Ի՞նչ անսպասելի բան կարող է տեղի ունենալ ապրիլին

    • Մեկնաբանություն - 09 Հունվարի 2017, 19:57
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին: 2016 թվականի այդ օրն Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի դեմ: Դա սակրալ օր է՝ դրամատիկ եւ շրջադարձային միաժամանակ:

Մի կողմից ողբերգություն է՝ ավելի քան 100 երիտասարդ կյանքերի կորուստ, սպանվածների անմարդկային խոշտանգումներ, 800 հեկտարի կորուստ: Մյուս կողմից, Ադրբեջանն անգամ Ռուսաստանի աջակցությամբ չկարողացավ փոխել առաջին պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն, եւ հավանաբար չի էլ կարողանա:

Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը խորհրդանշական է: Ապրիլի 2-ին Հայաստանում կտրուկ շրջադարձ եղավ: Գրեթե անհույս վասալային-գաղութային երկրում, ինչպես պարզվեց, ինքնիշխանության ամուր ծիլեր են աճում, որոնք թույլ տվեցին դիմակայել: Սակայն քամին ուժեղանում է, իսկ պետականության արմատները դեռ բավարար չափով խոր չեն ու պաշտպանության կարիք ունեն:

2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունը դրա մասնակիցների մեծամասնության համար կերակրատաշտին տեղ ունենալու պարզունակ պայքար կլինի: Աշխարհում, սակայն, այդ ընտրություններից այլ բան են ակնկալում՝ կհաջողվի՞ ամրացնել ինքնիշխան պետականության արմատները, թե Հայաստանում վերջնականապես «կոնսենսուս» ձեռք կբերվի ինքնիշխանությունը կերակրատաշտի դիմաց զիջելու հարցում:

Ռուսաստանին հավատարիմ քաղաքական ուժերն արհեստականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Հայաստանի համար պայքար է գնում «եղբայրական» Ռուսաստանի եւ «թշնամական» Արեւմուտքի միջեւ: Իրականում Հայաստանում պայքար է տեղի ունենում Ռուսաստանի գաղութային քաղաքականության եւ Հայաստանի ինքնիշխան բնազդների միջեւ:

Այդ պայքարը պետք է առանցքային դառնա խորհրդարանական ընտրություններում: Այդ ընտրությունների արդյունքներին սպասում են ամբողջ աշխարհում: Եվրամիությունն ու Հայաստանը պայմանավորվել են ապրիլին ընտրություններից հետո շրջանակային համաձայնագիր ստորագրել՝ չնայած տեքստը, ինչպես ասում են, գրեթե պատրաստ է: Բրյուսելը հավանաբար կարեւոր է համարում իմանալ, թե ինչ է ընտրելու Հայաստանը՝ ինքնիշխանություն, թե գաղութացում:

Իրանը նույնպես ապրիլին է նշանակել Հայաստանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը: Թեհրանը ցանկանում է իմանալ, թե ինչ կընտրի Հայաստանը:

Ի՞նչ կարող է տեղի ունենալ ապրիլի 2-ին: Ի՞նչ ելք են ակնկալում ուժի համաշխարհային կենտրոնները եւ ի՞նչ անսպասելի բան կարող է տեղի ունենալ ընտրություններին:

Ընտրություններին մասնակցության հայտերն արդեն ներկայացվել են, եւ բոլոր ուժերը փորձում են շրջանցել արտաքին քաղաքական «կողմնորոշման» հարցը: Հանրապետական կուսակցության գաղափարախոսները հայտարարել են, որ չարժե արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը դարձնել ընտրությունների առանցքը, իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարել է, որ ինքնիշխանության կողմնակից է եւ գերադասում է չխոսել արտաքին քաղաքական ընտրության մասին:

Արտաքին քաղաքականության մասին չխոսել չի ստացվի, եւ յուրաքանչյուր կուսակցություն ստիպված է լինելու հստակ ներկայացնել իր տեսլականը տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսլականը: Որտե՞ղ է Մոսկվայի հետ հարաբերությունների կարմիր գիծը, որը չի թաքցնում էքսպանսիոնիստական նպատակները եւ Հայաստանն անվանում է իր ազդեցության գոտի: Հայաստանի բանակն ինքնիշխա՞ն է մնալու, թե դա էլ են զիջելու «հանուն անվտանգության»:

Ապրիլյան ընտրություններն իրոք սակրալ են դառնալու: 2016 թվականի ապրիլի 2-ին Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզին մնացել է որպես ինքնիշխան երկիր ավելի քան 100 կյանքերի գնով: 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրությունները պակաս կարեւոր չեն լինելու, իսկ գինը՝ ավելի բարձր:

Ամենաընթերցվածը