Հեքիաթն ավարտվեց

    • Մեկնաբանություն - 06 Դեկտեմբերի 2016, 10:19
Երեկ վարչապետը հանդիպել է ԶԼՄ ղեկավարներին ու ներկայացուցիչներին, որը թերեւս նախօրոք խոստացված ասուլիսն էր: Այն կարելի է համարել նաեւ 100 օրվա ասուլիս, թեեւ վարչապետը դեռ չի լրացրել 100 օրը: Այս ժամկետը ավանդաբար համարվում է որոշակի հանգրվան, որի ընթացքում տվյալ պաշտոնյան լիովին մտնում է գործերի վիճակի մեջ եւ արդեն կոնկրետացնում խնդիրներն ու նպատակները:

Այս առումով, կարելի է ասել, որ հեքիաթն ավարտվեց, եւ սկսվում է իրականությունը: Ընդ որում, սա արձանագրեց նաեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ, իր գնահատականը տալով Կարեն Կարապետյանի գործունեությանը: Նա ասաց, որ վարչապետին այս ընթացքում հաջողվել է ձեւավորել դրական սպասումներ:

Դա իհարկե քիչ չէ, հաշվի առնելով այն իրավիճակն ու մթնոլորտը, որի պայմաններում այդ պաշտոնը ստանձնեց Կարեն Կարապետյանը: Մյուս կողմից, իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած «դրական» քայլ ունենում է բավական անհամաչափ արձագանք, երբ այլ պայմաններում կլիներ սովորական, առօրեական եւ որեւէ էմոցիա չէր առաջացնի:

Ի՞նչ սպասելիքներ են եղել հանրության ու իշխող համակարգի տեսակետից, ո՞րն է Կարեն Կարապետյանի խնդիրը, ով ինչպես է ընկալում իրավիճակը: Այս հարցերի շուրջ միանշանակ գնահատականներ չկան:

Սակայն ամեն ինչ ունի իր ժամանակը, եւ սպասումների այս ժամանակաշրջանն էլ պետք է ավարտվեր: Կարեն Կարապետյանն, իր հերթին, հասկանում էր այդ կարճաժամկետ երեւույթի վտանգն ու հետեւանքները եւ այս ընթացքում չի տվել խոստումներ ու չի ստանձնել մեծ պատասխանատվություն: Օրինակ, նա պարբերաբար կրկնում է, որ այս ժամանակաշրջանը հետագայի համար հիմքեր նախապատրաստելու շրջան է: Կամ ասում է, որ նախընտրական շրջանում տնտեսական ակտիվություն չի լինում, իսկ դա խանգարում է կառավարության գործունեությանը:

Հնարավոր է նա փորձում է մի կողմից «երկարացնել» ժամանակը մինչեւ խորհրդարանի ընտրություն, մյուս կողմից չի խուսափում իրավիճակի գնահատականներից ու խոստումներ չի տալիս, այսպիսով հանրությանը պահելով հեքիաթի ու իրականության արանքում ինչ որ տեղ, թույլ չտալով իրավիճակի «հանգուցալուծում» մինչեւ խորհրդարանի ընտրություն: Իսկ այնտեղ արդեն նոր իրավիճակ կառաջանա՝ դրանից բխող հետեւանքներով:

Բանն այն է, որ իրական համակարգային բարեփոխումների համար երկու խնդիր պետք է լուծվի՝ Հայաստանը պետք է դուրս բերվի ԵՏՄ-ից, եւ պետք է ապամոնտաժվի գործող տնտեսա-քաղաքական համակարգը: Կարեն Կարապետյանը հստակ արտահայտվել է ԵՏՄ օգտին, իսկ առաջիկա ընտրությունն էլ ուղղված է համակարգի տրանսֆորմացիային եւ դրա «լեգիտիմությունն» ապահովելուն:

Ամենաընթերցվածը