ԱՄՆ նոր վարչակազմը սահմանել է Հայաստանի խնդիրը

    • Մեկնաբանություն - 02 Դեկտեմբերի 2016, 11:47
Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի միջեւ: Դրա ընթացքում Սարգսյանն ու Փենսը քննարկել են թե հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարին, թե տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:

Ըստ Հայաստանի նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի ժամանակաշրջանում հայ-ամերիկյան հարաբերության ներկայիս բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ կստանա նոր լիցք` թե քաղաքական, թե տնտեսական առումով:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ընդհանուր առմամբ, արտառոց չէ, որ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է նախագահ Թրամփի պաշտոնամուտից մոտ երկու ամիս առաջ շփում հաստատել Հայաստանի հետ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը դերակատար է կարեւոր տարածաշրջանում, եւ Հայաստանի հետ առնչվում է միջազգային էական նշանակություն ունեցող առնվազն երկու խնդիր` հայ-թուրքական հարաբերությունն ու Արցախի հարցը: Միաժամանակ, Հայաստանը կարեւոր դեր ունի միջազգային մեկ այլ խնդրի համատեքստում` իրանական հարցի, որն ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության առայժմ անորոշ հեռանկարներից մեկն է, եւ պարզ չէ, թե Թրամփի վարչակազմը ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանի հարցում:

Հայաստանի խնդիրը պակաս հետաքրքիր չէ նաեւ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության համատեքստում: Այդ առումով էլ, առայժմ իրավիճակն անորոշ է: Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում հանդես է եկել ՌԴ հետ հարաբերության կարգավորման օգտին, Ռուսաստանն էլ բացահայտ ոգեւորություն էր ապրում Թրամփի հաղթանակով, սակայն ընտրությունից հետո նկատվում է այդ ոգեւորության որոշակի զսպում, եւ Մոսկվայից ավելի ու ավելի հնչում են ոչ թե բացականչություններ, այլ հարցադրումներ: Դրա պատճառը թերեւս այն է, որ արդեն ընտրությունից հետ ԱՄՆ ընտրյալ նախագահ Թրամփի ճամբարում տեղի են ունենում զարգացումներ, որոնք բավական տարբեր են նախընտրական մոտեցումներից:

Վարչակազմի առանցքային պաշտոնների հարցում, օրինակ Պենտագոնի, Պետքարտուղարության, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարների, Թրամփը կարծես թե դիտարկում է մարդկանց, որոնք պատկանում են ամերիկյան այսպես ասած «բազեական» շրջանակների, որոնք աչքի են ընկել ՌԴ հանդեպ եւ ընդհանրապես աշխարհում ամերիկյան առավել կոշտ քաղաքականության մոտեցումներով:

Իսկ դա առաջ է բերում ԱՄՆ նոր վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության խնդիրը, այդ համատեքստում էլ Հայաստանի եւ նրան առնչվող խնդիրների հանդեպ մոտեցումների հարցը՝ ինչո՞վ է տարբերվելու Թրամփի հանրապետական վարչակազմի քաղաքականությունը Բարակ Օբամայի դեմոկրատական վարչակազմի քաղաքականությունից:

Այդ տեսանկյունից, Վաշինգտոնը կարծես թե Հայաստանին հավաստիացնում է, որ չի լինի քաղաքականության էական փոփոխություն: Դրա մասին նախագահի ընտրության արդյունքի հենց առաջին ժամերին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, հետո մի քանի շաբաթ անց Երեւանում այդ մասին հայտարարեց Հայաստան այցելած Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Այժմ փաստորեն Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում դա է հաստատում ԱՄՆ նորընտիր փոխնախագահը, արդեն փաստացի նոր վարչակազմի պաշտոնյան, դատելով այն հայտարարությունից, որ հայ-ամերիկյան ներկայիս հարաբերության բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլեւս կզարգանա:

Ինչ է դա նշանակում, առայժմ մանրամասնորեն պարզ չէ, բայց շատ բան բավական թափանցիկ ակնարկեց ԱՄՆ կառավարության օրերս տարածած հայտարարությունը` Հայաստանի խորհրդարանի ընտրության հետ կապված: ԱՄՆ հայտարարեց, որ կֆինանսավորի ընտրության վերահսկողության մեխանիզմների շուրջ ընդդիմություն-իշխանություն համաձայնությունը: Միաժամանակ, Վաշինգտոնը մեջբերեց Հայաստանի անկախության եւ զարգացման համար վստահելի ընտրության կարեւորության մասին Սերժ Սարգսյանի խոսքը, այդպիսով շեշտելով նրա անձնական պատասխանատվությունը ընտրության վստահելիության համար:

Այդ առումով առկա է ուշագրավ վիճակ` հայտարարությունը եւ ընտրության վստահելիության հարցում Վաշինգտոնի հանձնառությունը շեշտում է դեմոկրատական վարչակազմը, բայց Հայաստանում ընտրությունը տեղի է ունենալու արդեն հանրապետական վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում, եւ Հայաստանում ընտրական գործընթացը դիտարկելու եւ դրա վստահելիության հանդեպ իր գնահատականը ձեւավորելու է հանրապետական վարչակազմը:

Եվ այդ առումով, ԱՄՆ օրերս տարածած հայտարարության ֆոնին, Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ԱՄՆ նորընտիր փոխնախագահի նախաձեռնությունը առավել հետաքրքիր է դառնում: ԱՄՆ հանրապետական նորընտիր վարչակազմի պաշտոնյան ըստ ամենայնի Սերժ Սարգսյանին հայտնել է նաեւ ընտրության վերահսկողության եւ դիտարկման հարցում դեմոկրատական վարչակազմի գործողությունը շարունակելու հաստատակամությունը, այդպիսով վերհաստատելով այն շահը, որ Հայաստանը կարող է ակնկալել վստահելի ընտրության պարագայում, եւ կրկնելով այն նուրբ նախազգուշացումը, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ Հայաստանը թե քաղաքական, թե տնտեսական առումով, եթե իշխանությունը նահանջի ընտրության կապակցությամբ ստանձնած հանձնառությունից:

Ամենաընթերցվածը