ԱԱԾ-ն հայտարարել է գրոհի եւ արտակարգ իրավիճակի մասին

    • Մեկնաբանություն - 14 Փետրվարի 2017, 11:24
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է միջազգային հանցավոր խմբի գործունեության մասին, որը Հայաստանի բանկային համակարգի ծրագրեր ներթափանցելով կարողացել է հափշտակել 133 միլիոն դրամ: Խումբը դա արել է էլեկտրոնային նամակների միջոցով, դրանք ուղարկելով բանկային համակարգի աշխատակիցներին՝ Հայաստանի պետական կառավարման կառույցների անունից:

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ քաղաքացիները չբացեն անծանոթ նամակները, քանի որ դրանք կարող են պարունակել նույն վտանգը եւ դառնալ բանկային հափշտակությունների պատճառ:

ԱԱԾ հայտարարությունը գործնականում աննախադեպ է Հայաստանի համար, թեեւ միջազգային մասշտաբով հաքերային այդ հանցավորությունը վաղուց նոր ժամանակաշրջանի մարտահրավերներից մեկն է:

Մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերին տեղեկություն տարածվեց, թե հաքերները միջազգային մասշտաբով հարձակում են գործել բանկոմատների վրա, մուտք գործել դրանց ծրագրային բազա եւ կատարել հափշտակություններ: Միջազգային լրատվամիջոցների, մասնավորապես Ռոյթերզի այդ տեղեկության մեջ նշվում էր, որ հաքերները այդ հարձակումը գործել են նաեւ հայաստանյան բանկոմատների վրա:

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքեց այդ տեղեկությունը, հայտարարելով, որ Հայաստանի բանկերն ու բանկոմատները ունեն բավարար անվտանգություն եւ չեն ենթարկվել հաքերների հարձակման ու հափշտակության:

Հասկանալի է, որ Կոնտրոնական բանկն այլ բան հայտարարել չէր էլ կարող, առնվազն խուճապ չառաջացնելու եւ բանկային համակարգի ռիսկերը պարզապես չբազմապատկելու համար:

Այդուհանդերձ, չորս ամիս անց Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է հաքերային հանցավորության միջոցով Հայաստանի բանկային համակարգից 133 միլիոն դրամ հափշտակության մասին եւ նախազուշացնում քաղաքացիներին, որ չբացեն անծանոթ էլեկտրոնային նամակները:

ԱԱԾ-ն հրապարակում է նաեւ երեք օտարերկրացու դիմանկար, որոնք գտնվում են Հայաստանից դուրս՝ ենթադրաբար, ըստ հայտարարության, եւ հետախուզվում են հանցագործությունը կատարելու համար:

Իսկ կա՞ երաշխիք, որ Հայաստանի բանկային համակարգը այդ գրոհից հետո առավել պաշտպանված է նոր հափշտակություններից:

Բանկային համակարգի հանդեպ անվստահությունը լրջագույն մարտահրավեր է որեւէ պետության համար, առավել եւս Հայաստանի, որտեղ այդ համակարգը տնտեսության կայացած եւ համեմատաբար արդիական ու կայուն թերեւս եզակի ճյուղերից մեկն է:  Բանկերի հանդեպ գրոհը գործնականում հավասարազոր է պետության վրա գրոհի:

Միաժամանակ հետաքրքիր է, որ այդ մասին հայտարարվում է նախընտրական շրջանում, որտեղ ֆինանսական հոսքերի խնդիրը դառնում է առավել կարեւոր: Խոսքը միայն այն մասին չէ, որ կատարվելու են նախընտրական հիմնադրամների պաշտոնական թվերը գերազանցող ահռելի ծախսեր, բաժանվելու է ընտրակաշառք, պահվելու են աշխատող թիմեր եւ այլն:

Խոսքը նաեւ այն մասին է, որ Հայաստանում վճռորոշ շրջանում է իշխանության ձեւավորման փուլը, մի շարք առանձնահատկություններով: Իսկ ֆինանսական հոսքերը նաեւ տարբեր սուբյեկտների քաղաքական գործունեության վերահսկման առանցքային մեխանիզմներից են, առավել եւս, որ հնչում են հայտարարություններ հետընտրական հետաքրքիր զարգացումների մասին:

Հայաստանի բանկային համակարգից խոշոր հափշտակության մասին ԱԱԾ հայտարարությունը փաստացի հայտարարություն է այդ համակարգում արտակարգ իրավիճակի, ըստ այդմ ֆինանսական անվտանգության բարձրացման տեսանկյունից արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու հիմքերի մասին: