Հարց Լեւոն Տեր-Պետրոսյանին. Իսկ ո՞վ է դեմ

    • Մեկնաբանություն - 30 Դեկտեմբերի 2016, 11:39
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզաբանել է Հայ ազգային կոնգրեսի համագումարում իր ելույթը, որում պնդել է, որ Հայաստանի զարգացումն ապահովելու միակ ճանապարհը ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումն է: Նա շարունակում է կարծել, որ քանի դեռ Հայաստնաը չի համաձայնվել կարգավորման ռուսական պլանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան շրջաններ չի հանձնել, Թուրքիան ու Ադրբեջանը չեն համաձայնվի վերացնել շրջափակումը, եւ Հայաստանը զարգացման հնարավորություն չի ունենա:

Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները 2011 թվականից միջնորդների հետ քննարկում են հենց այդ տարբերակը: Նա նաեւ պնդում է, որ Արեւմուտքը շահագրգռված չէ ղարաբաղյան կարգավորմամբ, ի տարբերություն Ռուսաստանի:

Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն պնդում է, որ եւ Ռուսաստանը, եւ «ռացիոնալ մտածող Ալիեւը», եւ Հայաստանի իշխանությունները համաձայն են ընդունել «Լավրովի պլանը»: Այդ դեպքում ո՞վ է դեմ: Ստացվում է, որ բոլոր կողմերը համաձայն են, եւ ինչ-որ «չար քեռի» թույլ չի տալիս, որ պլանն իրականանա:

Արդյոք նկատի ունի, որ այդ «չար քեռին» Արեւմուտքն է, որը փաստորեն, խոչընդտում է կարգավորման ռուսական պլանը, հետեւաբար Հայաստանի կողմից տարածքային զիջումները: Ավելին, առաջարկում է ստատուս-քվոյի ամրապնդման մեխանիզմներ, իսկ եվրոպական կառույցների ընդերքում վաղուց հասունանում է «առանց կարգավորման հաշտեցման» ծրագիրը, ըստ որի, քաղաքական լուծումները ժամանակավոր սառեցվում են, եւ բացվում են տարածաշրջանային հաղորդակցությունները:

Չի բացառվում, որ «չար քեռի» ասելով նա նկատի ունի արմատականներին, որն իրեն դրսեւորել է «Սասնա ծռերի» ընդվզման ձեւով:

Մյուս կողմից, դժվար թե բանը միայն Արեւմուտքը եւ Սասնա ծռերը լինեն, որի անդամների մեծ մասը ճաղերի հետեւում են: Հայաստանի իշխանությունն իրո՞ք սկզբունքորեն համաձայն է տարածքներ զիջելուն, եւ միայն Արեւմուտքն ու արմատական տրամադրված խմբերը թույլ չեն տալիս ինչ-որ քայլերի գնալ:

Միգուցե նա բանակը նկատի ունի, որն ապրիլին դեմ գնաց «կանոններին» եւ դիմադրություն ցույց տվեց ադրբեջանական ագրեսիային: Իսկ միգուցե նախկին զինվորականների՞ն, որոնք, հնարավոր է, կհավաքվեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Թե՞ Ղարաբաղի ղեկավարությանը, որն աջակցում է Հայաստանի դիվանագիտությանը, սակայն հայտարարում է «մադրիդյան սկզբունքների» անթույլատրելիության մասին:

Մադրիդյան սկզնունքների քննարկման շարունակումը վկայում է, որ Հայաստանի իշխանություններն առնվազն չեն բացառում տարածքային զիջումների տարբերակը, ավելի ճիշտ, դա զիջում չեն համարում, այլ գին: 25 տարվա ընթացքում տարածքների հանձնման մասին համաձայնագրի բացակայությունը կարող է խոսել այն մասին, որ իշխանության համար ձգում են «ռեզինը»՝ փորձելով խուսափել այդպիսի ելքից:

Դժվար է ասել՝ արդյոք դա կապված է այն բանի հետ, որ նրանք մտադիր չեն զիջումների գնալ, կամ էլ ինչ-որ մեկը «խանգարում է»: Ո՞վ է դեմ մադրիդյան սկզբունքներին: Եթե բոլորը կողմ են, այդ թվում Ռուսաստանը, Ալիեւը, Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա ո՞վ է խանգարում համաձայնեցնել մադրիդյան սկզբունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու՞մ է մեղադրում ոչ ռացիոնալ մտածողության մեջ՝ Ղարաբաղի՞ն, հայկական բանակի՞ն, ազգայնականների՞ն, Արեւմուտքի՞ն, սփյուռքի՞ն:

Ամենաընթերցվածը