Ներքին լուրջ բախում. Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀԿ ռեյտինգայիններին

    • Մեկնաբանություն - 20 Մարտի 2017, 17:30
Սերժ Սարգսյանը մարտի 20-ին այցելել է Ալեքս տեքստիլ ընկերություն, որը դե ֆակտո պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Պատգամավորը ուղեկցել է Սերժ Սարգսյանին, բայց այնպես, որ շատ աչքի չընկնի, որպեսզի ամեն ինչ շարունակի «թղթերով կարգին լինել», ինչպես Ալեքսանյանի եւ այլ գործարար պատգամավորների մասին տարիներ առաջ ասել էր Սերժ Սարգսյանը:

Սամվել Ալեքսանյանը ոչ միայն պատգամավոր է, որին Սահմանադրությունն արգելում է զբաղվել բիզնեսով, այլ պատգամավորության թեկնածու այսպես ասած ռեյտինգային ընտրակարգով: Նա ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է, եւ Սերժ Սարգսյանի այցը դե ֆակտո նրան պատկանող ձեռնարկություն այդ իմաստով ստանում է ուշագրավ երանգ:

Սարգսյանի այցը յուրօրինակ աջակցություն է Հայաստանում տնտեսա-քաղաքական առումով համակարգային դերակատարման եւ խորհրդանշանակության հասած Ալեքսանյանին, թեեւ հնարավոր է խոսքը ոչ միայն Ալեքսանյանի մասին է, այլ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին ընդհանրապես: Ի վերջո, Սարգսյանը չէր կարող բոլորի դե ֆակտո բիզնեսներն այցելել մեկ առ մեկ, ժամանակը չէր բավականացնի, առավել եւս ոչ բոլորի բիզնեսներն է հրապարակային այցելության ենթակա: Այդ իսկ պատճառով ընտրվել է թերեւս համակարգային խիստ խորհրդանշական ֆիգուրը՝ Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ բոլոր ռեյտինգայիններին այցի էֆեկտ ստանալու համար:

Ռեյտինգային ընտրակարգն ու թեկնածուները ՀՀԿ հույսն են խորհրդարանի ներկայիս ընտրությանը, որը դե յուրե 100  տոկոս համամասնական է, բայց դե ֆակտո անցնելու է 100 տոկոս մեծամասնականի տրամաբանությամբ: Համենայն դեպս ՀՀԿ համար լինելու է հենց այդպես: Հենց դրա համար է ընտրվել ռեյտինգային ընտրակարգը:

Թեեւ ՀՀԿ-ն «պլաստիկ» վիրահատության է ենթարկել իր համամասնական ցուցակն ու առաջ մղել դեմքեր, որոնք հաճելի են հանրությանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այդուհանդերձ հստակ է, որ իր այդ իմիջով, առաջացնող դրական սպասումներով եւ մոտ 80 տոկոսի հասնող վարկանիշով Կարապետյանը չէ, որ ապահովելու է ՀՀԿ վերարտադրությունը:

Բանն այն է, որ չնայած այդ ամենին, այս պահին Կարեն Կարապետյանն է դեռեւս ասոցացվում իշխանության ու ՀՀԿ հետ, ոչ թե հակառակը: Սերժ Սարգսյանն անկասկած միամիտ եւ իրականությունից կտրված չէ այդ ամենը չպատկերացնելու համար, կամ պարզապես սոցհարցումներով իրականությունն իր համար հստակ չդարձնելու համար:

Կարեն Կարապետյանի գործառույթը ՀՀԿ համար ձայն բերելը չէ, այլ ընդամենը ընդհանուր մթնոլորտ փոխելը եւ ՀՀԿ համար բերվող ձայներn այսպես ասած լեգիտիմացնելը, մթնոլորտը լիցքաթափելը, որում ՀՀԿ դիմաց գրվող ցուցանիշները կունենան հարաբերականորեն անաղմուկ ընկալում կամ ընդունելություն:

Իսկ ձայն բերող լինելու են ռեյտինգային թեկնածուները, որոնք աշխատելու են տուն առ տուն, հասցե առ հասցե, ընտրող առ ընտրող: ՀՀԿ-ն կանգ չի առել անգամ նրանց թիմերի միջեւ ներքին որոշակի բախումների ռիսկի առաջ, քանի որ անգամ այդ ռիսկի գնով առավելագույնս նվազ ռիսկային է դառնում ավելի մեծ խնդիրը՝ վերարտադրությունը հանրային այնպիսի դժգոհության պայմաններում, որպիսին Հայաստանում չի ունեցել իշխանությունը թերեւս ոչ մի ընտրությունից առաջ:

Միեւնույն ժամանակ, ընտրությունն այսպես ասած անցկացնելուց հետո, եթե իհարկե հաջողվի,- թեեւ ընդդիմադիր կենսունակ եւ մրցունակ միջավայրի բացակայությունը ՀՀԿ համար հանդիսանում է հաջողության զգալի գրավական,- ՀՀԿ համար առաջանալու է արդեն ներքին բավական լուրջ խնդիր:

Ինչ է ստացվում՝ ՀՀԿ ձայները բերելու են ռեյտինգայինները, միեւնույն ժամանակ նրանց բերած ձայների լեգիտիմությունը պետք է ապահովի վարչապետը: Ինչպե՞ս պետք է բաժանվեն դափնիները, քանի որ խոշոր հաշվով երկու գործն էլ հույժ կարեւոր է:

Իսկ դափնին տվյալ դեպքում իշխանությունն է:

Խնդիրն այն է, որ կա բավական լուրջ ներքին բախում՝ իշխանությունը կամ մնում է «ռեյտինգայիններին», որոնք խնամքով քողարկվել են հետին պլանում, այդ թվում վարչապետի դեմքի հետեւում, կամ անցնում Կարեն Կարապետյանին, որն իր քարոզարշավային առաջին դեմքով փաստորեն ստանձնում է լուրջ հետընտրական պատասխանատվություն, արդեն ամեն դրվագի համար՝ ոչ միայն տնտեսական վիճակագրության:

Բայց եթե իշխանությունը մնում է ռեյտինգայիններին, ապա Կարեն Կարապետյանին կամ կմնա հեռանալ, կամ ծառայել նրանց իշխանությանը: Իսկ նրանց իշխանությունը հենց այն է, ինչը Հայաստանում պետք է փոխել եւ հնարավորինս արագ: Եթե Կարեն Կարապետյանը գնում է փոփոխության՝ իր թափ հավաքած թիմով, ինչպես ինքն է հայտարարել, ապա անհնար է, որ այդ փոփոխությունը չշոշափի հենց ռեյտինգայինների շահերը: Առանց դրա դա չի կարող լինել փոփոխություն, որքան էլ դիտարկվի փոփոխության սահուն տարբերակ:

Շահերի բախումն առկա է լինելու բոլոր դեպքերում, հակառակ դեպքում փոփոխության անհրաժեշտությունը չէր առաջանա ինքնին:

Այստեղ ահա շատ կարեւոր է, թե Սերժ Սարգսյանն ինչի՞ն է ծառայեցնելու իր նախագահական լիազորության վերջին տարին՝ ռեյտինգայինների՞, թե Կարեն Կարապետյանի դափնուն:

Ամենաընթերցվածը