Սերժ Սարգսյանի ապագան. «Ժառանգորդ» օպերացիան

    • Մեկնաբանություն - 16 Փետրվարի 2017, 22:15
Լուսանկարը` PanArmenian Photo
Լուսանկարը` PanArmenian Photo
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում Սերժ Սարգսյանի բացակայությունը հասարակությունում տարատեսակ արձագանքներ է առաջացրել: Հիմնականում մտահոգություններ են հնչում, որ Սարգսյանը մտադիր է «վերածնվել» կամ որպես վարչապետ, կամ էլ խորհրդարանի խոսնակ: Քաղաքականությունից հեռանալու տարբերակը սակայն չի քննարկվում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ Սարգսյանը չի կարող խոսնակ դառնալ, քանի որ սեփական ցանկությամբ չի ընդգրկվել նախընտրական ցուցակում, իսկ վարչապետ լինելու է Կարեն Կարապետյանը:

Ճիշտ է, մինչեւ 2018 թվականի ապրիլը Սերժ Սարգսյանը կարող է մնալ նախագահի պաշտոնում, եւ նա ասել է, որ մտադիր չէ մեկ օր շուտ անգամ լքել այն: Ի՞նչ է լինելու 2018 թվականից հետո, կամ եթե հանկարծ հարկ լինի շուտ հեռանալ: Սերժ Սարգսյանը քաղաքական ապագա ունի՞, թե իրոք արել է իր գործը, հոգնել է եւ ցանկանում է հանգստի անցնել:

Շատ բան, անկասկած, կախված է լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից, ավելի ճիշտ ընտրությունների ժամանակ «արյունահեղությունից» խուսափելուց, որի մասին այդքան հաճախ հիշեցնում են Գագիկ Ծառուկյանն ու մյուսները, որովհետեւ դրանով է պայմանավորված լինելու, թե արդյոք Սերժ Սարգսյանը կկարողանա իրականություն դարձնել իր սխեման: Չէ՞ որ նա «խաղաղ» կարող է հեռանալ միայն այն դեպքում, եթե ավարտին հասցնի իր ծրագիրը եւ «ժառանգորդ» նշանակի:

Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը ոչ ոքի հետ չի կիսվում իր ծրագրերով ու սխեմաներով: Հնարավոր է, կան մի շարք պաշտոններ, որտեղ Սարգսյանն իրեն տեսնում է ապագայում: Օրինակ, նա կարող է գլխավորել ընդլայնված լիազորություններով անվտանգության խորհուրդը կամ էլ, օրինակ, դառնա սփյուռքի մասնակցությամբ ազգային խորհրդի նախագահ:

Դա սակայն հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը կարողանա իշխանության բերել այն մարդուն, ում քաղաքական «ժառանգորդ» է ընտրել, իսկ խորհրդարանում լինեն իրեն երախտապարտ մարդիկ: Սարգսյանը բազմիցս է ասել, որ երկրի ցանկացած ղեկավար պետք է նախօրոք պատրաստվի իշխանությունը հուսալի ձեռքեր փոխանցելուն:

Շատերն ասում են, որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ուրեմն նա էլ հավակնում է «ժառանգորդի» գահին: Որպես նախարար նա հասցրել է մի քանի նշանակալի քայլ անել՝ ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը (որը պետք է նրա համար ապահովի Ռուսաստանի «դաբրոն»), ինչպես նաեւ ի հեճուկս կոշտ հանրային քննադատության՝ խորհրդարանում անցկացրել 1000 դրամների օրենքը: Այդ օրենքը ոչ միայն ամենամսյա խոշոր մուտքեր է ապահովել հատուկ հիմնադրամում, այլ նաեւ թեստ էր Վիգեն Սարգսյանի համար, թե կարող է արդյոք հաղթահարել հանրության դիմադրությոնը:

«Ժառանգորդ» օպերացիայի մյուս մասնակիցը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Տարածված կարծիք կա, որ նրան Մոսկվայից են նշանակել: Կարեն Կարապետյանին Հայաստանում մշտական բնակության փաստաթուղթ չեն տվել, եւ նա չի ընդգրկվել նախընտրական ցուցակում: Դա նրան չի զարմացրել: Ուսանողների հետ հանդիպմանը Կարապետյանն ասել է, որ «հավանաբար, ինչ-որ բանով չի բավարարել պահանջներին»:

Եվ մի կարեւոր հարց՝ ում է փոխանցվելու իշխանության գլխավոր իրավունքը՝ ուժի կիրառման իրավունքը: