումը փող արժե:

Համակարգային բարեփոխումը նշանակում է Հայաստանում հաստատված տնտեսական կառուցվածքի, հարաբերությունների շահառու խոշոր սուբյեկտների շահերի զգալի ոտնահարում, ինչն էլ ենթադրում է այդ սուբյեկտների դիմադրություն: Ու քանի որ գործնականում նրանց ձեռքին է Հայաստանի թե տնտեսությունը, թե քաղաքական իշխանության ահռելի մաս, այդ ամենը հաղթահարելու համար կամ այդ ամենի հանդեպ մրցունակ լինելու համար առանցքային է դառնում «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսության, տնտեսական մշակույթի եւ հարաբերությունների ձեւավորումը, որոնք կփոխեն ուժերի հարաբերակցությունն ու կապահովեն համակարգային փոփոխության թե ֆինանսական, թե քաղաքական հենքը:

Անշուշտ այլ հարց է, թե ինչ համակարգ կգա փոխարինելու այսպես ասած հնին, սակայն ինչ համակարգի խնդիր էլ որ դրվի, գործնական իմաստով այդ խնդրի արդյունավետ սպասարկումն իրատեսական է միայն «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսական համակարգի, Հայաստանի տնտեսության եւ հասարակական-քաղաքական կյանքում դրա տեսակարար կշռի աստիճանական ավելացման եւ այդպիսով տնտեսա-քաղաքական, նաեւ սոցիալ-հոգեբանական ստատուս-քվոն փոխելու միջոցով:

Հայաստանի ներդրողների ակումբը փաստացի դիտարկվում է հենց այդ նպատակի շրջանակում, եւ կառավարության հետ ստորագրվելիք հուշագիրը գործնականում արտացոլում է հենց այդ խնդիրները: Այստեղ շատ կարեւոր է, թե ակումբն ու կառավարությունն ինչ առաջարկներ ունեն հասարակությանը, հատկապես քաղաքացիական մասնակցության հարթության վրա, ինչը կարող է լինել տեղի ունեցող գործընթացում հասարակության շահառության երաշխիք:

Ամենաընթերցվածը