Սերժ Սարգսյանը Պուտինից ստացավ ուզածը. Անկեղծ զրույց Կրեմլում

    • Մեկնաբանություն - 15 Մարտի 2017, 16:23
Գործընթացն ըստ երեւույթին հեշտ չէ, բայց վստահ եմ, որ ձեր գլխավորությամբ Հայաստանը կանցնի իր զարգացման այդ փուլը, Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձանագրելով, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կարեւոր իրադարձության՝ խորհրդարանի ընտրության ֆոնին:

Գործնականում կասկած չկա, որ Պուտին-Սարգսյան հանդիպմանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իշխանության ձեւավորման գործընթացի ներկայիս փուլը լինելու էին քննարկման առարկա: Այդուհանդերձ այն, որ Պուտինն այդ հանգամանքը ընդգծում է հրապարակային խոսքում, ուշագրավ է:

Նրա հայտարարությունը փաստացի նախընտրական աջակցություն է Սերժ Սարգսյանին: Պուտինը հույս է հայտնում, որ Հայաստանը նրա գլխավորությամբ կանցնի կառավարման մոդելի փոփոխության փուլը:, ինչը երեւի թե Մոսկվա այցի գլխավոր նպատակներից մեկն էր:

Ո՞րն է այդ աջակցության գինը: Կամ Սերժ Սարգսյա՞նն է գին վճարում այդ աջակցության համար, թե՞ Ռուսաստանի նախագահն է իր աջակցությամբ վճարում գին՝ այն բարդությունների համար, որում Մոսկվան հայտնվել է Հայաստանում դիրքերի առումով, հատկապես ապրիլի պատերազմից հետո:

Այդ իմաստով ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի նախօրեին Ռուսաստանի քարոզչական «մատյան գնդի» հրամանատար Կիսելյովը իր կիրակնօրյա վերլուծական թողարկմանը մի ամբողջ ռեպորտաժ էր նվիրել Հայաստանին, ընդ որում աննախադեպ շեշտադրումներով: Եթե ռուսական քարոզչությունը սովորաբար Հայաստանը ներկայացնում է մի սուբյեկտ, որը կորած է առանց Ռուսաստանի, ապա այս դեպքում Հայաստանը ներկայացվում էր գիտության եւ տեխնոլոգիայի կենտրոն, որն ունի ինտելեկտուալ, մարդկային ահռելի ռեսուրս, որի շնորհիվ կարող է հոգալ իր զարգացումը «լեռների մեջ փակվածության» պայմաններում:

Ինչո՞վ էր պայմանավորված ընդունելության այդ բարձր նոտան, մի կողմից բարդ է ասել՝ Ռուսաստանի իշխանությունն ինքը բավական բարդ կառուցվածք է եւ այնտեղ առկա են բավական լուրջ շահերի բախում եւ բաժանարար գծեր, որոնք հանգում են Պուտինի ընդունարանին, մյուս կողմից էլ թերեւս պարզ է՝ նկատի ունենալով 2016 թվականի ապրիլն ու ադրբեջանական արկերից եւ ռումբերից Հայաստանում պայթած ռուսական միֆերը:

Այդ տեսանկյունից բավականին ուշագրավ է նաեւ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Պուտինին, մասնավորապես հայ-ռուսական հարաբերության մասով: Խոսելով Հայաստանի եւ ՌԴ դիվանագիտական հարաբերության 25-ամյակի մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե դրանք եղել են սերտ հարաբերության տարիներ, եւ Հայաստանն ու Ռուսաստանը հասել են դաշնակցային հարաբերության անկեղծությանը, ինչպես ներկայացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Անկեղծության մասին Սարգսյանի ակնարկը բավական թափանցիկ է, քանի որ ապրիլի պատերազմին եւ դրանից հետո հայ-ռուսական հարաբերությունն իսկապես հասավ անկեղծության պահին, իսկապես պատռվեց միֆական, կարծրատիպային այն ամբողջ կեղծիքը, որով տարիներ շարունակ եւ հատկապես վերջին տարիներին սնուցվել էր Հայաստանի հասարակությունը:

Եվ այդ իմաստով առավել քան հատկանշական էր մի քանի ամիս առաջ Կիսելյովին տված հարցազրույցում Սարգսյանի արտահայտած մի միտք, թե հայ ժողովուրդը սպասում է, որ վտանգի պահին Ռուսաստանը շտապելու է օգնության, բայց «երազելը վնաս չէ»:

Պաշտոնական Երեւանն ապրիլի պատերազմի օրերին եւ դրանից հետո փորձում է բավական նրբորեն, զգուշորեն, երբեմն բավական բացահայտ օգտագործել այն բարդությունը, որ առաջացել է Ռուսաստանի համար Հայաստանի հանրության հետ հարաբերություններում:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը գործնականում Հայաստանի վրա իր ազդեցությունը երբեք էլ չի հիմնել կամ կառուցել Հայաստանի իշխանության միջոցով: Այդ ազդեցությունը հիմնված է եղել հանրային գիտակցության կամ ենթագիտակցության վրա, որն էլ տարիներ շարունակ ձեւավորվել է միֆերի եւ կարծրատիպերի հետեւողական ներդրմամբ:

Առանց հանրային այդ լեգիտիմության, Ռուսաստանն անկարող էր լիակատար տնտեսա-քաղաքական ազդեցություն հաստատել Հայաստանի իշխանության եւ պետականության վրա: Դա աներկբա է: Եվ այդ իմաստով է նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունն իսկապես հասել է «անկեղծության պահին», որի մասին ակնարկել է Սարգսյանը՝ Պուտինի նախընտրական աջակցությունը ստանալով:

Հարցը հենց այդ է, թե Սարգսյանը նոր իրավիճակն ինչին է ավելի շուտ ծառայեցնելու՝ սեփական իշխանության ծրագրերին կամ շահերի՞ն, թե Հայաստանի պետական շահին ու անվտանգությանը: Դրանք անկասկած ունեն դրվագային հատումներ, իսկ գուցե նույնիսկ կարող են այդպիսի հատումները լինել հաճախակի, այդպիսով նպաստելով մեկը մյուսին:

Բայց շատ կարեւոր է, թե ինչն է առաջնայինը, գերական, որն է մոտիվացիոն հիմքը՝ իշխանական, թե պետական շահը:

Դրանով է պայմանավորված, թե արդյոք Հայաստանը կպահի հետապրիլյան թափը հայ-ռուսական հարաբերություններում եւ կկարողանա դանդաղ, բայց շրջել դրանք, վերածելով իրապես միջպետականի եւ գործընկերայինի, կառուցել իրապես անկեղծ հարաբերություն:

Սակայն այստեղ գլխավոր եւ առանցքային դերն իհարկե Հայաստանի հանրությանն է, որը չունի ապրիլյան դիրքերից նահանջի իրավունք: Եվ ոչ միայն նահանջի իրավունք, այլեւ պետք է առաջ շարժվի հայ-ռուսական հարաբերության եւ օրակարգի էլ ավելի թելադրող դիրքեր դուրս գալու համար, քանի որ ներկայիս դիրքերը բավարար են կարճաժամկետ տեսանկյունից, սակայն հեռանկարների առումով դրանք չունեն դիմադրունակության մեծ ռեսուրս, եւ միֆերի ու կարծրատիպերի ռեւանշը կարող է լինել իրական:

Ամենաընթերցվածը