Կարեն Կարապետյանը պատասխանեց Սերժ Սարգսյանի հակազդեցությանը

    • Մեկնաբանություն - 01 Դեկտեմբերի 2016, 14:35
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում հայտարարել է, որ ստեղծվում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը մշակելու եւ ներկայացնելու է երկարաժամկետ հայեցակարգեր տարբեր ուղղություններով զարգացումների համար: Ըստ վարչապետի, կենտրոնի նպատակն է կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ գործակցության միջոցով:

Այդպիսի կենտրոն ստեղծելու մտադրության մասին Կարապետյանն ակնարկել էր ավելի վաղ, եւ այդ իմաստով գաղափարը նոր եւ անսպասելի չէ: Միաժամանակ ուշագրավ է ստեղծման վերաբերյալ որոշման մասին հայտարարությունը, որ հնչում է ՀՀԿ համագումարից հինգ օր անց:

Բանն այն է, որ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարի իր հաշվետու զեկույցում Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց ՀՀԿ-ում հատուկ մարմին ստեղծելու մասին, որն ընդհանուր առմամբ կարծես թե հետապնդելու է մոտավորապես այնպիսի մի նպատակ, ինչպիսին Կարեն Կարապետյանի ստեղծելիք ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

«Մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար», հայտարարեց Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին:

Հինգ օր անց Կարեն Կարապետյանը հայտարարում է կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու մասին, որը կառավարության համար պետք է մշակի երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգեր ու գաղափարներ:

Ի՞նչ հարաբերակցության մեջ են լինելու ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի հայտարարած հատուկ մարմինն ու կառավարությունում Կարեն Կարապետյանի հայտարարած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Ինչ գաղափարներ են մշակվելու ՀՀԿ հատուկ մարմնում, եւ ինչ նշանակություն են ունենալու դրանք կառավարության Ռազմավարական` փաստացի հատուկ կենտրոնում: Այդ կենտրոնի համար ՀՀԿ հատուկ մարմնի գաղափարները լինելու՞ են ուղենշային, թելադրող, թե՞ ոչ: Թե՞ լինելու է հակառակը` կառավարության կենտրոնում մշակված ռազմավարական հայեցակարգերն ու գաղափարներն են թելադրող լինելու ՀՀԿ հատուկ մարմնի համար:

Բոլոր դեպքերում ուշագրավ է, որ հատուկ կուսակցական մարմին ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն էլ հայտարարեց կառավարությունում ռազմավարական կենտրոն ստեղծելու մասին:

Կամ այդ կենտրոնը կկրի ձեւական բնույթ` իրականում լինելով ՀՀԿ հատուկ մարմնի «գաղափարական» ենթական, կամ Կարեն Կարապետյանն իր ռազմավարական կենտրոնով փորձելու է չեզոքացնել ՀՀԿ հատուկ մարմնի ազդեցությունը:

ՀՀԿ անդամ դարձած Կարապետյանը կուսակցությունում կստանձնի բավական բարձր պաշտոն` Սերժ Սարգսյանից մեկ աստիճան ցածր, մյուսներից բարձր` կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Բայց, չնայած բարձր կարգավիճակին, Կարապետյանն իհարկե ունի կուսակցությունում հաստատվելու խնդիր, որը նա անկարող է լուծել առանց Սերժ Սարգսյանի օժանդակության: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը քաջ գիտակցում է, որ Սերժ Սարգսյանը, օժանդակելով կուսակցական կյանքում նրա ազդեցության գոտու ձեւավորմանը, անկասկած զուգահեռ ձեւավորելու է նաեւ դրա հակազդեցության գոտիներ:

Եվ այդ իմաստով, Կարեն Կարապետյանին տալով կուսակցության մեջ նոր, փաստացի հատուկ կարգավիճակ`Սերժ Սարգսյանը նաեւ ձեւավորում է հատուկ մարմին, որը դե ֆակտո հանդիսանալու է այդ հակազդեցության գոտիներից մեկը, սահմանելով գաղափարային ուղենիշներ ե փորձելով թելադրել կուսակցության գործունեության բովանդակային միջավայրը: Դեռ պարզ չէ, թե ինչ կազմ կունենա հատուկ մարմինը, կուսակցական ինչ շրջանակներ ազդեցություն կունենան այդ մարմնում եւ ինչ չափով, բայց հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարում է կառավարությունում հատուկ կառույցի ստեղծման մասին, որպես երաշխիք եւ գործիք` անհրաժեշտության դեպքում կուսակցականին հակազդելու համար:

Ամենաընթերցվածը