Մոսկվան կհրաժարվի՞. Ինչ է ասել Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 16 Մարտի 2017, 11:19
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը քննարկել է հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցը, ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը: Պետք է ենթադրել, որ խոսքը Վերին Լարսի այլընտրանքի մասին է, որի վերաբերյալ պաշտոնական Երեւանը խոսում է արդեն մի քանի շաբաթ: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարարեց Վրաստան կատարած այցի ընթացքում, նշելով, թե կլինի Վերին Լարսի անկայուն ճանապարհի այլընտրանք: Կարապետյանը նշեց Փոթի նավահանգստով լաստանավային փոխադրումը: Միաժամանակ, ակնարկներ են հնչել, թե հնարավոր են նաեւ այլ տարբերակներ:

Այլ տարբերակների մասին հայկական կողմի հայտարարությունների հիմքն ըստ ամենայնի դրանից առաջ Ռուսաստանի եւ Վրաստանի հայտարարություններն էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկման շուրջ բանակցության առաջընթացի մասին:

Այդ մասին Մոսկվան եւ Թբիլիսին հայտարարեցին Եվրոպայում բանակցության հերթական փուլի ավարտից հետո: Տրանսպորտային այդ միջանցքի թեման երկու կողմի օրակարգում է 2011 թվականից, այսինքն դեռեւս Վրաստանի նախորդ իշխանությունից:

Այդ հարցը բավական նուրբ եւ բարդ է, հաշվի առնելով այն, որ վերաբերում է քաղաքական լրջագույն տարաձայնության առարկա հանդիսացող խնդրի՝ աբխազական եւ օսական խնդիրներին: Վրաստանի եւ Ռուսաստանի մոտեցումներն այստեղ տրամագծորեն տարբեր են, հակադիր:

Սակայն, այդ ամենով հանդերձ, կողմերը մի քանի շաբաթ հայտարարեցին, որ կա առաջընթաց եւ նույնիսկ կա շվեյցարական ընկերությունը, որին նախատեսվում է վստահել տրանսպորտային միջանցքների գործարկումը եւ մոնիտորինգը: Նախատեսվում է, որ բեռնափոխադրումը Վրաստանի տարածքով կիրականացվի Աբխազիայով եւ Օսիայով անցնող ավտոճանապարհներով, իսկ ստուգումը կլինի ոչ թե աբխազ-վրացական կամ օս-վրացական սահմանին, այլ Ռուսաստանի սահմանին:

Որքանով է իրական այդ խնդրի վերջնական եւ ամբողջական հանգուցալուծումը, բավական դժվար է ասել, քանի որ քաղաքական բարդությունն ահռելի է: Աներկբա է, որ խնդիրը լոկ վրացական ընդդիմությունը չէ, որը այդ հարցում պայմանավորվածությունը գնահատում է իբրեւ իշխանության կապիտուլյացիա Ռուսաստանի դեմ: Աներկբա է, որ այդ հաղորդակցությունների վերականգնումը մեծ դժգոհության եւ դիմադրության կարժանանա նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, ինչը եւս կարող է իր արտահայտությունն ունենալ Վրաստանի ներքին կյանքում այս կամ այն զարգացման տեսքով:

Բանն այն է, որ ռուս-վրացական այդ համաձայնությունը կարող է ստեղծել թե տնտեսական, թե քաղաքական նոր իրավիճակ տարածաշրջանում, այդ թվում նաեւ անվտանգության համակարգի տրամաբանության մասով:

Այստեղ սակայն մինչեւ վերջ հստակ չէ նույնիսկ Ռուսաստանի շահագրգռությունն այդ հարցում: Մեծ է հավանականությունը, որ Մոսկվայի համար այդ համաձայնությունը կամ գործընթացը ավելի շատ ունի իրավիճակային, ժամանակավոր նշանակություն, որպես հիմնական ռազմավարության հարցում ունեցած խնդիրների պահեստային տարբերակ:

Իսկ Մոսկվայի հիմնական ռազմավարությունը թերեւս շարունակում է մնալ Կովկասն ուժային ազդեցության լծակով պահելը եւ հակամարտությունների վրա կառավարելը:

Մինչդեռ, տրանսպորտային միջանցքի հարցը, որի առաջընթացի վերաբերյալ շաբաթներ առաջ հայտարարեցին Մոսկվայի ու Թբիլիսիի բանակցողները, իր բնույթով ուժային ազդեցության ռազմավարությանը տրամագծորեն հակառակ զարգացում է:

Հետեւաբար այդ գործում իրական առաջընթաց հնարավոր է, եթե տեղի է ունենում Ռուսաստանի ռազմավարության փոփոխություն, եւ Մոսկվան հրաժարվում է Կովկասում ուժային ազդեցության, հակամարտությունների միջոցով կառավարման ռազմավարությունից:

Իսկ Մոսկվան հրաժարվու՞մ է: Ակնհայտ նշաններ չկան, սակայն կան նշաններ, որ համենայն դեպս իր գործողություններում որոշակիորեն ավելացրել է «այլընտրանքային տրամաբանություն» պարունակող քայլերի ծավալը, որոնցից է նաեւ Վրաստանի հետ բանակցության առաջընթացը:

Մոսկվան լրջորե՞ն մտածում է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի տապալված գրոհով փաստացի սնանկ «հայտարարված» իր տարածաշրջանային ռազմավարության վերանայման մասին, թե՞ պարզապես ժամանակ է շահում այդ ռազմավարության «պատռվածքը» կարկատելու համար:

Ամենաընթերցվածը