Վերջին զգուշացումը Հայաստանի իշխանությանը

    • Մեկնաբանություն - 30 Նոյեմբերի 2016, 10:51
ԱՄՆ կառավարությունը իր հայտարարությամբ միանում է Եվրամիությանը, Գերմանիային ու Մեծ Բրիտանիային, որոնք ֆինանսական օգնություն են տրամադրելու Հայաստանում 2017-ին նախատեսված ընտրությունների քվեարկության գործընթացների ու վերահսկողական միջոցների ու սարքավորումների համար:

ԱՄՆ կառավարությունը փաստում է, սակայն, որ այս մեխանիզմի ներդրումը բավական չէ ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, եւ անհրաժեշտ է քաղաքական կամք: Հայտարարության մեջ հղում է արվում Սերժ Սարգսյանի այն գնահատականին, որ «Հայաստան պետության վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով»: Այսպիսով, ԱՄՆ-ն «բռնացրել» է Սերժ Սարգսյանին, հետագայում այլասացություններից խուսափելու համար, թե քաղաքականության, թե այլ ոլորտներում:

Փաստացի, 2017-ի ընտրությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել Արեւմուտքի եւ ընդհանրապես աշխարհի առաջատար երկրները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Եվրամիությունը: Սա չափազանց բարձր «նշաձող» է, եւ նման է նրան, որ Հայաստանի իշխանությանը վերջին հնարավորությունն է տրվում: Ընդհանրապես, «վերջին շանսի» մասին ներկայում գրեթե բոլորն են խոսում, եւ դա բնական է՝ Հայաստանը հասել է մի սահմանագծի, որից այն կողմ արդեն չգոյությունն է՝ որպես ինքնիշխան ու կենսունակ պետություն:

Իհարկե, Արեւմուտքում, եւ մասնավորապես այս երկրներում պատրանքներ չկան Հայաստանի իշխանության եւ նաեւ հանրության մասով: Այստեղ հստակ պատկերացումներ կան Հայաստանի իշխանության, քաղաքական համակարգի որակների, բնույթի ու մոտիվացիայի վերաբերյալ: Առավել եւս, Սերժ Սարգսյանի խոսքի ու խոստումների մասով:

Սակայն, սա Արեւմուտքի քաղաքականության ոճն է՝ մինչեւ վերջ փորձել, սպառել բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի հետագայում չմնան «սողանցքեր»: Զուր չէ, որ ԱՄՆ կառավարության հայտարարության մեջ շեշտվում է քաղաքական կամքի խնդիրը: Ոչ մի մեխանիզմ ի զորու չէ փոխել վիճակը, եթե չլինի այդ կամքը: Սա ապացուցում է, որ պատրանքներ չկան, եւ ՀՀ իշխանությունը դրվում է ուղիղ պատասխանատվության տակ:

Հայաստանը կարեւորագույն տեղ է զբաղեցնում գլոբալ անվտանգության ու աշխարհքաղաքականության ծրագրերում, սակայն Հայաստանի իշխանությունը բացարձակապես համարժեք չէ դրանց, ավելին՝ աստիճանաբար դառնում է խոչընդոտ: Այդ առումով, Հայաստանի համար ստեղծվել է վտանգավոր իրավիճակ: Թե ինչպես է հանգուցալուծվելու այս իրավիճակը՝ դժվար չէ կռահել, սակայն դա այլ թեմա է: Միայն արժե նշել, որ այն լինելու է խիստ ցավոտ, հենց այդ անհամարժեքության պատճառով:

Ընդ որում, խոսքը Հայաստանին պատժելու մասին չէ, որը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող էր լինել չարյաց փոքրագույնը: Խոսքը Հայաստանն ու Հայաստանի շահերն անտեսելու մասին է, որի հետեւանքները չափազանց ծանր են լինելու երկարատեւ հեռանկարի առումով:

Արեւմուտքի երկրների այսօրինակ մասնակցությունը Հայաստանի ընտրական գործընթացներին արդեն իսկ կոշտ գնահատական է Հայաստանի իշխանությանը, փաստելով, որ այն ոչ միայն համարժեք չէ միջազգային իրողություններին ու սեփական երկրի դերին, այլեւ ընդունակ չէ անցկացնել քաղաքական այնպիսի միջոցառում, ինչպիսին ընտրությունն է:

Հայաստանի իշխանությունն իհարկե պարբերաբար անցկացնում է «ընտրություններ», ամեն անգամ պարտակելով դրանց արդյունքը ներքին ու արտաքին տարբեր արդարացումներով ու պատճառաբանություններով: Ներկայում Արեւմուտքը, ընդառաջ գնալով բոլոր պահանջներին, փաստացի «փակում» է այդ պատճառաբանությունները, եւ իշխանությունը մենակ է մնում իր կամքի հետ՝ դրանից բխող հետեւանքներով՝ թե իր, թե Հայաստանի համար:

Հայաստանի վաղվա օրը կախված է լինելու այդ ընտրությունից՝ սա զգուշացում է Հայաստանին:

Ամենաընթերցվածը