Գործարքն ուժի մեջ է. Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանը

    • Մեկնաբանություն - 15 Փետրվարի 2017, 15:22
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ներկայացնելով Ծառուկյան դաշինքին կուսակցության չմիանալու պատճառները, հայտարարել է, որ հիմնական խոչընդոտը եղել է Հովիկ Աբրահամյանը: Նարեկ Գալստյանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանն ազդեցություն ունի դաշինքում տեղի ունեցող գործընթացների վրա:

ՍԴՀԿ-ն համարվում էր Ծառուկյան դաշինքին միանալու առաջին հավակնորդներից մեկը: Կուսակցությունը բանակցել է Ծառուկյանի հետ, ըստ Նարեկ Գալստյանի եկել են պայմանավորվածության, սակայն հետո Ծառուկյանը սկսել է միակողմանի խախտել պայմանավորվածությունը:

Գագիկ Ծառուկյանի մեկնաբանությամբ, որ ներկայացրել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանն ընդամենը մերժել է դաշինքին հնչակյանների միանալը, քանի որ չի ցանկացել թեժացնել ներհնչակյան տարաձայնությունները, որ կան այդ անվան տակ հանդես եկող տարբեր կառույցների միջեւ:

Մինչ այդ, մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանին փորձում է համոզել ընտրության գնալ ԲՀԿ ցուցակով, առանց դաշինքի: Փաստորեն, Նարեկ Գալստյանն էլ հայտարարում է, որ Հովիկ Աբրահամյանն է թելադրում Ծառուկյանի գործողությունները եւ նա է ընդհատել դաշինքի ձեւավորումը:

Ինչպես հայտնի է, Ծառուկյանը մերժեց նաեւ ռամկավարներին՝ կրկին ներքին տարաձայնություններ չհրահրելու պատճառաբանությամբ:

Այդպիսով, Ծառուկյան դաշինքն իրականում հանդիսացավ միայն անուն, քանի որ գործնականում դա նույն ԲՀԿ-ն է, համալրված մի քանի այլ ուժերի ներկայացուցիչներով: Խոշոր հաշվով, այդ հանգամանքը Ծառուկյանի նախընտրական արդյունքի համար հազիվ թե էական դեր խաղա, քանի որ նրա դաշինքն առանց այդ էլ չուներ ազդեցիկ ուժեր ներգրավելու հավակնություն: Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի համար խնդիրն անկասկած շատ ավելի համեստ եւ պարզ է՝ ունենալ խորհրդարանում այնպիսի ներկայություն, որը նրան թույլ կտա լինել Հայաստանում համակարգային անցման դերակատար եւ այդ անցման շրջանում պաշտպանել սեփական ունեցվածքը:

Մեծ հաշվով, Ծառուկյանն այդ խնդիրն էր հետապնդում նաեւ մինչեւ 2015 թվականի փետրվար, երբ լուրջ մտավախություն ուներ, որ Սերժ Սարգսյանը «ունեզրկելու» է իրեն: Ծառուկյանին այդ հարցում համոզել էին թե առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, թե երկրորդ նախագահ Քոչարյանը, թե խոշոր հաշվով նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հանդես էր գալիս օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարի հռչակագրով:

2015 թվականի փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի առանձնատանը Ծառուկյանին հավաստիացրեց, որ եթե նա առանց դիմադրության դուրս գա քաղաքականությունից, ապա երաշխավորում է նրա բիզնեսի անձեռնմխելիությունը: Ծառուկյանը հավատաց, եւ գործարքը կայացավ, ուժի մեջ մնալով առնվազն մինչեւ ընթացիկ տարվա հունվար, երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական էջը բացելու մասին:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի ողջունել այդ քայլը: Բայց ակնհայտ է, որ Սարգսյանն առնվազն չի էլ խոչընդոտել այդ քայլին: Դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի տանը ձեռք բերած նրանց պայմանավորվածությունը գործնականում մնում է ուժի մեջ, ոչ ոք չի խախտել այն: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ է Ծառուկյանը վերադառնում, արդյոք պայմանավորվել էին, որ նա վերադառնալու է 2017-ից առաջ:

Այստեղ իհարկե իրավիճակը միարժեք չէ: Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանն ըստ ամենայնի իրականությունը չեն թաքցնում, երբ հայտարարում են, որ վերադարձը պայմանավորված չէ: Պարզապես, այն ըստ էության չի հակասում պայմանավորվածությանը, որ ձեռք են բերել 2015 թվականի փետրվարին:

Բանն այն է, որ 2015-ին ձեռք բերված պայմանավորվածությունը կանգ է առել 2018-ի վրա, եւ Սերժ Սարգսյանը մինչեւ այդ երաշխիք տալով Ծառուկյանին, դրանից հետո նրան որոշակի բան չունի ասելու: Ընդ որում, ոչ թե թաքցնելու, այլ ավելի շուտ թերեւս այն իմաստով, որ Սարգսյանն ինքն էլ դեռեւս չգիտե, թե ինչ կստացվի իր մոտ 2018-ի ապրիլից հետո:

Այստեղ խնդիրն այն չէ, որ Սարգսյանը չգիտե, թե ինքն ինչ է ուզում, այլ այն, որ պարզ չէ, թե արդյոք նա կարող է իրականացնել իր ուզածը կամ իր ուզած որ տարբերակը կկարողանա իրականացնել, ի վերջո կմնա՞ որոշողն իշխանության մեջ, թե՞ ստիպած կլինի զիջել դիրքերը:

Ահա այդ համատեքստում, Գագիկ Ծառուկյանն ընդամենը փորձում է ստեղծել իր ապահովության որոշակի երաշխիքները, ինչն էլ ամենեւին հակասության մեջ չէ այն պայմանավորվածությունների հետ, որ նա ձեռք է բերել Սերժ Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանի տանը: Այսինքն, Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ չէ, որ վերադառնում է քաղաքականություն կամ բացում փակված էջը: Նա բացում է այդ էջը Սերժ Սարգսյանից հետո զարգացումներին պատրաստ լինելու համար, առնվազն քանի դեռ դրանք անորոշ են նաեւ Սերժ Սարգսյանի համար:

Այդ իմաստով, Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա կրում է բավական հարաբերական բնույթ: Աբրահամյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա այնքան է, որքանով որ Ծառուկյանը նրան դիտարկում է որպես քաղաքական «էջանշան», որը քաղաքականության էջը հերթական անգամ փակելուց կդնի Ծառուկյանը, երբ կորոշակիանա 2018-ի հետապրիլյան հեռանկարը, եւ Ծառուկյանը ստանալով առավել երկար երաշխիքներ՝ քաղաքականությանը կվերաբերի արդեն զգալիորեն նվազած մոտիվացիաներով: