Մնացածն՝ ըստ պլանի

    • Մեկնաբանություն - 30 Նոյեմբերի 2016, 21:46
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, ով հազվադեպ է խոսում, պատասխանել է Ազատություն ռադիոկայանի հարցերին Ադրբեջանին Ղարաբաղի շրջաններ հանձնելու Հայաստանի իշխանությունների մտադրության վերաբերյալ: Հարցազրույցում նա տերմիններ է կիրառել, որոնք կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները ԼՂԻՄ շուրջ շրջաններն ընկալում են որպես «անվտանգության գոտի», որը ենթակա է «վերադարձի», եթե որոշվի «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակը:

Վաղուց արդեն նորություն չէ, որ Հայաստանը համաձայնվել է քննարկել միջնորդների առաջարկները, որոնք նախատեսում են տարածքային զիջումներ. Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ 2011 թվականին պատրաստ էր համաձայնագիր ստորագրել Կազանում, սակայն Ալիեւը նոր պայմաններ է առաջ քաշել:

Ապրիլյան պատերազմից հետո թվում էր, որ իրավիճակը փոխվել է, եւ «վերադարձի»՝ ավելի ճիշտ տարածքների հանձնման հարցը հանվել է: Վլադիմիր Հակոբյանի խոսքում կա դրա ակնարկը. նա ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո «անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Մինչեւ ապրիլ շրջանների թիվը, որոնց հանձնելու մասին ոչ պաշտոնապես խոսում էին տարբեր մակարդակներում, տատանվում էր 1-ից մինչեւ 7: Վերջերս թուրք պաշտոնյաները խոստովանել են, որ Հայաստանին առաջարկել են 1 շրջան հանձնել հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:

Հիմա էլ նախագահի մամուլի քարտուղարը չի հերքում, որ խոսքը 7 շրջանի եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ լայն և անխափան ցամաքային կապի» մասին է: Ճիշտ է, նա անընդհատ հղում է անում, որ նախեւառաջ պետք է Ղարաբաղի կարգավիճակը որոշվի, սակայն փաստը, որ Հայաստանը շարունակում է տարածքների հանձնումը հավանական համարել, խոսում է հայկական քաղաքականության կապիտուլյացիոն եւ վնասակար բնույթի մասին:

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը չի հրաժարվել այսպես կոչված մադրիդյան սկզբունքներից, որոնք տարածքային զիջումներ են նախատեսում: Հայաստանը մի փոքր կոշտացրել է դիրքորոշումը՝ հայտարարելով, որ եթե նախկինում պատրաստ էր Ղարաբաղի «հետաձգված կարգավիճակին», ապա հիմա հստակ սահմանված կարգավիճակ է պահանջում: Եվ վերջ: Մնացածն՝ ըստ պլանի: Այդ թվում՝ տարածքները:

Տեսականորեն տարբեր տարբերակներ կարելի է դիտարկել: Օրինակ, Ալիեւը համաձայնվում եւ ճանաչում է Ղարաբաղը ԼՂԻՄ սահմաններում (4.3 հազար ք/կմ): Հայկական կողմը պատրա՞ստ է Ադրբեջանին տալ Ղարաբաղի մնացած 7.8 հազար ք/կմ-ն: Բազմաթիվ այլ հարցեր ու ենթադրություններ էլ կան, սակայն, Հայաստանի ներկայիս քաղաքականությունը կարծես թե կառուցված է այն համոզման վրա, որ Ալիեւը ռիսկ չի անի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ տարածքային զիջումներ չեն լինի:

Բացի այդ, փոխվել է Արեւմուտքի վերաբերմունքը: Այս տարվա հունվարին ԱՄՆ Կոնգրեսն առաջարկ է ստացել հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգի սարքավորումներ տեղադրելու եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ: Հայաստանն աջակցել է այդ առաջարկին, սակայն Ադրբեջանը կտրականապես դեմ է:

Ներկայում ադրբեջանցի պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որ կարգավորումը վերադարձնեն «կազանյան գործընթացի» տրամաբանություն: Նրանք դրա համար օգտագործում են ինչպես սեփական, այնպես էլ դաշնակիցների՝ նախեւառաջ Ռուսաստանի ռեսուրսները, որը դեմ չէ շանտաժի ենթարկելու Հայաստանին:

Ադրբեջանի պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից հոդվածներ են գրում ու հայտարարություններ անում՝ փորձելով ակտուալացնել կարգավորման թեման ու թույլ չտալ, որ ստատուս-քվոն իրականություն դառնա: Կարծես թե Ադրբեջանի գործողություններն ապարդյուն չեն, Հայաստանում նորից խոսում են «տարածքների վերադարձի» ու «անվտանգության գոտու» մասին: Ընդ որում, նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով: