Պարզվում են Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակները»

    • Մեկնաբանություն - 13 Փետրվարի 2017, 22:19
Նախկին այլախոհ եւ ազնիվ մարդ Ազատ Արշակյանը Lragir.am-ի հետ զրույցում հարց է տվել, թե ինչու են բիզնես, կարգավիճակ եւ անհրաժեշտ ամեն բան ունեցող օլիգարխներն ու օդիոզ մարդիկ խորհրդարանում տեղի համար ծանր պայքարի մեջ մտնում: Ավելի հեշտ չի՞ հագիստ զբաղվել սեփական գործով, իսկ քաղաքականությունը թողնել ավելի գրագետ ու իրազեկ մարդկանց:

Պատգամավորական մանդատը կարեւոր առանձնահատկություն ունի՝ այն անձեռնմխելիություն է ապահովում: Օրենքի հետ խնդիրներ ունեցող շատ մարդիկ պատրաստ են ամեն ինչ տալ անձեռնմխելի դառնալու համար: Խորհրդարանում հայտնվելով՝ նրանք դառնում են իրենց անձեռնմխելիություն տվողների հնազանդ կամակատարները:

Հետաքրքիր օրինակ է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեպքը: Նրա անունը հիշատակվել է Պանամայի օֆշորային սկանդալի փաստաթղթերում, որոնք հրապարակվել են անցյալ տարի: Փաստաթղթերի համաձայն՝ Միհրան Պողոսյանն ու իր երկու հարազատները Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետերեր են, որոնց միջոցով զբաղվում են բիզնեսով՝ թաքցնելով եկամուտները, ինչպես նաեւ բյուջետային միջոցների ներգրավմամբ նախագծեր են իրականացնում:

Միհրան Պողոսյանն անցյալ տարվա ապրիլին հրաժարական տվեց, քրեական գործ հարուցվեց, սակայն խորհրդարանական ընտրություններին առաջադրումներից առաջ՝ 2017 թվականի հունվարին, նրա դեմ գործը փակեցին:

Դա համընկավ Պանամայում պանամական սկանդալի գործի փակման հետ: Այն ժամանակ հայտարարվեց, որ Պանամայի սկանդալով հետաքննությունները դադարեցվում են ամբողջ աշխարհում: Օրերս, սակայն, Mossack Fonseca ընկերության սեփականատերերը ձերբակալվեցին, այսինքն՝ գործը փակված չէ:

Միհրան Պողոսյանն իր դեմ գործի փակումից անմիջապես հետո նախընտրական արշավի մեջ մտավ եւ, ըստ ամենայնի, ամեն ինչի պատրաստ է պատգամավորական անձեռնմխելիություն ստանալու համար: Նա առաջադրվում է Ավան թաղամասում:

Պողոսյանը հայ պաշտոնյաներից մեկն է, որը մտել է միջազգային «սեւ ցուցակներ»: Կար նաեւ Վարդան Այվազյանի գործը, որին Նյու Յորքի դատարանը մեղավոր է ճանաչել կոռուպցիոն գործով: Հավանաբար, կան բազմաթիվ այլ պաշտոնյաներ՝ ներկա ու նախկին, որոնք չէին ցանկանա բախվել ներքին, առավել եւս միջազգային արդարադատությանը: Նրանց անունները դեռ չեն հայտնում:

Անցյալ տարի Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն աղմկոտ այցով ԱՄՆ-ում էր, որտեղ, ինչպես գրում են լրատվամիջոցները, նրան «սեւ» ցուցակներ են ներկայացրել: Հավանաբար խորհրդարանական ընտրությունների ընթացքից է կախված լինելու, թե ում անունը կա այդ ցուցակներում, ում են «փրկելու» խորհրդարան մտցնելու միջոցով, իսկ ով կդառնա միջազգային հետաքննության զոհը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը վերջերս հայտարարել է, որ կոռուպցիայի մեջ ներգրավված հայ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի: Նա պաշտոնյաների ցանկ չի ներկայացրել, որոնց վիզայի հայտը կամ էլ ամերիկյան ֆինանսավորմամբ նախագծերում մասնակցությունը մերժել են, սակայն ասել է, որ այդպիսի պաշտոնյաներ կան: