Անկոչ ստվեր նախագահականում, Սերժ Սարգսյանի հավաքի ժամանակ

    • Մեկնաբանություն - 23 Դեկտեմբերի 2016, 12:11
Երեկ Սերժ Սարգսյանը հավաքել էր Հայաստանի գործարարներին՝ շնորհավորելու եւ նրանց առաքելությունը նոր ժամանակներում պարզաբանելու համար: Հետաքրքիր է, որ Հայաստանի ամենահարուստ մարդիկ, ամենախոշոր գործարարները, օլիգարխներն այնտեղ չէին: Նրանք իրենց հարստության ծագումը բացատրում են բիզնեսում հաջողակ լինելով, այսինքն՝ հաջողակ գործարարներ են, սակայն Սերժ Սարգսյանը նրանց չէր հրավիրել:

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ նրանք նաեւ պատգամավորներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ են, եւ ըստ օրենքի՝ նրանք իրավունք չունեն գործարարությամբ զբաղվել, եւ իրենց բիզնեսներն ու սեփականությունը ձեւակերպել են կանանց, որդիների, զոքանչների եւ այլոց վրա: Նրանց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, ժամանակին ասել էր Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից, անգամ այդ պարագայում հարցն ակտուալ է մնում՝ ինչու Սերժ Սարգսյանը չէր հրավիրել նրանց որդիներին, կանանց, զոքանչներին եւ այլն: Չէ՞ որ Հայաստանի ամենակարկառուն գործարարները ներկայում նրանք են:

Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը չի ցանկացել «թացը խառնել չորի հետ», այն առումով, որ նախագահական է հրավիրել «սպիտակ դաշտում», կամ առավելապես այդ դաշտում աշխատող գործարարներին: Իսկ ահա պաշտոնյա-գործարարների այդ արտոնյալ կաստան աշխատում է «գորշ դաշտում»՝ ստվերում, եւ Սարգսյանը չի ցանկացել իր հավաքի վրա ստվեր գցել:

Դա արդեն իսկ գնահատական է այդ կաստային, անկախ նրանից՝ ինչ պատճառով է նրանց «մոռացել» Սերժ Սարգսյանը: Թեեւ, մյուս կողմից, դա կարելի է գնահատել նաեւ երեսպաշտություն, քանի որ այդ կաստան է հիմնականում տնօրինում պետական լծակներն ու հաջողությամբ լոբբինգ անում իր շահերն այդ լծակների միջոցով: Ավելին, «սպիտակ դաշտում» աշխատող գործարարները խնդիրներ ունեն անհավասար մրցակցության, արտոնությունների ու քվոտաների պատճառով, որ յուրայինների համար սահմանել է իշխանությունը:

Ընդ որում, ոչ միայն սահմանել է, այլեւ ներկայում ամեն ինչ անում է «լեգալացնելու» նրանց կուտակած հարստությունը: «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը, որ վերջերս ընդունեց Ազգային ժողովը, ոչ այլ ինչ է, քան իշխանական համակարգի ապօրինի հարստացման «լեգիտիմացումն» ու անձեռնմխելիության երաշխիքը:

Այդ օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թ. հուլիսից, եւ ըստ ամենայնի՝ հաջորդ տարեմուտին Սերժ Սարգսյանն արդեն հանգիստ խղճով Ամանորի հավաքին կհրավիրի նաեւ պաշտոնյա գործարարներին, օլիգարխներին, նրանց կանանց ու որդիներին, չվախենալով, որ դա ստվեր կնետի իր միջոցառման վրա:

Ամենաընթերցվածը