Պայման է խախտվել. Սերժ Սարգսյանը խնդրի առաջ է

    • Մեկնաբանություն - 17 Մարտի 2017, 14:36
ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանն, անդրադառնալով Աջափնյակում Ծառուկյան դաշինքի թեկնածուի հետ տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է. «Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլի 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը, և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը»:

Մամուլը գրել է, որ Աջափնյակում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, պետգույքի կառավարման վարչության պետ եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի թիմակիցները դաժան ծեծի են ենթարկել Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածուին ու նրա թիմակիցներին:

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր տղաներին գտնել ու պատժել մեղավորներին:

Տվե՞լ է Ծառուկյանն այդպիսի հանձնարարություն իրականում, թե՞ ոչ, դժվար է ասել: Համենայն դեպս հատկանշական է ԲՀԿ խոսնակի ապրիլի 3-ի վերաբերյալ գրառումը:

Միաժամանակ հետաքրքիր է, որ Ծառուկյանը իր տղաներին է հանձնարարում գտնել ու պատժել, ինչը գործնականում հաստատում է ԲՀԿ խոսնակի գրառումը՝ համենայն դեպս նա հաստատում է, որ պատժելու են, պարզապես ապրիլի 3-ից հետո:

Դա հետաքրքիր է նրանով, որ Ծառուկյանը գտնել ու պատժելու հորդոր չի հղում իրավապահներին: Այստեղ իհարկե ԲՀԿ նախագահի «տառապանքը» փորձ ունի, դեռեւս ոչիշխանական բեւեռի ժամանակից եկող փորձ, երբ փողոցից առեւանգվել եւ դաժանորեն ծեծվել էր նրա թիմակից Արտակ Խաչատրյանը:

Գագիկ Ծառուկյանն այդ կապակցությամբ հանդիպեց նույնիսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ եւ հայտարարեց, որ հանցագործության բացահայտմանն օգնողին պատրաստ է տրամադրել 100 հազար դոլար: Հանցագործությունն իհարկե այդպես էլ չբացահայտվեց, իսկ Արտակ Խաչատրյանն էլ, ըստ մամուլի հրաարակումների, տեւական ժամանակ անց պարզապես արտագաղթեց Հայաստանից:

Այս անգամ Ծառուկյանը ոստիկանության հետ չի կապում որեւէ հույս եւ չի խոստանում որեւէ փող: Թեեւ, պատճառը գուցե այն է, որ բացահայտելու բան չկա եւ ամեն ինչ պարզ է, Ծառուկյանը գիտե, թե ովքեր են բռնության մեղավորներն ու կազմակերպիչները, եւ մնում է պատժել նրանց:

Ընդ որում, Արման Սահակյանն ըստ ամենայնի լուրջ է ընդունել Ծառուկյանի զգուշացումը, քանի որ ՀՀԿ Աջափնյակի շտաբը տարածել է տեղեկություն, թե Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածուն վեճ է ունեցել իր վաղեմի մտերիմներից մեկի հետ, եւ նրանց միջեւ է այն վերաճել ծեծկռտուքի, այսպես ասած միջադեպը «քաղաքականացնելու» կարիք չկա:

Այսինքն, Արման Սահակյանը հայտարարում է, որ ինքն ու իր թիմը մեղավոր չեն, եւ Ծառուկյանը թող իրենց վրա «շառ չանի»:

Գործնականում ապրիլի 3-ի մասին հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է հետընտրական զարգացումների վերաբերյալ: Թեեւ խոսքն իհարկե ընտրության արդյունքը վիճարկելու մասին չէ, այդուամենայնիվ Գագիկ Ծառուկյանի թիմը փաստորեն ակնարկում է, որ ապրիլի 3-ից կիրականացնի «պատժիչ գործողություններ»:

Կապ ունի՞ Արման Սահակյանը տեղի ունեցածի հետ, թե չունի, այլեւս կարեւոր չէ: Քարն ինչպես ասում են նետված է եւ կպել է թիրախին, եւ Գագիկ Ծառուկյանն այլեւս նրա հետ չէ, որ հարաբերվում է, այլ նրա կուսակցական ղեկավար Սերժ Սարգսյանի:

Ապրիլի 3-ի հետընտրական զարգացման մասին Ծառուկյանի ակնարկն այլեւս Սերժ Սարգսյանի խնդիրն է, որն էլ նա թերեւս պետք է լուծի Ծառուկյանի հետ: Արման Սահակյանը մեծ հաշվով ավելորդ խնդրի առաջ է դրել Սերժ Սարգսյանին, առիթ է տվել Ծառուկյանին, որն անկասկած կփնտրեր այդ առիթը:

Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավիճակը ընթացիկ ընտրապայքարում ուներ ուշագրավ զարգացում: Հրապարակվեցին մի քանի սոցհարցումների տվյալներ, որոնցում նա 26 գրեթե կայուն տոկոսով առաջինն էր: Դրանից հետո Ծառուկյանը ստացավ բարեգործություն չանելու եւ խոստում չտալու ԿԸՀ զգուշացումը: Դա իհարկե Սերժ Սարգսյանի զգուշացումն էր, որ Ծառուկյանն ընդունեց:

Սակայն Աջափնյակում պայման է խախտվել, եւ Ծառուկյանն անմիջապես «որսաց» այդ խախտումը եւ փաստորեն իր հետընտրական պայմանն առաջ քաշեց Սերժ Սարգսյանի առաջ: Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է գնալ Ծառուկյանի հետ նոր պայմանավորվածության, Արման Սահակյանի պատճառով:

Ի դեպ, հետաքրքիր է, որ ՀՀԿ-ում իր դեռեւս առաջին քայլերը կատարելիս Սերժ Սարգսյանը պատժեց հենց Արման Սահակյանին, հենց Աջափնյակի թեմայով, երբ ՀՀԿ խորհրդի նորընտիր նախագահի կարգավիճակում արգելեց նրան առաջադրվել Աջափնյակի թաղապետի թեկնածու, հայտարարելով, թե կուսակցությունը «ոհմակ չէ»:

Չի բացառվում, որ Արման Սահակյանն էլ դա հիշելով է այժմ յուրօրինակ ձեւով հատուցում Սերժ Սարգսյանին, նրան դնելով խնդրի առաջ: