Հենց այդ օրվանից սկսվեց. Հովիկ Աբրահամյանն անկեղծացել է

    • Մեկնաբանություն - 17 Մարտի 2017, 16:46
ՊՊԾ գնդի գրավման հուլիսյան հայտնի իրադարձություններից «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է արել նաեւ նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա ցավակցել է Արթուր Սարգսյանի հարազատներին, ասելով, որ նա դարձել էր բարության ու մարդասիրության յուրօրինակ խորհրդանիշ:

«Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունով: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում», բազմիմաստ գրում է Հովիկ Աբրահամյանը:

Թե հատկապես որոնք են այդ շատ բաները, ինչ նկատի ունի Հովիկ Աբրահամյանը՝ կոնկրետ բանե՞ր, թե ընդամենը զգացմունքները խեղդում են եւ չեն բավականացնում բառերը, ստիպելով բավարարվել «շատ բաներ» ձեւակերպումով:

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալուց եւ Սերժ Սարգսյանի հետ «գետերի ու ջրերի» մասին հայտնի, բայց շատ կարճ բանավեճից հետո տեւական ժամանակ լռում էր: Նրա մասին տեղեկություններ էին հրապարակվում մամուլում, թե ինչ ստվերային դերակատարում կարող է ունենալ ընտրական գործընթացում:

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը, իսկ հետո ՀՀԿ-ն թողնելուց հետո հայտարարել էր, թե կմնա ակտիվ քաղաքականության մեջ: Սակայն, նրա փոխարեն ակտիվացել է որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որը պատգամավորության թեկնածու է Ծառուկյան դաշինքի համար: Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ հետապնդման է ենթարկվում նրա թիմը, նրա հետ առնչություն ունեցող մարդիկ: ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե այդպիսի հետապնդումների մասին տեղեկությունները անհիմն են:

Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին չի գտնում այն հիմքը, որով կմնա ակտիվ քաղաքականության մեջ: Նախընտրական գործընթացում որեւէ ուժ այդպես էլ չցանկացավ հիմք դառնալ Աբրահամյանի համար, թեեւ գուցե Աբրահամյանն ինքն էլ կայացրեց բավական ողջախոհ որոշում եւ ձեռնպահ մնաց ընտրական գործընթացին մասնակցելուց, սպասելով դրանից հետո իր հնարավորությանը:

Եթե չլիներ Հաց բերողի ողբերգական մահը, ապա Հովիկ Աբրահամյանը գուցե դեռեւս շատ երկար ժամանակ չխախտեր Սերժ Սարգսյանի հետ կարճ բանավեճից հետո հաստատված լռությունը, ընդհուպ նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորում:

Այդ իմաստով, մատնանշելով, որ «Հաց բերող» անվանումը շատ բան է ասում, Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին ակնարկում է, որ ինքը շատ բան ունի ասելու, պարզապես դեռ չի եկել ժամանակը:

Այն, որ նա կունենա ասելու շատ բան, կասկածից վեր է, առավել եւս, որ Հովիկ Աբրահամյանը գործնականում առաջին պաշտոնյան էր, որ ուղղակի թե անուղղակի, բայց «վճարեց» հուլիսյան իրադարձությունների համար:

Բանն այն է, որ հենց այդ օրերին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր զբաղեցրած պաշտոններից կամ ունեցած կարգավիճակներից մեկից հրաժարվելու մասին: Ընդ որում, այդ մասին հայտարարեց հուլիսյան իրադարձությունների համար բավական առանցքային մի օր՝ հուլիսի 29-ին, երբ գիշերը տեղի ունեցան նաեւ Սարի Թաղի իրադարձությունները:

Հովիկ Աբրահամյանն այդ օրը հայտարարեց, որ թողնում է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը, աշխատանքային զբաղվածության պատճառով: Այսինքն, Աբրահամյանը հայտարարեց իր համար կարեւոր վարչաքաղաքական ռեսուրսը թողնելու մասին: Հուլիսի 29-ից հետո դեպքերը բավական դրամատիկ ընթացք ստացան եւ հանգուցալուծվեցին հուլիսի 31-ին:

Գործնականում, հենց հուլիսի 29-ից սկսվեց Հովիկ Աբրահամյանի հեռացման եւ նրա կառավարության փոփոխության գործընթացը:

Դրամատիկ այդ օրերին իշխանությունը պահպանեց գրեթե մեռելային լռություն՝ երկու շաբաթ: Մամուլում այդ կապակցությամբ հրապարակվում էին տարբեր տեղեկություններ եւ վարկածներ, ընդհուպ այն, որ իշխանության մեջ տեղի է ունենում հարաբերությունների լրջագույն պարզաբանում, թե ո՞վ է պատասխանատու ստեղծված իրադրության համար:

Ինչու՞ հենց Աբրահամյանը դարձավ փաստացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որ դեռեւս մինչեւ ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը սկսեց հրաժեշտ տալ իր տնօրինած վարչաքաղաքական ռեսուրսին:

Այդ հանգամանքը շա՞տ բան է ասում, թե՞ քիչ, կամ ընդհանրապես ասու՞մ է ինչ որ բան: Թե՞ պարզապես Հովիկ Աբրահամյանը համարում էր, որ իշխանությունը պետք է հեռանա, եւ «սկսեց իրենից», ինչպես հայտարարել էր վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո: