Վարչապետը ստիպեց Շաբոյանին խոստովանել

    • Մեկնաբանություն - 30 Նոյեմբերի 2016, 13:56
Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որում խոսվել է պետական ծրագրով պարարտանյութերի մատակարարման խնդիրների մասին, որոնց հետեւանքով առաջանում է անհավասար մրցակցություն:

«Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը եւ պետական գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ եւ արդար մրցույթների միջոցով: Հետեւապես, Հանձնաժողովը կլինի հետեւողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու եւ այս առումով խնդիրների լիարժեք լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով», նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շոբոյանը, որը նաեւ ընդգծել է, թե բոլոր տնտեսվարողները պետք է լինեն իրազեկ, որ այսուհետ պետական աջակցության ծրագրերը պետք է կազմակերպվեն բացառապես մրցութային հիմքունքներով եւ բոլորը պետք է ունենան դրանց մասնակցելու մեկնարկային նույն հնարավորությունը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վերջին օրերին դարձել էր Հայաստանի ներիշխանական զարգացումների առանցքային ֆիգուրներից մեկը: Դրա պատճառը գարեջրի շուկայում ուսումնասիրությունն էր եւ ՀՀԿ-ական պատգամավոր, Երեւանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանի ձեռնարկության նկատմամբ 115 միլիոն դրամի տուգանքի որոշումը: ՏՄՊՊՀ-ն իր գործունեությամբ շոշափել էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի շահը, որին ի պատասխան գործարանը տարածեց հայտարարություն, գրեթե բաց տեքստով մեղադրելով Շաբոյանին պատվեր կատարելու համար:

Հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից հետո Արտակ Շաբոյանը չգնաց դատարան, ինչի պատճառը թերեւս այն էր, որ Գյումրու գարեջրի գործարանի հայտարարությանը նախորդել էր վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքորոշումը: Կառավարության նախորդ նիստում նա հորդորեց Շաբոյանին հանգիստ թողնել գարեջրի մրցակցային շուկան եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներով, որտեղ կան խնդիրներ եւ որոնց կապակցությամբ կան բազմաթիվ դժգոհություններ:

Մի քանի ժամ անց հենց դրան հաջորդեց պատվեր կատարելու մեղադրանքը Գյումրու գարեջրի գործարանից: Չի բացառվում, որ Գյումրու գարեջուրը փաստացի առավել ուղիղ ձեւակերպեց այն, ինչ մի քանի ժամ առաջ ակնարկել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, ՏՄՊՊՀ-ին առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաները ուսումնասիրելու եւ գարեջուրը հանգիստ թողնելու իր հորդորով առաջ բերելով մի շարք հարցեր:

Արտակ Շաբոյանն այդ ամենից հետո ոչ թե գնաց դատարան` իր կամ հանձնաժողովի պատիվն ու բարի համբավը, հետեւաբար նաեւ Հայաստանի ներդրումային գրավչության հեռանկարը պաշտպանելու` ի վերջո խոշոր ձեռնարկություններից մեկը տնտեսական մրցակցություն պաշտպանելու կոչված կառույցին մեղադրում է պատվեր կատարելու համար, այլ փաստացի հայտարարեց «կապիտուլյացիայի» մասին, միաժամանակ անելով նաեւ շատ ուշագրավ խոստովանություն:

Վարչապետի մոտեցումն այսպիսին է, եւ հետեւաբար հանձնաժողովը վերահսկողության հարցում կլինի ավելի խիստ, ասում է Շաբոյանը:

Ի՞նչ կապ ունի, թե ինչպիսին է վարչապետի մոտեցումը, եթե վարչապետը դե յուրե չի հանդիսանում ՏՄՊՊՀ վերադաս: ՏՄՊՀՀ-ն անկախ կառույց է, եւ հենց այդ հանգամանքն է դրա գոյության իմաստային առանցքը: ՏՄՊՊՀ նախագահի համար ուղենիշ պետք է լինի ոչ թե այս կամ այն վարչապետի այս կամ այն մոտեցումը, այլ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքը, որով նա պետք է իր լիազորության շրջանակում ունեցած լծակները գործի դնի Հայաստանում տնտեսական մրցակցությունը պաշտպանելու համար:

Որովհետեւ, եթե ՏՄՊՊՀ մոտեցումը կախված է վարչապետի մոտեցումից, ապա այսօր վարչապետի մոտեցումը լավն է, վաղը այն կարող է լինել վատը, կամ այսօր վարչապետը լավն է, վաղը կարող է վատը լինել, ինչը կնշանակի, որ ՏՄՊՊՀ հանձնաժողովը շեղվել է իր իմաստից:

Միաժամանակ, Արտակ Շաբոյանը կամա թե ակամա խոստովանում է, որ կախված վարչապետի մոտեցումից` հանձնաժողովը նախկինում չի եղել անհրաժեշտ չափով հետեւողական եւ խիստ, գոնե պետական աջակցությամբ պարարտանյութերի տրամադրման ծրագրի հարցում, իսկ դրանց մրցույթների մասնակցության մեկնարկային պայմանները նույնը չեն եղել բոլոր մասնակիցների համար:

Դա էլ հենց վկայում է, որ երբ կարեւոր կառույցի գործունեությունը թելադրվում է ոչ թե Սահմանադրության եւ օրենքի տառով, այլ տվյալ ժամանակի վարչապետի մոտեցումով, առաջանում են մեղմ ասած խնդիրներ:

Իսկ նախկին վարչապետը, ինչպես հայտնի է, բավական շոշափելի տնտեսական շահեր ուներ գյուղատնտեսության բնագավառում եւ բնականաբար նաեւ ոլորտի ուղղությամբ պետական ծրագրերում: Այդ իմաստով հատկանշական էր օրինակ պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքի պատմությունը, երբ Տիգրան Սարգսյանի ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ պետական աջակցությամբ տրվող դիզվառելիքը Արարատի մարզի գյուղերից մեկում առյուծի բաժնով հասել էր խոշոր սեփականատիրոջ, որը այդ ժամանակ ԱԺ նախագահ, իսկ հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր:

Ըստ այդմ, երբ Շաբոյանը, հղում անելով նոր վարչապետի մոտեցմանը, հայտարարում է հետեւողական եւ խիստ վերահսկելու մասին, բուն խնդիրը շարունակում է մնալ նույնը, որովհետեւ Շաբոյանը Սահմանադրության եւ օրենքի, ոչ թե վարչապետների ենթական է:

Ամենաընթերցվածը