Հայաստանի իրեղեն ապացույցը համանախագահներին. Մեկնարկը տրված է

    • Մեկնաբանություն - 10 Հունվարի 2017, 11:31
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հունվարի 9-ին տարածել են հայտարարություն, որտեղ, օրինակ ի տարբերություն ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության, տրվում է Ադրբեջանի անունը` Հայաստանի պետական սահմանի խախտման համատեքստում:

Իհարկե, համանախագահներն այդ մասին ուղիղ չեն հայտարարում, բայց արձանագրում են, որ տեղի է ունեցել ներթափանցման փորձ, եւ հայկական կողմը պահում է մարտի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորի դին:

Առաջին հայացքից համանախագահների հայտարարությունը հերթական «հավասարեցնող» հայտարարությունն է: Բայց, այդօրինակ հայտարարություններն իհարկե հետաքրքիր են տողատակով: Իսկ այդ առումով համանախագահների հայտարարությունը տալիս է դիտարկման առիթ:

Օրինակ, եթե այն համեմատենք Չինարիի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հայտարարությանը, ապա նկատելի է ուշագրավ նրբերանգ:

Եթե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարել էր, թե տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության տարածքում սադրանք, ընդ որում չտալով որեւէ սուբյեկտի անուն` թե ուղղակի, թե անուղղակի, որը գործել է այդ սադրանքը, ապա Մինսկի խմբի համանախագահները հստակ արձանագրում են, որ տեղի է ունեցել ներթափանցման փորձ: Եվ հայտարարելով, որ հայկական կողմը դեռ պահում է մարտի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին, համանախագահները փաստացի առավել պարզ արձանագրում են, որ Հայաստանի պետական սահմանը հատելու եւ զինված ներթափանցման փորձ կատարել է Ադրբեջանը, ինչի հետեւանքով էլ հայկական կողմում է գտնվում ադրբեջանցի զինծառայողի դին:

Ինչ խոսք, Երեւանի տեսանկյունից ակնկալելի է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մեծ ու փոքր դրսեւորումների առավել հասցեական գնահատական, սակայն տվյալ պարագայում հատկանշական է, որ Հայաստանի հանդեպ ագրեսիայի ակտի գնահատականի հարցում առավել հստակ են միջնորդ համանախագահները, քան Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության դաշինք համարվող ՀԱՊԿ-ը:

Դա իմիջիայլոց:

Համանախագահների հայտարարությունը սակայն ինքնին ուշագրավ է, քանի որ միշտ չէ, որ նրանք արձագանքում են հրադադարի խախտումներին եւ դիվերսիոն փորձերին: Ընդ որում, ներկայում ուշագրավ է արձագանքի բովանդակային մեկ այլ շեշտադրում: Նրանք կոչ են անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, թեեւ հաշվի առնելով Հայաստանի պետական սահմանի խախտման եւ ներթափանցման Ադրբեջանի պատասխանատվության մասին ակնարկը, փոխադարձ մեղադրանքները դադարեցնելու մասին նրանց կոչը թերեւս նույնպես ուղղված է Ադրբեջանին: Դրա տողատակում երեւի թե այն է, որ իրենց համար ամեն ինչ շատ պարզ է, եւ չկա այդ ուղղությամբ «տեղեկատվական պատերազմի» անհրաժեշտություն:

Ընդհանրապես, համանախագահների կոչի այդ հատվածը հատկանշական է, եւ կարծես թե նաեւ աննախադեպ: Փոխադարձ մեղադրանքները դադարեցնելու կոչը թերեւս կարող է տարածվել նաեւ ընդհանրապես հրադադարի խախտման բոլոր միջադեպերի վրա, այն համատեքստով, որ համանախագահներին ամեն ինչ մանրամասն հայտնի է դառնում այդ խախտումների կապակցությամբ, եւ կողմերը չեն կարող ապավինել տեղեկատվական մանիպուլյացիային: Դա նույնպես առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, քանի որ աներկբա է, որ այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունն» իբրեւ հիմնական «զենք» կիրառում է Ադրբեջանը:

Միեւնույն ժամանակ, համանախագահները կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին վերադառնալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, մասնավորապես ընդգծելով հրադադարի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը:

Այդ մեխանիզմը բանակցության վերսկսման Հայաստանի կարեւոր պահանջն է եւ նկատելի է, որ այդ հարցում բավական ջանադիր են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, իսկ Ադրբեջանը խուսանավում է դրանից Ռուսաստանի օգնությամբ, ինչը բավական ակնառու էր Սանկտ-Պետերբուրգի Վեհաժողովից հետո, երբ դրա վերաբերյալ ամփոփիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար հետաքննության մեխանիզմի մասին: Ընդ որում, առավել ուշագրավ է այն, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Երեւանում ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ թեեւ այդ մասին խոսք չկար Սանկտ-Պետերբուրգում, բայց իրենց համար դա առաջնահերթություն է:

Խնդիրն այն է, որ այդ մեխանիզմի ներդրումը սկզբունքորեն փոխելու է իրավիճակը հակամարտության գործընթացում եւ էապես լիցքաթափելու է ռազմական շանտաժից:

Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ պահանջում են նաեւ անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի մարմինը: Համանախագահներն այստեղ թերեւս դիմում են արարողակարգին, քանի որ հազիվ թե նրանք մոռացած լինեն Արցախում խոցված հայկական ուղղաթիռը, երբ Ադրբեջանը մոտ երկու շաբաթ թույլ չէր տալիս խոցված անզեն ուղղաթիռի անձնակազմի աճյունը վերադարձնել Հայաստան: Այդ հարցը լուծեց հայկական զինուժը հատուկ գործողության միջոցով:

Ավելին, այն ամենից հետո, ինչ արել էին ադրբեջանցիներն ապրիլի պատերազմի ընթացքում, խոշտանգելով հայկական զինուժի զինծառայողների դիերը, հայկական կողմին ուղղված մարդասիրական պահանջները կամ ցուցումները մեղմ ասած համարժեք չեն:

Հայկական կողմը հայտարարել է, որ ունի բազմաթիվ ապացույցներ, որ դիվերսիայի փորձն իրականացրել է Ադրբեջանը, եւ այդ իմաստով մարդասիրությունը պետք է համատեղել իրավագիտության հետ եւ ադրբեջանցու դիի վերադարձը իրականացնել դիվերսիայի վերաբերյալ միջազգային քննության շրջանակում, սկսել այդ քննությունը, որի ինչ որ փուլում էլ իրեղեն ապացույց հանդիսացող դին կվերադարձվի Ադրբեջանին:

Ի վերջո, համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնամուխ լինել միջազգային հետաքննության մեխանիզմին: Հայկական կողմը փաստորեն ադրբեջանական դիվերսիան կանխելով կարողացել է ձեռք բերել ապացույցներ, որոնք գործնական հնարավորություն կտան հենց համանախագահներին սկսել հետաքննության մեխանիզմի ներդրումը, կամ տալ դրա գործնական փուլի մեկնարկ:

Ամենաընթերցվածը