Անցնող ամեն մի օրը Կարեն Կարապետյանի համար կարող է դառնալ վերջինը վարչապետի պաշտոնում

    • Մեկնաբանություն - 11 Ապրիլի 2017, 17:58
Վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է գյուղատնտեսության նախարարություն եւ քննարկել ոլորտի խնդիրները: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության տոնայնությունից տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը դժգոհել է աշխատանքի դինամիկայից: Ինչու՞ առ այսօր չենք հաշվարկել, թե ինչ ենք ներմուծում եւ ինչ պետք է անել ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար, ասել է Կարեն Կարապետյանը:

Օրերս, ապրիլի 2-ի ընտրությանը հաջորդած կառավարության նիստում Կարապետյանը հայտարարեց, թե սահմանում է արտակարգ դրության ռեժիմ, եւ պետք է աշխատեն բազմակի ծանրաբեռնված, քանի որ անելիքները շատ են:

Կարեն Կարապետյանի համար դրությունն իսկապես արտակարգ է: Եթե մինչեւ այդ Կարապետյանը կարողանում է իր վարկանիշի շնորհիվ ապահովել հանրային բարեհաճություն, ապա ընտրությունից հետո, հատկապես ՀՀԿ ընտրական դեմքը եւ հետեւաբար պատասխանատուն դառնալուց հետո անցնող ամեն մի օրը, որը չի բերի շոշափելի փոփոխություն, աշխատելու է Կարեն Կարապետյանի դեմ: Դա էլ նշանակում է, որ անցնող ամեն մի օրը աստիճանաբար կարող է դառնալ վարչապետի պաշտոնում աշխատանքի նրա վերջին օրը՝ հատկապես Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրվան մոտենալուն զուգահեռ:

Կարեն Կարապետյանն իրավիճակը կարող է փոխել իսկապես արտակարգ դրությամբ, եւ այստեղ նրա հենարանը կարող է լինել իր այսպես ասած տեխնոկրատների թիմը, ինչպես բնորոշվեցին այն նախարարները, որոնք Կարապետյանի հետ եկան կառավարություն եւ որոնք մինչ այդ քաղաքականության մեջ չէին:

Այդ թիմը մեծ չէ եւ հիմնականում զբաղեցնում է տնտեսական բլոկը: Գյուղատնտեսության նախարարությունը դրանցից մեկն է: Ընդգծված թիմակից կարող են համարվել նաեւ կապի ու տրանսպորտի եւ առողջապահության նախարարությունները, նաեւ առանցքային կառույցի՝ ՊԵԿ ղեկավարը: Կարեն Կարապետյանի թիմակից են արդյոք տնտեսական բլոկի մյուս առանցքային նախարարները՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, դժվար է ասել: Բանն այն է, որ նրանք նախկինում էլ համակարգում էին եւ ընդամենը առաջացել են:

Կարեն Կարապետյանը որոշակի փոքր թիմ է ձեւավորում նաեւ խորհրդարանում՝ ՀՀԿ խմբակցությունում: Արդյոք այլ խմբակցություններում նա կարող է ունենալ աջակիցներ, առայժմ անորոշ է: Ընդգծված աջակիցներ չկան: Այդ փոքրաթիվությունն ինքնին արդեն արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է թիմի ամեն անդամից բազմապատկված աշխատանք:

Մյուս կողմից, սակայն, համակարգն անկասկած դիմադրելու է, եւ Կարեն Կարապետյանի նախարարական ու պատգամավորական թիմը անկարող է ճեղքել այդ համակարգը: Համակարգի ճեղքում կարող է ապահովել Կարապետյանի գործընկեր եւ մտերիմ Սամվել Կարապետյանը:

Բայց այստեղ եւս հարց է առաջանում, թե արդյոք Կարեն Կարապետյանը իշխանության համար պայքարում կարող է լիարժեք վստահել Սամվել Կարապետյանին: Արդյոք Կարեն Կարապետյանը երաշխավորված է Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի որեւէ պայմանավորվածության «զոհ» լինելուց: Առավել եւս, որ եթե Կարապետյանների կողմում ճեղքման գլխավոր ռեսուրսը ֆինանսականն է, ապա Սերժ Սարգսյանի մոտ ռեսուրսը Հայաստանի համակարգում քսանհինգամյա դինամիկ առաջընթացի խորքային փորձառությունն է, հատկապես հաշվի առնելով այն, որ Սարգսյանը 10 տարի նախագահի պաշտոնը պահեց գրեթե առանց ֆինանսական ռեսուրսի:

Ամենաընթերցվածը