Մնա՞լ, թե գնալ. Սերժ Սարգսյանը փորձում է պատրաստել երաշխիքների թղթապանակը

    • Մեկնաբանություն - 15 Մարտի 2017, 11:16
Սերժ Սարգսյանն ունի՞ նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետ առաջադրվելու մտադրություն, ցանկություն, թե ոչ, նա մտադիր է մնա՞լ, թե գնալ: Սերժ Սարգսյանը շարունակում է չտալ այդ հարցի պատասխանը: Հերթական անգամ նա պատասխանը չի տվել իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:

Սարգսյանը հայտարարել է, որ նախանշված պլան, որպես այդպիսին, չկա: Իհարկե դժվար է ներկայիս փոթորկվող եւ արագ փոփոխվող աշխարհում ունենալ իշխանության հետ կապված պլաններ, երբ Հայաստանի իշխանության եւ ընդհանրապես պետականության ընթացքի հարցում չափազանց մեծ է միջազգային անցուդարձի նշանակությունը:

Սերժ Սարգսյանը գուցե հոգնել է, համենայն դեպս հոգնածությունը նկատելի է անգամ նրա դեմքից, եւ կհեռանար մեծ սիրով, բայց Հայաստանում չկա հետիշխանական անվտանգության երաշխիք:

Այստեղ բանը միայն այն չէ, որ Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանական համակարգը մեծացրել է պետության կախվածությունն արտաքին աշխարհից: Կա մեկ այլ կարեւոր հանգամանք եւս, անկախ այդ արտաքին կախվածությունից, կամ դրա վերաբերյալ տարածված պատկերացումից:

Բանն այն է, որ միջազգային քաղաքականությունը, ներկայում գտնվելով անվտանգության համակարգի եւ հարաբերությունների խորքային տրանսֆորմացիայի փուլում, որը առաջ է բերել մի շարք տարածաշրջաններում բավական թեժ եւ անգամ պատերազմական զարգացումներ, խոշոր հակադրություն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ դրանից բխող լոկալ այլ վերանայումներով, ինքնին դառնում է բավական անկանխատեսելի:

Այդ իրավիճակում երբեք հնարավոր չէ հստակ պատկերացնել, թե մեկ կամ երեք տարի հետո այդ միջազգային քաղաքական իրադրությունն ինչպիսի քաղաքական որոշումների կամ ռազմա-քաղաքական քայլերի առաջ կկանգնեցնի Հայաստանի իշխանությանը:

Իսկ այդ իշխանությունը մի համակարգ է, որը մեղմ ասած երկու տասնամյակ շարունակ խնդիր ունի Սահմանադրության եւ օրենքի հետ, ձեւավորվել է դրանց հակառակ, հիմնվել դրանց շրջանցման ճանապարհով ձեռք բերված կապիտալի վրա, վերարտադրության եւ անվտանգ կենսագործունեության համար դիմել ներքին եւ արտաքին մի շարք քաղաքական եւ տնտեսական գործարքների՝ չկրելով դրանց համար քաղաքական պատասխանատվություն:

Ըստ այդմ, համաշխարհային ռազմա-քաղաքական զարգացումներն ու խոշոր վերադասավորումները կարող են հանգեցնել իրավիճակի, երբ Հայաստանի իշխանության համար որեւէ պահի անխուսափելի կլինի լուրջ որոշումներ կայացնելը, որոնք կշոշափեն նույն այդ իշխանության նախկին կամ ներկա մաս հանդիսացող սուբյեկտների կամ խմբերի շահերը եւ անգամ անվտանգությունը:

Ըստ այդմ, իշխանությունից դուրս գալով, թողնելով որոշում կայացնող առաջնային դիրքը, Սերժ Սարգսյանը հայտնվում է այդպիսի ռիսկի գոտում, առավել եւս, որ միջազգային զարգացումները դեռեւս տեւական ժամանակ բավական անկանխատեսելի կլինեն:

Այդ համատեքստում դժվար է ունենալ պլաններ, որովհետեւ մի կողմից թվում է, որ իշխանության մնալը դառնում է երաշխիք, սակայն անկանխատեսելի միջազգային քաղաքականության պարագայում իշխանության մնալու համառ փորձը կարող է հանգեցնել ռիսկերի գեներացման:

Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին որոշում կկայացնի առավելապես վերջին պահին՝ մնալ, թե գնալ: Մինչ այդ նա կփորձի պատրաստել իր որեւէ որոշման «գործը» կամ «թղթապանակը», որպեսզի այս կամ այն որոշման դեպքում իր մոտ «թղթերով ամեն ինչ կարգին լինի», ինչպիսին էլ լինի որոշումը:

Ի վերջո, դա է լինելու երաշխիքն անգամ ամենավստահելի ժառանգորդին իշխանությունը փոխանցելու պարագայում, որովետեւ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտե, որ հատկապես Հայաստանի իշխող համակարգում մարդիկ չեն վստահելի, այլ թղթերը: