ԱՄՆ կրկնել է զգուշացումը Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 01 Դեկտեմբերի 2016, 19:18
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը այցելել է Գլխավոր դատախազություն եւ հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Քնարկվել են երկկողմ գործակցության հարցեր: Հայտնելով, որ գոհ է դատախազության հետ գործակցությունից, ԱՄՆ դեսպանը հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ կողմնակից է կոռուպցիայի դեմ պայքարում գործնական արդյունքների արձանագրմանը:

ԱՄՆ դեսպանի Գլխավոր դատախազություն կատարած այցը հետաքրքիր լույսի ներքո է երեւակվում օրերս ԱՄՆ տարածած հայտարարության ֆոնին, որն առնչվում էր Հայաստանում ընտրական գործընթացին: ԱՄՆ հայտարարել էր, որ պատրաստ է ֆինանսավորել ընդդիմության եւ իշխանության պայմանավորվածությունը: Միաժամանակ հայտարարվել էր իշխանության քաղաքական կամքի անհրաժեշտության մասին, հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքը, որ վստահելի ընտրությունն է Հայաստանի զարգացման եւ անկախության գրավականը:

Այլ կերպ ասած, ԱՄՆ հայտարարությունը մի կողմից լինելով Հայաստանի իշխանության նախընտրական քարտ-բլանշ, մյուս կողմից զգուշացում էր Հայաստանի իշխանությանը, որ Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ վստահելի ընտրության բացակայության պարագայում: Ընդ որում, այս դեպքում իհարկե խոսքը կարող է լինել թե այն մասին, որ Հայաստանը պարզապես կենթարկվի որեւէ պատժամիջոցի` դե ֆակտո կամ դե յուրե, այլ նաեւ կզրկվի Արեւմուտքի քաղաքական աջակցությունից: Ընդ որում, Հայաստանի իշխանության համար առանձնապես ցավոտ կարող է լինել հենց այդ հանգամանքը, քան որեւէ դե ֆակտո կամ դե յուրե տնտեսական կամ վարչական պատժամիջոց:

Բանն այն է, որ վերջին մի քանի տարիներին պաշտոնական Երեւանը միայն Արեւմուտքի այդ աջակցության շնորհիվ է կարողացել հաղթահարել ռուս-ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության լրջագույն ռիսկերը, որ բխել են Հայաստանի մասով այդ եռյակի շրջանակում մշակված տարաբնույթ «պլաններից»:

Այդ աջակցությունն իհարկե չի եղել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնություն, բարեգործություն: Բայց, մյուս կողմից, այդ աջակցությունը պայմանավորված չի եղել բացառապես արեւմտյան շահերով: Այսինքն, Արեւմուտքն այսպես թե այնպես կանգնած չէ այդ աջակցության անխուսափելիության առաջ, քանի որ դա է պահանջում իր շահը: Բանն այն է, որ Հայաստանին ցուցաբերված աջակցության գործում էական դեր է ունեցել այն հանգամանքը, որ արեւմտյան շահերի պրիզմայում, դրանց մշակումներում Հայաստանին հատկացվել է էական դերակատարում, տրվել է առանցքային նշանակություն, Հայաստանը դիտվել է որպես միջազգային անվտանգության ընդգրկուն համակարգի կարեւոր օղակ:

Եվ այդ հարցում մեծ ազդեցություն են ունեցել թե քաղաքացիական, թե տնտեսական, թե ռազմական մի քանի գործոններ, հայկական բանակը, այդ բանակի ձեռքբերումները Արցախի առաջին պատերազմից մինչեւ այժմ, այդ բանակի մարտունակությունը, Հայաստանում քաղաքացիական եւ տեխնոլոգիական հասարակության ներուժը, Հայաստանի քաղաքակրթական խորքային ռեսուրսը:

Այս ամենն է Արեւմուտքի համար հիմք հանդիսացել իր շահերի համայնապատկերը գծագրելիս էական դերակատարում եւ ներառում պատկերացնել նաեւ Հայաստանի համար, չնայած Հայաստանի իշխանության վարած անմնացորդ ռուսամետ քաղաքականությանն ու հայկական շահերի ակնհայտ ոտնահարման պայմաններում ռուսական նախագծերին տրվող միաբերան հավանություններին:

Հայաստանի իշխող համակարգն իր մտապատկերում ձեւավորել է համոզում, որ հնարավոր է այդ հանգամանքը շահարկել անվերջ եւ անվերջ ստանալ արեւմտյան օժանդակություն, ծածկվելով Հայաստանի քաղաքակրթական ռեսուրսով, ծածկվելով զինվորի եւ սպայի, նաեւ քաղաքացիական, տեխնոլոգիական հանրության ներուժի թիկունքում եւ լուծելով իշխանության խնդիրները, անվերջ արդարացնելով այդ խնդիրների լուծման համար ռուսահպատակ քաղաքականությունը:

Ընտրական գործընթացի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը եւ վստահելիության հանգամանքի շեշտադրումը Հայաստանի անկախության համար անհրաժեշտության համատեքստում վկայում է, որ Արեւմուտքը մտադիր է էապես սահմանափակել Հայաստանի իշխանության այդ «մանեւրի» հնարավորությունը, Հայաստանի քաղաքակրթական ռեսուրսը չարաշահելու եւ իշխանական խնդիրները լուծելու համար շահագործելու հնարավորությունը:

Եվ այդ հայտարարությունից մի քանի օր անց ԱՄՆ դեսպանի այցը Գլխավոր դատախազություն, հայտարարությունը կոռուպցիայի դեմ գործնական արդյունքի ակնկալիքների մասին մի կողմից Հայաստանին ուղղված զգուշացման կրկնություն է, մյուս կողմից վկայություն, որ հայտարարությունից հետո ԱՄՆ Հայաստանի իշխանության շրջանակում չի տեսել դրա ընկալման բավարար լրջություն, հարկ համարելով մի փոքր ժեստով լրջացնել ՀՀԿ համագումարից հետո էյֆորիկ տրամադրության մեջ հայտնված իշխանությանը:

Ամենաընթերցվածը