Վարչապետի հետընտրական դեսանտը

    • Մեկնաբանություն - 16 Մարտի 2017, 15:19
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ մարտի վերջին ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարներ կգան Հայաստան եւ հայտարարություն կանեն ներդրումներ անելու մասին: Ըստ Կարայանի, խոսքն այն գործարարների մասին է, որոնք հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդես եկան նրա ծրագրին ներդրումներով աջակցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությամբ:

Այդ գործարարները մոտ երեք տասնյակ էին, ամենահարուստ հայի՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Դա վարչապետ Կարեն Կարապետյանին արված քաղաքական աջակցության ուժեղ քայլ էր, որի շարունակությունը փաստորեն կլինի մարտին: Անկասկած է, որ հաշվարկը նախընտրական էֆեկտն է, որ ներդրումների մասին հայտարարությունները կթողնեն ապրիլի 2-ին քվեարկության գնացող քաղաքացիների մի մասի վրա:

Այդ համատեքստում հարց է առաջանում, թե ինչ է լինելու ապրիլի 2-ից հետո, երբ հաջորդ ընտրությունը գործնականում հինգ տարի անց է: Նեդրումները կդառնա՞ն իրականություն, թե՞ ոչ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է ընթացիկ տարում մոտ 850 միլիոն դոլարի ներդրումների սպասման մասին: Իսկ ընդհանուր առմամբ նա խոսել է արդեն իսկ հաստատված 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին: Կարեն Կարապետյանը հռչակել է Հայաստանում իշխանության գինը: Եթե նա կարողանա գտնել այդ փողը կամ ապահովել ներդրումները, ապա կվերցնի իշխանությունը Հայաստանում:

Թեեւ 2017 թվականից հետո հաջորդ համապետական ընտրությունը 2022 թվականին է, այդուհանդերձ անցնող ամբողջ տարին գործնականում լինելու է «նախընտրական» տարի, պարզապես զուտ իշխանության ներսում: Բանն այն է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը պետք է թողնի նախագահի պաշտոնն, ու առաջին դեմք դառնում է վարչապետը: Ո՞վ է լինելու վարչապետը՝ Սերժ Սարգսյա՞նը, Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, թե՞ մեկ այլ անձ, որի անունը Սերժ Սարգսյանը դեռեւս խնամքով պահում է ներկայիս թոհուբոհից՝ իր ոճին բնորոշ:

Օրերս իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե կառավարությունը դրսեւորի լավ արդյունք եւ աշխատանք, ապա ինքը խնդիր չի տեսնում, որ Կարեն Կարապետյանը հավակնի վարչապետի պաշտոնի շարունակության: Ընդ որում, խոսքն անկասկած ոչ թե միայն 2017-ի հետընտրական շրջանի, այլ առավելապես հենց 2018-ի մասին է, այն պարզ տրամաբանությամբ, որ 2017-ի հարցին մնացել է մի քանի շաբաթ, եւ արդյունավետ աշխատանքի խնդիրը հազիվ թե վերաբերեր դրան: Առավել եւս, որ 2017-ի մասով Կարապետյանի վերաբերյալ ՀՀԿ-ն հայտարարել է կարծես թե միարժեք:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հարցում 2018-ի խնդիր չի տեսնում, եթե կառավարությունը լինի արդյունավետ: Բայց արդյունավետ կառավարություն հասկացությունը խիստ հարաբերական է: Հասարակության համար դա մի բան է, իսկ Սերժ Սարգսյանի համար՝ մեկ այլ: 

Բացի այդ, արդյունավետությունը կարող է զգալի կախված լինել նաեւ Սերժ Սարգսյանից, որը դեռեւս մեկ տարի տիրապետելու է առանցքային կառույցներին՝ իրավապահ համակարգին, ինչը կարեւորագույն օղակ է Հայաստանում համակարգային փոփոխության եւ իշխանության արդյունավետության համար:

Կարեն Կարապետյանին այդ դեպքում «վերապրելու» համար այլ բան չի մնում, քան իրավիճակը հավասարակշռել ներդրումներով՝ փոխելով թե տնտեսական վիճակը, թե կապիտալի հարաբերակցությունը, ինչը շոշափելի դեր ունի իշխանության հարաբերակցությունը փոխելու համար:

Այդ տեսանկյունից, ռուսաստանցի գործարարների ներդրումների բուն գործառույթն իհարկե հետընտրական է, որով նրանք Կարեն Կարապետյանի համար կամ «կնվաճեն» 2018-ի վարչապետի պաշտոնը, կամ կհանձնեն այն Սերժ Սարգսյանի տնօրինմանը:

Ամենաընթերցվածը