Դրայվն անցավ. Սկսում է վարչապետի հետհաշվարկը

    • Մեկնաբանություն - 16 Դեկտեմբերի 2016, 14:53
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում մի տեսակ շտապեցնում էր նախարարներին ավելի վաղ տրված հանձնարարությունները կատարելու հարցում: Նա նկատողություններ էր անում, հարցնում, թե ինչ վիճակում են այդ հանձնարարությունները:

Իսկ դրանք շատ են, կառավարության ամեն նիստի ժամանակ վարչապետը տասնյակ հանձնարարականներ է տալիս նախարարներին: Այնքան էլ պարզ չէ՝ արդյոք նախարարները չեն հասցնում, սովոր չեն նման տեմպի, թե՞ տեղ ունի որոշակի սաբոտաժ: Կամ էլ դրանք որոշակի փիառ նշանակություն ունեն ու ենթակա չեն կատարման:

Մյուս կողմից, Կարեն Կարապետյանի վիճակը հասկանալի է. Շուտով լրանում է նրա պաշտոնավարման 100 օրը, որը յուրատեսակ հաշվետվության սահմանագիծ է: Ավանդույթի համաձայն, այդ օրը պաշտոնյան ներկայացնում է իր «ադապտացման» ընթացքը եւ ծրագրերը, կատարված աշխատանքը:

Այս ընթացքում Կարեն Կարապետյանի փիառը եւ կերպարը կառուցվել է փոփոխությունների սպասման, նորի ու առաջադեմի վրա: Դրան նպաստել են նաեւ կադրային փոփոխությունները՝ հեռացվել են որոշ օդիոզ կերպարներ, եկել «անբիծ կենսագրությամբ» նոր կառավարիչներ:

Բայց թե վարչապետը, թե նրա կերպարի վրա աշխատողները հասկանում էին, որ ավելորդ հույսերն ու սպասումները ի վերջո հարվածելու են վարչապետին, այդ պատճառով նրանք բազմիցս ակնարկել են, որ ոչ միայն 100 օրվա, այլեւ առաջիկա 6 ամսվա կտրվածքով չպետք է սպասել էական փոփոխություններ, որ այդ ժամանակաշրջանը հետագա ծրագրերի համար նախադրյալներ ստեղծելու փուլն է:

Այնուամենայնիվ, 100 օրը լրանում է, որի հետ էլ ավարտվում է «դրայվը», «ոգեւորության» ժամանակը եւ գալիս է կոնկրետ հարցադրումների ժամանակը:

Այս առումով, ի՞նչ ունի ներկայացնելու Կարեն Կարապետյանը, կադրային փոփոխություններից բացի: Բիզնեսի համար մի շարք պարզեցումներ մաքսային կտրվածքով, կարմիր գծերի ու արագաչափերի «պետականացում»:

Մյուս կողմից, պետական կառավարման ու միջոցների օպտիմալացումն առայժմ կատարվում է հանրության հաշվին: Կրճատվել են աշխատատեղեր պետական համակարգում: Ընդունվել է հարկային օրենսգիրքը, որը եկամտային հարկի մասով լրացուցիչ բեռ է դարձել աշխատողների զգալի մասի վրա: «1000 դրամի նախագիծը» փաստացի նոր հարկատեսակ է, որը նույնպես գանձվելու է աշխատողներից: Այսինքն, «հավելյալ արժեքը», որի մասին խոսում էր վարչապետը, առայժմ վեր է ածվել «հավելյալ փողի հավաքագրման», որը գանձվելու է հանրությունից:

Փոխարենը, Ապօրինի հարստացման քրեականացման նոր օրենքով երաշխիքներ ու սեփականության «լեգիտիմացում» է ապահովվում իշխող տնտեսա-քաղաքական համակարգի համար: Այսինքն, այս սեգմենտը, որը տնօրինել է ազգային բարիքն ու բյուջեն, չի վճարելու «համակարգային փոփոխությունների» համար:

Սրանք նոր կառավարության գործունեության մի քանի դրվագներն են, որոնք ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ են ընթանալու «համակարգային փոփոխությունները»: Դա գործող համակարգի տրանսֆորմացիան է նոր իրավիճակում, որի համար վճարելու է հանրությունը:

Իրական համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է լիովին այլ տրամաբանություն թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում: Դրանք ոչ միայն չեն կատարվում, այլեւ չկա որեւէ նախադրյալ, որը կհուշեր, որ ապագայում արվելու են:

Ավելին, երբ մինչեւ ընտրություն 6 ամիսը հայտարարվում է սպասման ժամանակաշրջան, դա նշանակում է, որ հանրությանը փորձում են հետ պահել կոնկրետ հարցադրումներից: Իրականում, հանրային-պետական կյանքում իրական համակարգային փոփոխությունների ժամանակը հենց այս 6 ամիսներն են, մինչեւ ընտրություն: Իսկ ընտրությունից հետո հաստատվելու է իշխող համակարգի նոր ստատուս-քվոն առաջիկա հնարավոր է տասնամյակի համար:    

Ամենաընթերցվածը