ԱՄՆ-ում հնարավոր է որոշում կա Ադրբեջանի իշխող ռեժիմը փոխելու հարցում

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2017, 20:19
Ամերիկացիների շահերն Ադրբեջանում

ԱՄՆ հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ նկատելի նվազել է, քանի որ Իլհամ Ալիեւը կատարել է բոլոր հնարավոր պարտավորություններն Արեւմտյան հանրության առջեւ, նավթային ու էներգահաղորդակցությունների նախագծերի մասով:

Տնտեսապես շահավետ ադրբեջանական նավթի ու գազի գործնականում բոլոր ռեզերվները Արեւմտյան ընկերությունների վերահսկողության տակ են, եւ այս հարցում չեն կարող լինել որեւէ փոփոխություններ ու անակնկալներ:

Ադրբեջանի անվտանգությունն ԱՄՆ-ին հետաքրքրում է բացառապես նավթային շահերի կապակցությամբ:

Ադրբեջանը մնում է Թուրքիայի վասալը, ընդ որում՝ ոչ այնքան ազնիվ գործընկեր: ԱՄՆ-ն տարիների ընթացքում փորձել է Ադրբեջանը հեռացնել Թուրքիայից, ինչը որոշակի առումով հաջողվել է, սակայն այդ գաղափարն ի վերջո տապալվել է:

Հնարավոր է այս հանգամանքն էլ դարձել է Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության պատճառը: Ադրբեջանից Իրանի ոչ գործընկեր, ոչ հակառակորդ, ոչ էլ Ռուսաստանի ընդդիմախոս դուրս չեկավ: Սա բավական անհուսալի երկիր է եւ իրենից ներկայացնում է Թուրքիայի ծաղրանկարը: ԱՄՆ-ի համար կարեւոր է ոչ թե Ադրբեջանի հետ համագործակցությունը, այլ նրան ենթարկված վիճակում պահելը:

Ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում ավելի ու ավելի է զգացվում ամերիկյան արտաքին քաղաքականության հզոր լծակը՝ ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահանջը: Նավթից մեծ եկամուտներ ստանալով, Ադրբեջանը փորձում է ավելի անկախ լինել արտաքին քաղաքականության մեջ, ինչը բացարձակապես ձեռնտու չէ ԱՄՆ-ին:

Բացի այդ, ԱՄՆ լիբերալ ԶԼՄ-ները եւ ինտելեկտուալ շրջանակները պարբերաբար խիստ բացասական գնահատականներ են տալիս Ադրբեջանի իշխող ռեժիմին: Վաշինգտոնը չի կարող չարձագանքել դրան:

Ներկայում ԱՄՆ-ն գործնականում ձեւավորել է Ադրբեջանի հանդեպ իր քաղաքականության շրջանակները, ինչը ենթադրում է հետեւյալը. ԱՄՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխության պայմաններում, ինչպես նաեւ Կովկասն ու Կենտրոնական Ասիան վերահսկողության տակ առնելու Թուրքիայի ձգտումների կապակցությամբ  շահագրգռված է Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների թուլացմամբ:

Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի ռազմական ռազմավարության մեջ Ադրբեջանի դերը հանգում է ռազմական ու ռազմատեխնիկական տրանզիտի համար նրա օդանավակայանների օգտագործմանը, այն պարագայում, երբ Ադրբեջանը մեծ սպասումներ ուներ, այդ թվում Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ԱՄՆ ռազմական օգնության մասով (ինչը ներկայում արդեն ծիծաղելի է թվում):

Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ամբողջովին վերահսկում էին Ադրբեջանի ընդդիմությունը, փաստացի ճնշելով նրա գործունեությունը, սակայն ներկայում վերակենդանացնում են այն, տրամադրելով լայն ֆինանսական, քաղաքական եւ քարոզչական օգնություն:

Ընդ որում, չնայած որոշ քաղաքագետների պնդումներին, թե Ալիեւը նյարդայնացնում է ամերիկացիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների ու Իրանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերի արդյունքում, կա այլ վարկած՝ կապված Ադրբեջանի ներկայիս ռեժիմի հանդեպ ԱՄՆ սկզբունքային դիրքորոշման հետ:

Հնարավոր է՝ Վաշինգտոնում կա Բաքվում իշխող ռեժիմը փոխելու որոշում:

Այս դեպքում ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ողջ տարածաշրջանին սպասվում են նշանակալի փոփոխություններ: Դժվար թե տեղի ունենա Ադրբեջանի արտաքին քաղաքականության էական փոփոխություն, այդ թվում ղարաբաղյան խնդրում, սակայն կարող է հաստատվել առավել ժողովրդավարական կառավարում:

Ադրբեջանական հասարակությունը, քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակնհայտորեն գերագնահատել են իրենց երկրի նշանակությունը ԱՄՆ ռազմավարական ծրագրերում: Ադրբեջանի հարցում ԱՄՆ-ն այնքան մեծ մտադրություններ չունի, որքան թվում էր նախկինում: ԱՄՆ-ի ու Արեւմուտքի նույնիսկ նավթային շահերը Ադրբեջանին թույլ չեն տվել հասնել իր նպատակներին միջազգային ասպարեզում: