Ինչ է եղել Հովիկ Աբրահամյանի ստորագրության հետ. 600 միլիոնի պատմությունը

    • Մեկնաբանություն - 20 Մարտի 2017, 15:56
Իտալական Ռենկո ընկերությունը Երեւանում սկսում է նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը, որը համակցված ցիկլով կարտադրի էլեկտրաէներգիա: ՋԷԿ-ը, որ կառուցվում է Երեւանի արդեն գործող եւ արդիականացված ՋԷԿ-ի հարեւանությամբ, նախատեսվում է գործարկել 2019 թվականի կեսին: Դրա կառուցման համար կներդրվի ավելի քան 250 միլիոն դոլար, իսկ հզորությունը կկազմի մոտ 250 մեգավատ: Ընդ որում, ՋԷԿ-ն աշխատելու է ամենաարդիական տեխնոլոգիայով, ինչը թույլ կտա բարձրացնել արտադրության ՕԳԳ-ն եւ հասցնել այն մինչեւ 53 տոկոսի, ինչը նշանակում է էլեկտրաէներգիայի զգալիորեն էժան ինքնարժեք:

Երեւանում նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքն ուշագրավ է օրերս Գազպրոմ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հայտարարության ֆոնին: Միլլերը Մոսկվա Սերժ Սարգսյանի այցի ընթացքում հայտարարեց, թե Գազպրոմը մոտ ապագայում կարող է Իրանի հետ իրականացնել գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակում՝ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի միջոցով, որը Գազպրոմի սեփականությունն է:

Հինգերորդ էներգաբլոկում արտադրվող էլեկտրաէներգիան կարծես թե ամենաթանկն է Հայաստանում: Բլոկն աշխատում է ռուսական գազով: Երբ 2015 թվականին Հայաստանում կայացվեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին որոշում, որը հանգեցրեց Էլեկտրիկ Երեւան շարժման, պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ատոմակայանը կանգնած է եղել նախատեսվածից ավելին եւ էլեկտրաէներգիա ավելի շատ գնվել է Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկից, ինչի պատճառով էլ առաջացել է թանկացման կարիք, քանի որ այնտեղ արտադրվող էներգիան թանկ է:

5-րդ բլոկի համար Գազպրոմը Հայաստանին վճարել է ավելի քան 250 միլիոն դոլար՝ դեռեւս 2006 թվականին: Միեւնույն ժամանակ, Գազպրոմը բավական փող է ծախսել այդ բլոկը վերջնականապես կառուցելու եւ շահագործման հանձնելու համար: Բնական է, որ այն պետք է աշխատի, այլապես հարյուրավոր միլիոնների ծախսը կընկնի ջուրը: Հայաստանի էներգետիկ համակարգի համար այնտեղ արտադրված էներգիան շահեկան չէ, թանկ է:

Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը հավանաբար Հրազդանի ՊՇԷԿ-ի հինգերորդ բլոկի համար շուկա, գնորդ գտնելու քայլն է, որպեսզի արտադրողը մի կողմից բեռ չդառնա ՀՀ համար, մյուս կողմից կայանն աշխատի եւ սպառի արտադրանքը: Չի բացառվում իհարկե, որ գործարքն ունի նաեւ Հայաստանում ընդհանրապես էներգետիկ շուկայի ավելի խորը տրանսֆորմացման միտում եւ հանդիսանում է այլ քայլերի նախադրյալ, էներգետիկ համակարգի արդիականացման տեսանկյունից: Այդպիսի ենթադրություն արել էի « Իրանը կթուլացնի Գազպրոմի դիմադրությունը Հայաստանում» հոդվածում:

Գազպրոմի եւ Իրանի փոխանակման գործարքի ֆոնին էլ Երեւանում կատարվում է նոր էներգաարտադրող կառույցի հիմնարկեքը, որը լինելու է գերարդիական ցիկլ, ցածր ինքնարժեքով, բարձր արդյունավետությամբ եւ խոշոր հաշվով նոր քայլ է Հայաստանի էներգետիկ պատկերի փոփոխության եւ այսպես ասած բազմազանության ապահովման համար:

Իհարկե, խոսքն այլընտրանքային էներգիայի հզորության մասին չէ, բայց կարեւոր է նաեւ «ավանդական» հզորությունների արդիականացումն ու դիվերսիֆիկացումը՝ թե ներքին, թե նաեւ արտաքին շուկաների համար որոշակի հեռանկարով:

Երեւանում նոր ՋԷԿ-ի կառուցման կամ Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման փաստը հետաքրքիր է մեկ այլ, արդեն ավելի քան երկամյա վաղեմության փաստի ֆոնին:

2014 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի կառավարության նիստը հավանություն տվեց նոր ՋԷԿ կառուցելու մասին որոշմանը, իսկ 2014 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի էներգետիկայի նախարարությունում ստորագրվեց դրա վերաբերյալ համաձայնագիր: 

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի կառավարությունն ու վրացական Անակլիա քաղաքում գրանցված Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ ընկերությունը, որն ըստ ծրագրի պետք է 600 միլիոն դոլարի ներդրում կատարեր Հայաստանում եւ կառուցեր 540 մեգավատ ընդհանուր հզորությամբ երկբլոկ ՋԷԿ: Մամուլում եղավ տեղեկություն, որ ՋԷԿ-ը կկառուցվի Հայաստանի հյուսիսում, հավանաբար Լոռիում, որը Վրաստանին սահմանակից մարզ է:

Սակայն օգոստոսի 22-ին կառավարության եւ Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ ընկերության միջեւ համաձայնագրի հիմնադրույթների ստորագրումից հետո կարծես թե չկա այլ շարժ այդ հարցում:

Երեւանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցումը արդյոք նշանակում է, որ Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ-ի հետ Հայաստանի կառավարության համաձայնագիրը կանցնի պատմության գիրկը, կորցնելով հրատապությունը տարածաշրջանում բավական աշխուժացած Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ շարժերում: Եվ արդյոք դրա պատճառն այն է, որ պատմության գիրկն անցավ նաեւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որը տվել էր Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ-ի հետ ՋԷԿ կառուցման համաձայնագրի հավանությունն ու ստորագրել այն: