Իրանը կթուլացնի Գազպրոմի դիմադրությունը Հայաստանում

    • Մեկնաբանություն - 16 Մարտի 2017, 14:15
Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ հայկական շուկայում տեսնում են աշխատանքի էֆեկտիվության բարձրացման ներուժ, մասնավորապես Հրազդան ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկի գործունեության մասով:

Միլլերը հայտարարել է, որ այդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքը Գազպրոմն ավարտել է եւ արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնությամբ հնարավոր է դարձել Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի իրականացումը:

Փաստորեն Գազպրոմի նախագահը հայտարարում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց երկրորդ գործարքի մասին, քանի որ Հայաստանն արդեն իսկ մոտ մեկ տասնամյակ է, ինչ իրականացնում է այդպիսի մի գործարք: Իրանական գազը գալիս է Հայաստան՝ հայ-իրանական գազամուղով, Երեւանի ՋԷԿ-ում վերածվում հոսանքի՝ որն արդիականացրել են ճապոնացիներն ու էապես նվազեցրել էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, եւ հետ մատակարարվում Իրան:

Պաշտոնական Թեհրանը այդ առումով հայտարարել է, թե իրենք չունեն այդօրինակ գործարքի կարիք, բայց քանի որ դա անհրաժեշտ է եղել Երեւանին, լինելով Հայաստանի բարեկամ՝ Իրանը համաձայնել է դրան:

Փաստորեն, ըստ Միլլերի հայտարարության, ներկայում մոտ է գազ էլեկտրաէներգիայի դիմաց նոր գործարքի իրականացումը, այս անգամ Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկի միջոցով:

Երեւանի ՋԷԿ-ը Հայաստանի սեփականությունն է, իսկ ահա Հրազդանի 5-րդ բլոկը հանդիսանում է Գազպրոմի սեփականություն: Այդ գործարքը կնքվեց 2006 թվականին, գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցության շրջանակում: Պաշտոնական տվյալով Գազպրոմը 5-րդ կիսակառույց բլոկի համար վճարեց մոտ 250 միլիոն դոլար, որի մի մասը ուղղվեց Հայաստանում գազի գնի սուբսիդավորմանը՝ բնակչության եւ ձեռնարկությունների համար, մինչեւ 2009 թվական:

Գործարքի այսպես ասած «գաղափարախոսը» Սերժ Սարգսյանն էր, որը պատրաստվում էր խորհրդարանի եւ նախագահի 2007-08 թվականների ընտրությանը: Ռուսաստանը 2006 թվականին պատրաստվում էր թանկացնել գազը, ինչը կբերեր սոցիալական խնդիրների եւ դժգոհության: Իսկ դա նպաստավոր չէր իշխանության համար, հատկապես ՀՀԿ-ի: Սերժ Սարգսյանը 2006 թվականին անդամակցեց ՀՀԿ-ին:

Գազի գնի թանկացումից կարող էր շահել ԲՀԿ-ն, որը ստեղծվում էր նախագահի նստավայրի ջերմ աջակցությամբ, որպես ՀՀԿ այլընտրանք: ԲՀԿ-ն ուներ մեծ մասսայականություն, եւ եթե տեղի ունենար գազի գնի թանկացում, ապա անկասկած է, որ ԲՀԿ-ՀՀԿ պայքարում ՀՀԿ դիրքերը կդառնային էլ ավելի թույլ:

2006 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գտել է գազի թանկացման խնդիրը լուծելու բանաձեւ եւ առաջարկել ռուսներին, որոնք հավանություն են տվել դրան: Հենց այդ բանաձեւով գազի գինը թանկանում էր, բայց բնակչության ու ձեռնարկությունների համար սուբսիդավորվում 3 տարի շարունակ՝ Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկի վաճառքի գնով, որը կազմում էր 250 միլիոն դոլարի մոտ կեսը: Միեւնույն ժամանակ, ռուսական կողմը պարտավորվում էր մինչեւ 2009 թվականը ձեռք չտալ Հայաստան մատակարարվող գազի գնին: ՊՇԷԿ 5-րդ բլոկն անցնում էր Գազպրոմին, թեեւ այդ շրջանում կար նաեւ այլ առաջարկ, մասնավորապես դրա վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերում էին Իրանը եւ Չինաստանը:

Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկն աշխատում է ռուսական գազով: Փաստացի ստացվում է, որ, եթե իրականացվի իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքը, 5-րդ բլոկ կմտնի իրանական գազ:

Ի՞նչ հաշվարկային գին կլինի այդ դեպքում, կգործի այն հարաբերակցությո՞ւնը, որ կա այժմ՝ իրանական գազի դիմաց Երեւանի ՋԷԿ միջոցով իրականացվող էլէկտրաէներգիայի փոխանակման դեպքում, թե՞ Գազպրոմն Իրանին կանի առավել շահեկան առաջարկ:

Միեւնույն ժամանակ, ի՞նչ է լինելու ռուսական գազը, որով աշխատում էր 5-րդ բլոկը: Հայաստանում գազի սպառման ծավալների էական ավելացման հեռանկարը չկա, թե բնակչության, թե ձեռնարկությունների մասով: Ծավալները նույնիսկ նվազում են եւ Գազպրոմը նաեւ դրանով հիմնավորեց գնի էժանացումը՝ նվազումը կանխելու համար:

Շատ հավանական է, որ 5-րդ բլոկի մասով իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքը ներառվում է Վրաստան-Իրան-Գազպրոմ բանակցությունների փաթեթում, որ վարվում էին Իրանից Վրաստան գազի մատակարարման համար՝ փոխանակման սկզբունքով: Ըստ այդմ, Իրանը գազ է մատակարարում Հայաստան, իսկ Գազպրոմն այդ ծավալով Հայաստան մատակարարվող գազից հատկացնում է Վրաստանին՝ Իրանի հետ համաձայնեցված գնով:

Բացառված չէ, որ նոր գործարքով ապահովվելու է պարզապես 5-րդ բլոկի աշխատանքը, քանի որ դրա էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ամենաբարձրն է Հայաստանում եւ ըստ այդմ շահեկան չէ Հայաստանի ներքին շուկայի սպառման համար, իսկ բլոկը պետք է աշխատի:

Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծվել է իսկապես հետաքրքիր վիճակ: Կան էներգաարտադրող ահռելի հզորություններ, բայց Հայաստանի շուկան ակնհայտ փոքր է դրանց արտադրանքն ամբողջությամբ սպառելու համար: Միեւնույն ժամանակ, բավական բարդ է տարածաշրջանում այն սպառելը, թե ենթակառուցվածքային, թե քաղաքական խնդիրների պատճառով:

Դրան ավելանում է նաեւ այն, որ Հայաստանի համար ռազմավարական խնդիր է վերականգնվող, այլընտրանքային էներգետիկայի, մասնավորապես արեւային էներգիայի արտադրության ընդլայնումը, ինչը էլ ավելի «կնեղացնի» ներքին շուկան, եթե իհարկե կառավարությունն էական քայլեր կատարի այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը նպաստելու ուղղությամբ եւ չհանդիպի էներգետիկ դաշտում խոշոր խաղացողների, մասնավորապես Գազպրոմի դիմադրությանը:

Այդ իմաստով, եթե Իրանի հետ նոր գործարքը Հայաստանի էներգետիկ շուկայում այսպես ասած «տեղ է ազատելու» այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար, այսինքն օգնելու է հաղթահարել Գազպրոմի հետ շահերի բախումն ու հնարավոր դիմադրությունը, ապա դա կարող է լինել Իրանի հերթական բարեկամական քայլը Հայաստանի հանդեպ:

Ամենաընթերցվածը