Սպառնալիք Ռուսաստանից. Այս անգամ ինչ է մտածել Մոսկվան

    • Մեկնաբանություն - 10 Հունվարի 2017, 22:39
2017 թվականը Ռուսաստանում խոստանում է դառնալ 2015 թվականի տրամաբանական շարունակությունը, երբ նշվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակը: 2017 թվականին Ռուսաստանը մտադիր է «արժանավայել» տոնել Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը:

Ռուսաստանը Հաղթանակի 70-ամյակն օգտագործել է «ապացուցելու», որ իրավունք ունի մասնակցել աշխարհն «ազդեցության նոր գոտիների» բաժանելու գործին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված սոցիալիստական ճամբարը եւ Վարշավայի պայմանագիրը փլուզվեցին 1991 թվականին: Ռուսաստանը պետք է իրավական հիմքեր գտներ նոր «Յալթային» իր նախագահի մասնակցության համար, եթե այն կայանա: Դրա համար Մոսկվան պետք է ցույց տա, որ գործող աշխարհակարգն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդ որում, Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ:

Պուտինը չի կարողացել իր նպատակին հասնել: Մոսկվայում Հաղթանակի շքերթին համաշխարհային առաջնորդներից ոչ ոք չի մասնակցել, անգամ հետխորհրդային երկրներն ամբողջ կազմով ներկայացված չէին, իսկ Սերժ Սարգսյանը 2015 թվականի մայիսի 9-ին Մոսկվա է մեկնել ԱՄՆ-ից, որտեղ մայիսի 8-ին փոխնախագահ Բայդենի եւ կոնգրեսականների հետ կարեւոր հանդիպում էր ունեցել: Աշխարհը եւ անգամ նախկին գաղութները չեն ճանաչել «աշխարհի նոր բաժանման» գործում Ռուսաստանի իրավունքը:

Արեւմտյան աշխարհը պնդում է, որ ներկայիս աշխարհակարգը ոչ թե Երկրորդ, այլ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունք է: Ամբողջ 2014 թվականի ընթացքում՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի առթիվ, արեւմտյան առաջնորդներն ու պաշտոնյաները կարմիր կակաչով կոճկառներ էին կրում՝ ի նշան այդ պատերազմի արդյունքներին հավատարմության: Ռուսաստանը, «զբաղված» լինելով հեղափոխությամբ, չէր մասնակցել աշխարհի բաժանմանը: Ճիշտ է, ավելի ուշ Ռուսաստանը պայմանավորվեց Թուրքիայի հետ հայկական հողերի բաժանման վերաբերյալ:

2015 թվականի մայիսին ձախողումից հետո Ռուսաստանը պետք է ապացուցի, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհակարգը նաեւ իր մասնակցությամբ է ստեղծվել: Դրա համար Մոսկվան օգտագործելու է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը:

Կրեմլում առայժմ հստակ չեն կողմնորոշվել, թե ինչ լույսի տակ պետք է ներկայացնել Հոկտեմբերյան հեղափոխությունը, որ այն դրական երեւա: Հեղափոխության արդյունքում ստեղծված Խորհրդային Միությունը Ռուսաստանի կայսերական քաղաքականության գագաթնակետն էր՝ Մոսկվան իրեն միացրեց կենտրոնասիական, կովկասյան, բալթյան տարածքները: Խորհրդային Միության փլուզումը նշանակում էր տարածքների կորուստ: 2017 թվականին, տոնելով հեղափոխության 100-ամյակը, Մոսկվան պետք է «ապացուցի», որ կայսերական նախկին տարածքների նկատմամբ «իրավունք ունի»: Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ գաղափարական սոուսով է դա մատուցվելու:

Հարյուրավոր քարոզչական թեզեր են ասպարեզ նետվելու Խորհրդային Միության ու հեղափոխության բարիքների մասին: Այդ թեզերը վերաբերելու են ոչ այնքան Ռուսաստանին, որքան հետխորհրդային երկրներին: Հայաստանին, օրինակ, փորձելու են ապացուցել, որ Լենին-Աթաթյուրք պակտը Հայաստանի «փրկությունն» էր Վիլսոնի «վտանգավոր» արբիտրաժից: Հետխորհրդային երկրներում Ռուսաստանի «ինտեգրացիոն» քաղաքականության կոշտացում են սպասում, որը ենթադրում է ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական կորուստ 25 տարի առաջ անկախություն ստացած հանրապետությունների համար:

Մասնավորապես, ենթադրվում է, որ Ռուսաստանն այս տարի կառաջարկի ԽՍՀՄ ստեղծման համաձայնագրի նմանությամբ նոր պայմանագիր ստորագրել: Այս մասին արդեն ակնարկում են Ռուսաստանի իշխանությանը մոտ կանգնած եւ ընդդիմադիր փորձագետները: Նրանք ասում են, որ Մոսկվան փորձելու է նոյեմբերի 7-ին՝ հեղափոխության օրը, հետխորհրդային հանրապետությունների «վերամիավորման» նոր ակտ նախապատրաստել, թեկուզ ձեւական:

Իրականում դա Ռուսական կայսրության վերականգնման, իսկ այդ փաստաթուղթը ստորագրել համաձայնված երկրների համար անկախության կորստի քայլ կլինի:

Հատկանշական է, որ 2017 թվականին նշվելու է նաեւ Մեծ ռեֆորմացիայի 500-ամյակը, երբ Եվրոպայի կենտրոնում ստեղծված շարժումը կասկածի տակ դրեց Պապի եւ թագավորների իշխանությունը: Ռեֆորմացիան ժողովրդավարություն, համընդհանուր հավասարություն եւ պրակտիցիզմ բերեց: 500 տարում Եվրոպան կարողացավ հասարակությունների համատեղ գոյության եւ զարգացման մեխանիզմ ստեղծել:

Ամենաընթերցվածը