Հայաստանում ռուսական փակուղու գինը. Թուրքիան դժգոհում է Լավրովին

    • Մեկնաբանություն - 02 Դեկտեմբերի 2016, 14:45
Անթալիայում ընդունելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հարգում է Արցախի հակամարտությունը կարգավորելու ՌԴ ջանքը: Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, թե Թուրքիան ու Ռուսաստանը կշարունակեն գործակցել այդ ուղղությամբ:

Չավուշօղլուի հայտարարությունը վկայում է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի առումով Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կա որոշակի անհամաձայնություն, ինչի վկայությունը Անկարայի «հարգանքն» է ՌԴ ջանքի նկատմամբ: Դրա մասին վկայում է նաեւ այն, որ Չավուշօղլուի եւ Լավրովի հանդիպմանը, համենայն դեպս հրապարակային հայտարարությունների մակարդակում, Արցախի խնդիրը չի զբաղեցրել մեծ տեղ:

Բացառված չէ, որ Թուրքիան դժգոհ է Հայաստանի դիրքորոշման վրա Ռուսաստանի ազդեցությունից: Հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց Արցախի խնդրում Թուրքիայի կառուցողական ներուժի մասին, խոսելով նաեւ Արցախի խնդրում առաջընթացի պարագայում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի եւ տնտեսական զարգացման մասին:

Այդ ակնարկի տրամաբանությունը պարզ էր. Հայաստանը չի պահանջում կարգավիճակ, գնում է տարածքային զիջման, դրա դիմաց Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը` բնականաբար ռուսական պատրոնաժությամբ: Երեւանը Թուրքիայի կառուցողական դերի մասին Լավրովի հայտարարությունը արժանացրեց քննադատության, նույնիսկ որոշակի կոշտությամբ: Դրանից բացի, պաշտոնական Երեւանն իր հռետորաբանության մեջ հաճախակիացրեց կարգավիճակի շեշտադրումը, հայտարարելով, թե չի քննարկի որեւէ հարց, եթե չլուծվի կարգավիճակի խնդիրը:

Ակնհայտ է, որ Երեւանի դիրքորոշումը վայելում է Մինսկի խմբի երկու համանախագահների` ԱՄՆ եւ Ֆրանսիայի հավանությունը, որոնք առաջարկում են ներդնել հրադադարի պահպանման մեխանիզմներ: Բանն այն է, որ դա հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ձեւավորման գործընթաց է, որտեղ անկասկած սահմանվելու է նաեւ հրադադարը խախտող, իրավիճակը թեժացնող, ռազմական շանտաժի դիմող կողմի միջազգային պատասխանատվությունը: Իսկ Արցախի խնդրում ռազմական շանտաժի ճանապարհի արգելափակումը նշանակում է ստատուս-քվոյի առնվազն սառեցում:

Պաշտոնական Երեւանը հայտարարում է կարգավիճակի առաջնայնության մասին, միաժամանակ ասելով, թե պատրաստ է տարածքների վերադարձի, ինչը իհարկե խորքային առումով այլ բան չէ, քան հանձնում: Թվում է, որ ապրիլի պատերազմից հետո Երեւանի այդ մոտեցումը ստանում է առավել ամոթալի եւ այսպես ասած պարտվողական բնույթ, փաստացի հանդիսանալով նաեւ պատերազմի Ադրբեջանի «իրավունքը» խրախուսող գործոն:

Ավելին, այդ պատերազմը եւ Ադրբեջանի հաշվարկի ակնհայտ տապալումը Հայաստանի համար պետք է լիներ Արցախի կարգավորման գործընթացում 20-ամյա մոտեցումը սկզբունքորեն փոխելու հիմք եւ հնարավորություն: Երեւանի հետպատերազմյան առաջին արձագանքներն ու հայտարարությունները հուշում էին, որ քաղաքականությունը կարող է գնալ այդ ուղղությամբ: Բայց, հետագա ամիսներին տեղի ունեցավ որոշակի նահանջ: Մարտավարական է այն, թե ռազմավարական: Դժվար է գնահատել:

Համենայն դեպս, մյուս կողմից նկատելի է, որ Երեւանը խաղադրույք է կատարում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երբեք չի գնա Արցախի կարգավիճակի քննարկման, առավել եւս, երբ այդ քննարկումների ընթացքում անխուսափելի է լինելու հարցի քննարկումը, թե ինչ սահմանով պետք է ճանաչվի Արցախի կարգավիճակը: Այդպիսով, Հայաստանը մի կողմից հանդես է գալիս որպես փոխզիջումային կարգավորման կողմնակից` այդպիսով փորձելով խուսափել խաղաղ կարգավորման բանակցային գործընթաց տապալողի կամ արգելափակողի դերից եւ պատասխանատվությունից, մյուս կողմից սկսել է պնդել կարգավիճակի առաջնայնությունը բաց տեքստով եւ այդպիսով փաստացի ցուցաբերելով անզիջում մոտեցում:

Թուրքիան դժգոհ է այդ իրավիճակից, եւ Չավուշօղլուի հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Անկարան ըստ երեւույթին դժգոհ է, որ Մոսկվան չի ազդում Հայաստանի վրա եւ չի ստիպում հրաժարվել կարգավիճակի պնդումից: Ընդ որում, դրանից ակնհայտորեն դժգոհ է նաեւ Ադրբեջանը, որի խորհրդարանում հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունը վերանայելու հայտարարություններ, անկասկած ոչ առանց Ալիեւի գիտության:

Այդ ֆոնին ուշագրավ դիրքորոշում է ցուցաբերում Սերժ Սարգսյանը, ասելով, թե ինքը մինչեւ ապրիլի պատերազմ գնացել է Մոսկվային ընդառաջ եւ համաձայնել կարգավիճակի անորոշության պայմաններում գնալ տարածքային զիջման, բայց Ադրբեջանը հրաժարվել է դրանից եւ հարձակվել: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է նաեւ, որ պատերազմում Մոսկվան Հայաստանին թողել է իր սպառազինած Ադրբեջանի դեմ մենակ:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը դիվանագիտական-քաղաքական մակարդակում փորձում է ձեւավորել կարգավիճակի պնդումից հրաժարվելու Մոսկվայի հնարավոր պահանջների հանդեպ իր դիմադրության շրջանակը, փորձելով մշտապես հրատապ պահել Մոսկվայի «դավաճանության» հարցը եւ ռուսական քաղաքականության փակուղին, որում Ռուսաստանը լրջորեն հայտնվեց ապրիլի պատերազմի հետեւանքով:

Ռուսաստանը ներկայում իսկապես չունի Հայաստանին կարգավիճակի պնդումից հրաժարում պարտադրելու մեծ հնարավորություն: Ռուսաստանն ունի այդ ցանկությունը` դրա մասին Լավրովը բացահայտ հայտարարեց Երեւանում հոկտեմբերին, բայց չունի այդ ցանկությունն առաջ մղելու հնարավորություն:

Այդ իրավիճակում Երեւանը Մոսկվայի հետ ստորագրում է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին հակասական համաձայնագիրը, որից պարզ չէ` Երեւանը ստանում է Ռուսաստանին «փակուղում» պահելու լրացուցիչ հնարավորությու՞ն, թե վճարում է Ռուսաստանի «փակուղում» մնալու գինը: Եվ պարզ չէ, գի՞ն է դա, թե վարձ, երբ Հայաստանը ստիպված է լինելու «վարձել» Հայաստանում Ռուսաստանի փակուղին, որպեսզի կարողանա կանխարգելել Հայաստանի համար վտանգավոր քայլերն ու Ռուսաստանին ստիպի կատարել Հայաստանի անվտանգության համար որոշակի պարտավորությունների գոնե նվազագույն մի շրջանակ:

Իսկ Հայաստանն ի վիճակի լինելու՞ է տեւական ժամանակ «վճարել» այդ վարձը: Հազիվ թե, եւ այդ իմաստով Հայաստանի համար ոչ միայն չի նվազում, այլ էլ ավելի է սրվում սեփական տարածքում «կենվորի»` վարձով ապրողի կարգավիճակից դուրս հնարավորինս արագ դուրս գալու հրամայականը:

Ամենաընթերցվածը