Ապրիլի պատերազմի բացահայտումը. կյանքի եւ քաղաքականության գինը

    • Մեկնաբանություն - 17 Փետրվարի 2017, 19:15
Փետրվարի 17-ին տված մամուլի ասուլիսում պաշտպանության նախկին նախարար, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը դեմ էր պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությանը, նաեւ ՊՆ այլ պաշտոնանկությունների, որ տեղի ունեցան ապրիլի պատերազմից հետո, քանի որ բանակը չպետք է լիներ այն կառույցը, որի ուսերին ընկներ պատասխանատվությունն անարդյունավետ կառավարման համար:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Միրզաբեկյանը բավական ջանք է գործադրել բանակի նյութատեխնիկական ապահովման համար, նաեւ կապի եւ հետախուզության պատասխանատուները լավ են աշխատել:

Ապրիլի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը մի քանի աղկոտ պաշտոնանկություն իրականացրեց բանակում: Ալիկ Միրզաբեկյանը փոխնախարար էր, որը պատասխանատու էր սպառազինության համար: Նա պաշտոնանկ եղավ: Հեռացվեցին մատակարարումների համար պատասխանատու այլ պաշտոնյաներ, նաեւ պաշտոնանկ եղան ԶՈՒ գլխավոր շտաբի կապի եւ հետախուզության բաժինների ղեկավարները:

Պարզվում է, որ պաշտպանության նախարարը դեմ է եղել այդ պաշտոնանկություններին, համարելով, որ պաշտոնանկ լինողները նորմալ են կատարել իրենց աշխատանքային պարտականությունը:

Բանականաբար, առաջին հարցը, որ տրվում է Օհանյանին այն է, թե ինչու է այդ մասին բարձրաձայնում այժմ՝ երբ իշխանություն չէ: Ինչու՞ չէր խոսում այն ժամանակ, երբ նախարար էր:

Իշխանությունից հետո քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալող, իրավիճակը, համակարգը փոխելու դիրքերից հանդես եկող Սեյրան Օհանյանին կան բազմաթիվ հարցեր, որոնք հնչում են ու դեռ կհնչեն: Դրանք հիմնավոր հարցեր են, որոնք պատասխան են պահանջում եւ որոնց համոզիչ պատասխան տալը բխում է նաեւ հենց Սեյրան Օհանյանի քաղաքական շահից:

Սակայն, այդ հարցերով հանդերձ, աներկբա է, որ նրա քաղաքական գործունեության, նաեւ նախարարական գործունեության պարագայում կա մի նրբերանգ. դա այն ոլորտն է, որտեղ եւ որի կապակցությամբ ոչ միշտ է եւ ոչ ամբողջապես է, որ հրապարակայնությունը հնարավոր է, ամեն ինչ չէ, որ թե նախարարի, թե ընդդիմադիր գործչի կարգավիճակում հնարավոր է ասել այդ ոլորտի անցուդարձի, կառավարման ենթատեքստերի եւ այլնի առումով:

Այդպես է բոլոր այն երկրներում, որտեղ պաշտպանական ոլորտը բուտաֆորիա չէ եւ առավել եւս ներգրավված է հակամարտության մեջ:

Այս իմաստով, Սեյրան Օհանյանն անկասկած չի կարող ասել, թե ինչի հետ է համաձայն եղել նախարար եղած տարիներին, կամ ում հետ համաձայն չի եղել, ինչ պահանջներ է ներկայացրել, ներիշխանական ինչ անցուդարձ ու հարաբերակցություն է եղել, ինչ դիրքորոշումներ են եղել տնտեսական քաղաքականության հետ կապված: Ընդ որում, պետք է ընդունել, որ հրաժարականն այս դեպքում աներկբա թեսթ չէ, եւ եթե չի եղել հրաժարական, ամենեւին չի նշանակում, որ չի եղել տարաձայնություն եւ անհամաձայնություն եւ այն չի արտահայտվել ներիշխանական հարթակներում:

Խնդիրն այստեղ Սեյրան Օհանյանը կամ որեւէ այլ պաշտպանության նախարար չէ: Խնդիրն այստեղ պետության շահն ու անվտանգությունն է, հասարակական-քաղաքական գործընթացներում դրա հնարավորինս անաչառ գիտակցումը, այդ հանգամանքը քաղաքական պայքարի զինանոցի մաս չդարձնելը:

Այդ հարցում իհարկե առանցքային նշանակություն ունի պետական եւ քաղաքական ավանդույթների ու մշակույթի կայացածությունը: Այդ պայմաններում է, որ քաղաքական սուբյեկտների համար հստակ են լինում սահմանները, որից այն կողմ արդեն քաղաքական պայքարը սկսում է շոշափել պետական շահը:

Բայց, եթե հատկապես ապրիլի պատերազմից հետո Հայաստանի թե հասարակական, եւ թե առավել եւս քաղաքական դաշտում կա բանակի անունով երդվելու համընդհանուր տրենդ, ապա խիստ ցանկալի է, որ այն հիմնված լինի բանակի դերի, առաքելության, առանձնահատկության, հոգեբանական նրբերանգների գիտակցման վրա, ոչ թե լինի տուրք էմոցիային, նորաձեւությանը կամ սովորույթին, իսկ վատագույն դեպքում՝ իրավիճակային շահին:

Միեւնույն ժամանակ, եղել է մարդկային եւ տարածքային կորուստ, ինչը ենթակա է պարտադիր հետաքննության: Բայց՝ հետաքննության, ոչ թե ներքաղաքական հաշիվների պարզաբանման: Հակառակ դեպքում այդ իրավիճակը ոչ միայն չի օգնի ստանալ կարեւոր հարցերի պատասխանը, այլ խնդիրը կենթարկի պարզունակ մանիպուլյացիաների՝ կամա, թե ակամա: