Նախընտրական բեկում. երեք կուսակցություններ կոտրեցին սառույցը

    • Մեկնաբանություն - 02 Դեկտեմբերի 2016, 00:04
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունների հետ պայմանավորվածության մասին, որի մանրամասները սակայն խոստանում են հրապարակել դեկտեմբերի 12-ին: Այս կուսակցությունները խորհրդարանի ընտրությանը միասնական մասնակցության համար բանակցության վերաբերյալ հայտարարել էին դեռեւս մեկ-երկու շաբաթ աաջ: ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանն այդ կապակցությամբ արել էր նաեւ բավական ուշագրավ մի հայտարարություն՝ ասելով, թե դաշինքը եթե լինի արդյունավետ, ապա չի բացառվում նաեւ հետագայում մեկ կուսակցության ձեւավորումը

Գուցե հնչի տարօրինակ, բայց եռյակի համաձայնության կամ պայմանավորվածության մասով ամենաառարկայական եւ հեռանկարային հարցը հենց դա է՝ երեք կուսակցությունները կկարողանա՞ն ձեւավորել մեկ կուսակցություն, թե ոչ:

Իհարկե մեկ կուսակցության ձեւավորումը ամենեւին չի կարող լինել ինքնանպատակ: Բայց դա կարող է լինել մի քայլ, որի վրա կձեւավորվի Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր նոր քաղաքական պլատֆորմ, որը ներդաշնակ եւ ամբողջական կլինի ներքին եւ արտաքին քաղաքական մոտեցումների համադրելիությամբ կամ այլ կերպ ասած՝ քաղաքակրթական փաթեթի ամբողջականությամբ:

Իսկ դա նշանակում է ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների խորքային, կոնցեպտուալ շաղկապում:

Ընդ որում, այստեղ շատ տարածված է կարծիքը, թե Հայաստանին պակասում է արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ազդեցիկ բեւեռ: Ըստ այդմ կա տարածված ենթադրություն, թե ռուսամետ բեւեռը առկա է: Իրականում, Հայաստանում չկա նաեւ այդօրինակ բեւեռ: Իրականում Հայաստանում չկա ուժ, որը հստակ եւ կոնցեպտուալ մոտեցում կներկայացնի Հայաստանի ռուսական կողմնորոշման քաղաքակրթական անհրաժեշտության մասով:

Իրականում, Հայաստանին անհրաժեշտ է նախեւառաջ քաղաքականությունը պարզապես քաղաքակրթական փաթեթով պատկերացնող եւ ներկայացնող քաղաքական բեւեռի առկայություն: Եվ եթե իհարկե այդ համատեքստում խոսենք արդեն համաշխարհային զարգացմանը համարժեք փաթեթի մասին, ապա ակնհայտ է դառնում, որ այդ փաթեթը պետք է ներառի Հայաստանի սերտ գործակցություն, գործընկերության խորացում եվրաատլանտյան քաղաքակրթական միջավայրի հետ: Մի շարք պատճառներով, սկսած աշխարհաքաղաքական շահի եւ ռազմավարական հեռանկարների ընդհանրությունից, մինչեւ անվիճելի առաջատարությունը կենսագործունեության բոլոր բնագավառներում, ինչը Հայաստանի համար կարող է լինել արդիականացման թե փորձ, թե նաեւ խթան:

Ահա այդ տեսանկյունից, կանգնում ենք հետաքրքրական հարցերի առաջ: Ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի համար, եթե ասենք 2017 թվականի խորհրդարանում հայտնվի այսպես ասած արեւմտամետ կողմնորոշում ունեցող մի խմբակցություն, 5-10 պատգամավորով: Իհարկե, մարտավարական առումով լավ կլինի, որ ապագա խորհրդարանում լինի այդ ուժն ու հնչեն այդօրինակ կարծիքներն ու մոտեցումները:

Բայց, հարց է առաջանում՝ եվ ի՞նչ:

Ոչինչ, եթե այդ 5-10 մարդու կամ նրանց թիկունքում գտնվող ուժերի համար գործակցությունը չունի ռազմավարական հեռանկարներ, պատկերացումներ, քայլերի հաջորդականոթյուն, եւ թող չթվա չափազանցություն կամ ռոմանտիզմ՝ երազանք:

Ըստ այդ, շատ հետաքրքիր եւ առարկայական է ոչ թե այն, թե ինչ են պայմանավորվել երեք կուսակցությունները ընտրությունից առաջ, այլ այն, թե ինչ են պատկերացնում եւ պայմանավորվել են արդյոք նրանք որեւէ հարցում հետընտրական իրականության մասով, եւ որքանով է հետընտրական նրանց գործակցությունը նախընտրականից անկախ:

Ամենաընթերցվածը