Հայկական զինուժը դրեց Ադրբեջանի արգելքը

    • Մեկնաբանություն - 17 Փետրվարի 2017, 10:55
Մյունխենում անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել են հետագա հանդիպումների, միջնորդների տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ:

Մյունխենի հանդիպումից առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է կազմակերպել երեք արտգործնախարարների՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ֆորմատով հանդիպում եւ Բաքուն տվել է իր համաձայնությունը: Դրան ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Երեւանին հայտնի չէ այդպիսի հանդիպման մասին, եւ Հայաստանը տեղյակ է միայն Մյունխենում արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համանախագահների առաջարկին:

Մամեդյարովը մի քանի օր անց կրկնեց իր հայտարարությունը Մոսկվայի մտադրության մասին, թեեւ մինչ այդ էլ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհամաձայնության համար, բայց չի պարտադրում ոչինչ:

Փաստացի, հայկական կողմը «քաղաքավարի» հրաժարվեց արտգործնախարարների եռակողմ հանդիպման Մոսկվայի նախաձեռնությունից, այդպիսով փաստորեն չհամաձայնելով գործընթացը եռանախագահության ֆորմատից տեղափոխել եռակողմ ֆորմատ:

Աներկբա է, որ եռանախագահության ֆորմատում Երեւանն իրեն զգում է առավել հարմարավետ, քան եռակողմ ֆորմատում, որտեղ Ռուսաստանի ռազմավարությունը կամ այսպես ասած պլանները հայտնի են: Ապրիլի պատերազմի միջոցով այդ պլանների ռազմական առաջխաղացումը չստացվեց, ինչը որոշակի փակուղի ստեղծեց Ռուսաստանի համար, այդ թվում նաեւ Հայաստանի հանրության վերաբերմունքի իմաստով:

Մոսկվան ստիպված էր վերանայել իր մարտավարությունը, հատկապես, որ Երեւանն էլ փորձեց օգտվել հետապրիլյան իրավիճակից եւ որոշակիորեն առավել ամուր դիրքերից խոսել Մոսկվայի հետ: Բայց, ռազմավարության իմաստով Ռուսաստանի մոտեցումների վերանայումը նկատելի չէ, թեեւ այդ կապակցությամբ Բաքուն ունի ակնհայտ մտավախություններ, ինչով էլ պայմանավորվում է Բաքվի վատ քողարկված դժգոհությունը Մոսկվայից: Ալիեւը փորձեց նաեւ Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնել Լուկաշենկոյի հետ լապշինյան գործարքով, միեւնույն ժամանակ Եվրամիություն իր այցով: Թեեւ, ստացվեց միայն Լուկաշենկոյի հետ գործարքը, քանի որ Եվրամիություն Ալիեւի այցը գործնականում ունեցավ հակառակ էֆեկտ, եւ Ադրբեջանի նախագահին ցույց տվեցին իր տեղը:

Բաքվի համար նվազագույն խնդիրն իհարկե հրադադարի պահպանման հետաքննությունների միջազգային մեխանիզմի ներդրում թույլ չտալն է: Այդ առումով ստեղծված է հակասական իրավիճակ: Թվում է, որ բացի Ադրբեջանից այդ մեխանիզմի ներդրման կողմ հանդես են գալիս բոլորը՝ թե եռանախագահները, թե ԵԱՀԿ-ն, թե Հայաստանը: Դեմ է միայն Բաքուն: Բայց արդյոք Բաքուն կարող է միայնակ դիմադրել այդ մեխանիզմին:

Իհարկե այստեղ կա խնդիր, այն մասով, որ Ալիեւը ինքը գուցե կհամաձայներ, բայց չի կարող, քանի որ այդ մեխանիզմը նշանակելու է ստատուս-քվոյի ամրագրում, մինչդեռ սեփական հանրությանն Ալիեւը տարիներ շարունակ պատրաստել եւ առ այսօր պատրաստում է «հաղթական պատերազմի»:

Եթե Ալիեւը համաձայնի մեխանիզմի ներդրմանը, հանրությունը նրան չի հասկանա: Գուցե դա Ալիեւի համար փաստարկ է մեխանիզմին դիմադրելու հարցում, բայց նաեւ ակնհայտ է, որ նա ինքն է իր «ռազմական դիվանագիտությամբ» իրեն մղել փակուղի:

ԵԱՀԿ ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախորդ աշնանը տարածաշրջանային այցի ընթացքում դրական գնահատեց այն, որ Ալիեւը սկսել է խոսել կարգավիճակի մասին: Իսկ Ալիեւը Բաքվում ընդամենը հայտարարել էր, որ միջազգային հանրությունն իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը:

Կա՞ այդպիսի պահանջ Ալիեւին, թե ոչ, դժվար է ասել, սակայն Ուորլիքի արձագանքը վկայում էր, որ Ալիեւի այդ անդրադարձը ամերիկացի համանախագահը գնահատում էր Ադրբեջանի հանրությանը կարգավիճակի հարցին ադապտացնելու քայլ:

Այդուհանդերձ, Բաքվի համար դա թերեւս ընդամենը պլան Բ-ն է, եթե չստացվի պլան Ա-ն՝ այսինքն նոր, արդեն միջազգային լայն աջակցություն ունեցող պատերազմի իրավունք ձեռք բերելը: Բաքուն այդ հարցում ոչ միայն ունի լուրջ խնդիր, այլ նաեւ նկատելի է, որ առնվազն այժմ Ալիեւին արգելվում է պատերազմել:

Միեւնույն ժամանակ, այդ արգելքն իհարկե միջազգային դերակատարների կամքի «նոմինալ» արտահայտում չէ, այլ զգալիորեն կախված է նաեւ Հայաստանի դիրքորոշումից եւ քայլերից: Ի վերջո, Ադրբեջանի առաջ պատերազմի ճանապարհը եթե նույնիսկ ժամանակավոր, բայց փակվել է առաջին հերթին այն պատճառով, որ հայկական զինուժը ցույց է տվել անգամ որոշակի առավելության դեպքում իրեն հաղթելու անհնարինությունը: Եվ պատերազմի արգելքի երկարատեւությունը կախված է նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանա ապահովել անվտանգության եւ պաշտպանության մակարդակի աճ:

Այդ համատեքստում, Հայաստանի համար մյուս կարեւորագույն գործոնը Ռուսաստանի հետ հարաբերության վերանայումն է, որպեսզի Մոսկվան մշտապես զգա Հայաստանի հանրության վերաբերմունքի ապրիլյան շունչը, ստիպված լինելով Հայաստանի հանդեպ իր գործողությունները կառուցել այդ շնչից բխող անհրաժեշտության հիման վրա: Այլ կերպ ասած, Հայաստանի խնդիրն է Մոսկվայի հետապրիլյան այդ մարտավարությունը վերածել ռազմավարության, որովհետեւ եթե Ադրբեջանին հաջողվեց Մոսկվային վերադարձնել հին ռազմավարությանը, ապա ժամանակի ընթացքում՝ վաղ, թե ուշ, դրա հետեւանքը Հայաստանի համար կարող է ավելի ծանր լինել, քան ապրիլին:

Ներկայում Հայաստանի համար բարենպաստ միջազգային միջավայր է, բայց այդ միջավայրի ազեցությունը կայուն կլինի այն դեպքում, երբ Հայաստանը կայուն լինի իր անելիքի հարցում: Մյունխենի համաժողովից հետո արտգործնախարար Նալբանդյանը մեկնելու է Մոսկվա եւ հանդիպում է ունենալու Լավրովի հետ: Կհալվի՞, թե կայուն կմնա Նալբանդյանը: