Ելքը գտնվել է. Լիազորագրեր սաունաներից ու խաղատներից

    • Մեկնաբանություն - 30 Նոյեմբերի 2016, 09:25
ՀՀԿ-ն կատարում է Սերժ Սարգսյանի առաջին խորհուրդը

Հանրապետական կուսակցությունն ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության նախագծում ներառել է դրույթ, ըստ որի բացակա պատգամավորները կարող են իրենց խմբակցության ղեկավարին լիազորագրով օժտել իրենց փոխարեն քվեարկության իրավունքով: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն օրենսդրական լուծում է տալիս մի երեւույթի, որը շատ տարածված է իշխող մեծամասնություն կազմող այդ ուժի պատգամավորների շրջանում` ուրիշի փոխարեն քվեարկությունը:

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, սակայն հաճախ է պատահում, երբ առաջանում է որեւէ օրենքի անցկացման խնդիր, քանի որ այդ մեծամասնության պատգամավորների մի զգալի մասը բացակայում է եւ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքին: Նրանք կամ մեկնում են էկզոտիկ գործուղումների, կամ տարբեր ռեստորաններում եւ այլ ժամանցի վայրերում ժամանակ են անցկացնում, կամ էլ զբաղված են անձնական բիզնես գործերով, եւ «թղթերով նրանց մոտ ամեն ինչ կարգին» է, ինչպես սահմանել է Սերժ Սարգսյանը:

Այդպիսով, խորհրդարանական բացարձակ մեծամասնության պայմաններում ՀՀԿ-ն երբեմն ունենում է քվեարկության, քվորումի խնդիր, եւ հարկ է լինելում, որպեսզի մի պատգամավորը քվեարկի մի քանիսի փոխարեն: Լրագրողական տեսա եւ ֆոտո խցիկները 21-րդ դարում արձանագրում են այդ ամենը, ՀՀԿ-ականներին դնելով անհարմար վիճակում:

Այժմ ՀՀԿ-ն գտել է ելքը` խմբակցության ղեկավարն օժտվում է ուրիշի փոխարեն քվեարկելու իրավունքով: Այդպիսով, երեւույթը, որ անօրինական էր, կդառնա միանգամայն օրինական:

Կասկած չկա, որ ՀՀԿ-ն նախապես կպատրաստի 2017 թվականի խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակի բոլոր անդամների անունով լիազորագրեր` առաջիկա հինգ տարիների համար, բոլոր օրերի համար` համապատասխան ամսաթվերով: Այդպիսով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կարող է այլեւս չմասնակցել որեւէ նիստի, բավական կլինի միայն խմբակցության ղեկավարի մասնակցությունը:

Ընդ որում, ղեկավարի պաշտոնն էլ կարող են դարձնել ռոտացիոն, որպեսզի մեկը չհոգնի հինգ տարի շարունակ աշխատանքի գնալ-գալով, ի վերջո խմբակցության ղեկավարն էլ ռեստորան կուզի, գործուղում, բիզնես կունենա: Այնպես որ, կարող է լինել փոխանցիկ պաշտոն, եւ ՀՀԿ-ականները հերթով կգնան աշխատանքի:

Նորամուծությունն Ազգային Ժողովում առաջացրել է ընդդիմության հասկանալի դժգոհությունը: Բայց ՀՀԿ-ին թերեւս պետք է ընդառաջել, միայն պայմանով. ՀՀԿ խմբակցությունը պետք է լինի հենց մեկ մարդ: Թող նա ունենա ասենք 71 պատգամավորի համարժեք ձայն, բայց մանդատ պետք է ունենա միայն նա, իսկ մյուսները պետք է զերծ լինեն մանդատից եւ անձեռնմխելիությունից:

Թեեւ, կասկած չկա, որ ՀՀԿ-ն կմերժի այդ փոխզիջումը, քանի որ այժմ էլ ունի անհրաժեշտ բացարձակ մեծամասնություն իր նախագծերն ուզած ձեւով անցկացնելու համար: Առավել եւս, որ ՀՀԿ մեծամասնությանը պետք է հենց մանդատը, որն ապահովելու է անձեռնմխելիություն:

«Միայն մարտահրավերներին հետևող հայացքը բաց է թողնում հնարավորությունը հնարավորության հետևից։ Ձեր ջանքն ուղղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։ Փնտրեք դրանք ամենուր։ Ձեր հայացքն ուղղեք դեպի աշխարհի անծայրածիր տափաստաններն ու օվկիանոսները, դեպի հսկայածավալ շուկաներն ու նոր տեխնոլոգիաները», խորհուրդ էր տալիս հանրապետականներին Սերժ Սարգսյանը, նրանց համագումարում հերթական անգամ դառնալով նրանց նախագահ:

Հանրապետականները հետեւում են առաջնորդի խորհրդին, եւ առաջիկա հինգ տարիներին պատրաստվում են թերեւս կյանքն անցկացնել տափաստաններ եւ օվկիանոսներ կտրելով եւ հայ ժողովրդի համար նոր շուկաներ փնտրելով, ինչի համար էլ քվեարկության իրավունքը կթողնեն խմբակցության ղեկավարին:

Իհարկե, նոր շուկաները կփնտրեն այնպես, ինչպես փնտրեցին 170 միլիոնանոց շուկան: