Հանցագործություն Հայաստանի երկնքում. ինչպես կարելի է պատկերացնել

    • Մեկնաբանություն - 01 Դեկտեմբերի 2016, 15:54
Մոտ մեկ տարի առաջ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին հայտարարած Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի ավիաշուկայում հանցավոր մրցակցություն է: Ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ իրենք չեն վախենում մրցակցությունից եւ ավելին` ուզում են, որ լինի մրցակցություն, բայց հավասար մրցակցություն: Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանում ազգային ավիափոխադրողի հանդեպ անհավասար եւ ավելին` հանցավոր մրցակցություն է:

Ավիաընկերության սեփականատերը հայտարարել է, թե դրա հետեւանքով առաջանում են իրենց գործունեության խոչընդոտներ, թեեւ իրենք չեն պատրաստվում վարել դիմանալու քաղաքականություն` այլ ունեն զարգանալու լուրջ մտադրություններ: Նա հայտարարել է, թե պատրաստվում են հանդիպել նոր կառավարությանը:

Ավելի մանրամասներ կարծես թե հրապարակված չեն, մասնավորապես այն մասին, թե ով է հանցավոր մրցակցության աղբյուրը, ում շահերն է սպասարկում այդ հանցավոր գործունեությունը:

Պարզապես այդ հայտարարությունների ֆոնին ուշագրավ է մի քանի փաստ: Հայաստանում հայկական երկրորդ ավիաընկերությունն է մուտք գործում շուկա եւ հայտարարում, որ չկա հավասար մրցակցություն եւ գոյություն ունի հանցավոր իրավիճակ: Դրանից առաջ նույն հայտարարություններն արեց Էյր Արմենիա ավիաընկերության ղեկավարը, որը դժգոհում էր Ռուսաստանի ավիաընկերությունների եւ ավիացիոն կազմակերպությունների անբարեխիղճ գործողություններից: Հետեւանքը, ըստ նրա, հայկական ավիափոխադրողի ֆինանսական խնդիրներն էին, որոնց հետեւանքով դադարեց գործունեությունը:

Մյուս փաստն այն է, որ հայկական ավիաշուկայում շարունակում են գերիշխել ռուսական ուղղություններն ու ավիաընկերությունները: Բաց երկնքի քաղաքականության հռչակումից անցել է երկու տարի, բայց հայկական ավիաշուկայում նկատելի է միայն ռուսական ուղղությունների եւ ավիաընկերությունների առաջընթացը:

Վատ չէ իհարկե, եւ ամենեւին չի կարող լինել ռուսական ընկերությունների համար վատ պայման ստեղծելու խնդիր: Խնդիրը այն է, որ պետք է լավ պայման լինի բոլոր ավիաընկերությունների համար, եւ Բաց երկինքը պետք է Հայաստանին ավելի շուտ տար այն, ինչ չկար կամ քիչ էր, դժվարամատչելի` առաջին հերթին մատչելի օդային հաղորդակցություն եվրոպական ուղղությամբ: Ռուսական ուղղությունները Հայաստանի ավիաշուկայում այսպես թե այնպես եղել են առատ եւ համեմատաբար մատչելի, եւ Բաց երկինքը պետք էր հենց եվրոպական ուղղությամբ իրավիճակը հավասարակշռելու համար:

Բայց դա տեղի չի ունենում: Եթե արձանագրվել է դեպի եվրոպական քաղաքներ տոմսերի գնի նվազեցում, ապա այդ նվազեցումը ամենեւին բավարար չէ իրավիճակի շոշափելի փոփոխություն արձանագրելու համար: Ավելին, Հայաստանից Եվրոպա հաղորդակցության մեջ գերակշռում է տարանցիկ ուղին, չկան մատչելի ուղիղ չվերթեր դեպի եվրոպական առանցքային քաղաքներ:

Վերջերս հայտարարվեց Երեւան-Բյուսել թռիչքների մասին, որ կիրականացնի Բրյուսել Էյրլայնս ընկերությունը 2017-ի մարտից: Նաեւ Արմենիա ընկերությունն է հայտարարում եվրոպական ուղղությամբ թռիչքների մասին: Եթե դրանք դառնան իրականություն եւ ապահովեն մատչելի ուղիղ կապ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ, դա Հայաստանի համար կունենա թե տնտեսական, թե քաղաքական կարեւոր նշանակություն:

Հայաստանի օդային հաղորդակցությունը պետք է դիվերսիֆիկացվի, դա ռազմավարական խնդիր է, Բաց երկնքի քաղաքականությունը պետք է տա էֆեկտ ոչ միայն ռուսական ուղղությամբ: Բայց, փոխարենը առայժմ արդեն երկրորդ հայկական ավիափոխադրողն է հայտարարում հանցավոր մրցակցության մասին, ինչը նշանակում է, որ առաջին հայտարարություններից հետո իրավիճակը չի փոխվել: Թեեւ փոխվել է ավիացիայի ոլորտը կարգավորող կառույցի` Քաղավիացիայի վարչության ղեկավարը:

Ընդ որում, ուշագրավ է, որ նախկին ղեկավարի մասով մամուլում եղավ հրապարակում, թե նա կաշառք է պահանջել գերմանական Լյուֆթհանզա ընկերությանը Հայաստանում թռիչքի արտոնագիր տալու համար, ինչի վերաբերյալ բողոքը հասել է Սերժ Սարգսյանին, եւ կայացվել է նրան հեռացնելու որոշում: Այդ տեղեկությունը չի ունեցել պաշտոնական հաստատում, բայց դրա հրապարակումից կարճ ժամանակ անց քաղավիացիայի վարչության պետն այդուհանդերձ հեռացվեց աշխատանքից: Ի դեպ, նոր պետը մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասել էր, թե ինչպե՞ս եք պատկերացնում կաշառք պահանջել Լյուֆթհանզայի նման կազմակերպությունից:

Այսինքն, ոչ «նման» կազմակերպություններից կաշառք պահանջել այդուհանդերձ պատկերացնելի է, իսկ Լյուֆթհանզայից` ոչ: Իհարկե դժվար է պատկերացնել, որ Լյուֆթհանզայից կարող է որեւէ մեկն ունենալ կաշառք պահանջելու միամտություն, բայց օրինակ, ինչպես կարելի է պատկերացնել, որ արդեն երկրորդ հայկական ավիափոխադրողն է հայտարարում հայկական երկնքում հանցավոր երեւույթների մասին:

Ամենաընթերցվածը