Ելակետային փոփոխություն Արցախի սահմանին

    • Մեկնաբանություն - 15 Մարտի 2017, 12:51
Ֆրանսիայում այդ երկրի նախագահ Օլանդի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպմանը հայտարարություններ են հնչել ստատուս-քվոյի անընդունելիության մասին: Դրա մասին խոսել է թե Օլանդը, թե Ալիեւը: Ֆրանսուա Օլանդը այդ մասին հայտարարել էր նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ մարտի 9-ին, միաժամանակ խոսելով նաեւ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման մասին եւ ասելով, որ դա թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին:

Օլանդի այդ հայտարարությունն աննախադեպ էր հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար, քանի որ միջնորդ եռանախագահ երկրներից մեկի ղեկավարը հայտարարում է, որ հրադադարի խախտումը ենթակա է պատժի՝ այսինքն, եթե խախտումն ապացուցվի, ապա պատիժը լեգիտիմ է:

Իսկ դա կարեւոր է անկախ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումից, քանի որ հայկական կողմը գործնականում անցել է նոր մոտեցման, եւ ձեռնարկելով կանխարգելիչ հարվածներ, ներկայացնում է նաեւ հրադադարի խախտման ադրբեջանական քայլերի ապացույցներ: Դրա վկայությունն էր փետրվարի 25-ի միջադեպը:

Սա լիովին նոր իրավիճակի եւ մոտեցումների վկայություն է:

Հատկանշական է, որ Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արված Ֆրանսուա Օլանդի այդ հայտարարությունից հետո հայտարարություն տարածեց Ադրբեջանի ԵԱՀԿ ներկայացուցիչը, ասելով, թե Բաքուն մերժում է հրադադարի մեխանիզմը, քանի որ առանց հայկական ուժերը հետ քաշելու դրա ներդրումը նշանակում է ստատուս-քվոյի ամրապնդում:

Ստացվում է ուշագրավ իրավիճակ՝ թե Ֆրանսիայի նախագահը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարում են, որ ստատուս-քվոն անընդունելի է: Բայց Ֆրանսիան հայտարարում է նաեւ, որ հրադադարի մեխանիզմների ներդրման ֆրանսիական առաջնահերթությունը փաստացի ստատուս-քվոյի ամրապնդում է:

Ստացվում է, որ ասելով անընդունելի ստատուս-քվո, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները նկատի ունեն լիովին տարբեր բաներ: Դատելով արձագանքներից, Ֆրանսիան օրինակ ստատուս-քվո ասելով նկատի ունի կարգավորման գործընթացում առկա մեխանիզմներն ու գործիքները, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը տարածքային բաղադրիչը, այսպես ասած սահմանների աշխարհագրությունը:

Ֆրանսիան փաստորեն առաջարկում է փոխել ստատուս-քվոն հակամարտության կարգավորման գործիքակազմում, կայունության ապահովման մեխանիզմներում, քանի որ եղած գործիքակազմի ստատուս-քվոն խիստ անարդյունավետ է, թույլ չի տալիս ունենալ քիչ թե շատ հուսալի ու երաշխավորված, կանխատեսելի կայունություն ու խաղաղություն:

Ադրբեջանը հայտարարում է, փաստորեն, որ այդ ստատուս-քվոյի փոփոխությունը կբերի տարածքային կամ աշխարհագրական ստատուս-քվոյի ամրապնդման, ինչի համար էլ Բաքուն դեմ է:

Այդպիսով, կարծես թե բավական շոշափելի ուրվագծվում է այն, որ ստատուս-քվո արտահայտությունը ներկայիս իրավիճակում չունի միարժեք իմաստ եւ նշանակություն, ու երբ որեւէ միջնորդ, հետաքրքրված պետություն կամ միջազգային կառույցի ղեկավար խոսում է Արցախի խնդրում ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին, ապա երեւի թե թյուր պատկերացում է այդ հայտարարությունները միարժեքորեն տարածքային-աշխարհագրական, սահմանային ստատուս-քվոյին վերագրելը:

Ավելին, այդ վերագրումը գործնականում հակամարտության շուրջ պատկերացումների թյուր կամ անհամարժեք վկայություն է, քանի որ անցնող երկու տասնամյակը ցույց տվեց, որ, եթե անվտանգության եւ առավել եւս խաղաղության հիմքում դրվում է տարածքային ստատուս-քվոյի փոփոխության ելակետը, ապա դա չի բերում անվտանգության եւ խաղաղության, այլ հանգեցնում է նոր լարվածության, բարդության եւ փակուղու, քանի որ ի տարբերություն այդօրինակ ընկալումների՝ աշխարհքաղաքական շահերն ու հետաքրքրությունները Կովկասում բացարձակապես միարժեք եւ միատարր չեն:

Ըստ այդմ, միջազգային հանրությունն աստիճանաբար գալիս է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդրի հանգուցալուծման կամ առնվազն սպասարկման առավել օպտիմալ եւ կենսունակ ելակետի՝ Կովկասի անվտանգության համակարգի ստատուս-քվոյի փոփոխություն, ինչը նշանակում է իրավիճակի կառավարման գործիքակազմի ստատուս-քվոյի փոփոխություն:

Ընդ որում, հատկանշական է, որ դա տեղի է ունենում ոչ միայն Արցախի հակամարտությունում, այլ նաեւ կարեւոր եւս մեկ ուղղության վրա՝ ռուս-վրացական, որտեղ մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց Աբխազիայի եւ Օսիայի այսպես ասած վիճելի տարածքներով տրանսպորտային հաղորդակցության միջանցքների շուրջ բանակցությունում որոշակի առաջընթացի մասին:

Դա եւս գործիքակազմի ստատուս-քվոյի փոփոխության միտում է, որին, ի տարբերություն Ադրբեջանի, շատ ավելի համարժեք է արձագանքում Վրաստանը: