«Գաղտնի պակտը» լուծարվե՞ց. Սերժ Սարգսյանի ուշագրավ խաղը

    • Մեկնաբանություն - 11 Հունվարի 2017, 13:52
Հրապարակ օրաթերթը գրում է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը անհանգստացնում է Տաշիր գրուպի սեփականատերեր Կարեն եւ Սամվել Կարապետյաններին: Ըստ թերթի, նրանք կարծում են, որ Ծառուկյանի վերադարձը կարող է իրավիճակ փոխել եւ վնասել իրենց քայլերին:

Կարապետյանները Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացման «վկաներն» են: Հեռացման «ակտը» կամ «պակտը» կնքվեց Հովիկ Աբրահամյանի տանը, 2015 թվականի փետրվարի 16-ին, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Վկաների թվում էր նաեւ ՀՅԴ-ն:

Արդյոք այն, որ Կարապետյանները դժգոհ են Ծառուկյանի վերադարձի հեռանկարից, նշանակում է, որ նրա վերադարձը որոշակիորեն դուրս է 2015 թվականի «պակտի» կամ «ակտի» շրջանակից: Համենայն դեպս, դրանից հետո տեղի ունեցան հետաքրքիր իրադարձություններ: Սերժ Սարգսյանը նախ ուժեղացրեց իր իշխանությունը, իսկ հետո նաեւ հեռացրեց Հովիկ Աբրահամյանին: Վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, որը Սամվել եւ Կարեն Կարապետյանների բիզնես գործընկերն է եւ մտերիմը, ըստ մամուլի:

Այդ իմաստով, բացառված չէ, որ Հովիկ Աբրահամյանի տանը կնքված «պակտով» Սերժ Սարգսյանը հայտնել է նախագահի պաշտոնի ավարտից հետո քաղաքականությունից հեռանալու պատրաստակամություն, եթե այդ պահին առանց դիմադրության հեռանա Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, բացառված չէ, որ տեղի է ունեցել երկակի խաղ: Ասինքն, մի կողմից Հովիկ Աբրահամյանն է հույս ունեցել, որ Սարգսյանի հեռանալուց հետո իշխանությունն անցնում է իրեն, մյուս կողմից Կարապետյաններն են ունեցել Սարգսյանի հետ այլ «սեպարատ» պայմանավորվածություն, որ Սարգսյանը իշխանությունը փոխանցելու է իրենց:

Սարգսյանը Աբրահամյանին հուսախաբ արեց, Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ, այդպիսով մեկ քայլ կատարելով  իշխանությունը Կարապետյանների եռյակին փոխանցելու ուղղությամբ: Բայց նոր կառավարության ձեւավորումից հետո տեղի ունեցան բավական տարօրինակ իրադարձություններ: Օրինակ, Սամվել Կարապետյանը հարկ համարեց հայտարարել, որ խոշոր ներդրումների մասին մամուլի տեղեկությունները անհիմն են եւ ունեն իր ներդրումների հետ կապված արհեստական սպասում առաջացնելու նպատակ: Թե ով է հետապնդում այդ նպատակը, Կարապետյանը չէր մանրամասնել, բայց հայտարարությունն ինքնին շատ ուշագրավ էր:

Փաստորեն, Կարապետյանը հայտարարում էր, թե չպետք է հույս ունենալ, որ նա կֆինանսավորի նոր վարչապետի գործունեությունը: Առաջին հայացքից թվում է, որ կա հակասություն: Եթե Կարապետյանները մտերիմ են, ապա պետք է լիներ հենց հակառակը: Բայց, խնդիրն այն է, որ դեռեւս ամենեւին փաստ չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը իսկապես վարչապետ է, քաղաքական գործոն, եւ, որ կատարված ներդրումները լինելու են օգնություն հենց նրան, ոչ թե Սերժ Սարգսյանին:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականի փետրվարից հետո առնվազն երկու անգամ ակնարկել է, որ նվազագույնը դիտարկում է նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնին մնալու հարցը: Նա այդ հնարավորությունը բաց է պահել անգամ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո: Այլ կերպ ասած, կասկած կա, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ եւ թողնել ակտիվ քաղաքականությունը նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Եվ ահա այդ համատեքստում, երբ հրապարակ է գալիս նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը, ապա կասկածները, որ Սարգսյանը բացարձակ մտադրություն չունի թողնել իշխանությունը, առաջին դեմքի դիրքերը եւ ազդեցությունը, ավելի են խորանում:

Ծառուկյանը չի կարող վերադառնալ առանց Սարգսյանի հետ համաձայնեցնելու, առանց նրա հավանության: Դա աներկբա է: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը քաղաքականություն է մղում նաեւ Սեյրան Օհանյանին, որը կապահովի ընդդիմության այսպես ասած ռազմա-քաղաքական «բլոկը»: Այդպիսով, Ծառուկյանը կապահովի սոցալական, Օհանյանը՝ ռազմա-քաղաքական բլոկը, այդպիսով բարձրացնելով Սերժ Սարգսյանի «անկախությունը» Կարապետյաններից:

Օհանյանը նրանց համար այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ Կարապետյանները «ռազմա-քաղաքական» առումով չունեն առանձնակի շեշտադրումներ: Նրանց «ֆիշկան» ֆինանսական-սոցիալականն է եւ հասկանալի է, թե ինչու է Ծառուկյանի ակտիվ քաղաքական կարգավիճակի վերականգնումը նրանց համար անցանկալի: Սերժ Սարգսյանը դրա շնորհիվ ձեռք բերելով որոշակի «անկախություն» թե ՀՀԿ մեծամասնությունից, թե Կարապետյաններից, արդեն ոչ միայն հետ կկատարի այն քայլը, որ արել էր Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով, այլ կանի արդեն մեկ քայլ դեպի իշխանությունը որեւէ տարբերակով պահելու իր մտադրությունը:

Ամենաընթերցվածը