Ընդդիմության անակնկալը Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 29 Նոյեմբերի 2016, 14:26
Ազգային Ժողովը քննարկում է կուսակցությունների մասին օրենքի իշխանության նախագիծը, որն ըստ ամենայնի միտված է Սերժ Սարգսյանի նախանշած կուսակցությունների խոշորացման նպատակը սպասարկելուն, հանդիսանալով այդ ճանապարհի քայլերից մեկը:

Պարզ է, թե ինչ կա ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հռչակած այդ նպատակի ներքո: Նա հայտարարեց իշխանությունն ու ընդդիմությունը հստակեցնելու մասին, փաստացի ուրվագծելով, թե ինչին է միտված լինելու իշխանության քաղաքական գործունեությունն առաջիկայում` խոշորացնել կուսակցությունները, հստակեցնել ընդդիմությունն ու իշխանությունը, ձեւավորել երկբեւեռ մի համակարգ, որտեղ երկու բեւեռներն էլ փաստացի կլինեն իշխանությունից ծնված, տարբեր դերաբաշխումներով, երբ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի արդեն խաղի կանոնների մեջ ներառել նաեւ այդ երկու բեւեռների միջեւ իշխանափոխությունը:

Թեեւ իշխանության այդ ակնկալիքները, հաշվարկը կամ հույսը բավական նկատելի են, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ կուսակցությունների խոշորացման գործընթացը, ինքնին որպես քաղաքական զարգացման հեռանկար, արդյունավետ է նաեւ հանրային եւ պետական շահի տեսանկյունից:

Այստեղ խնդիրն այն է, թե հասարակությունն այդ իմաստով ինչ կկարողանա հակադրել իշխանությանը, այսինքն ինչպես «կխոշորանա» հանրությունը. «կխոշորանա՞» այնպես, որ երկբեւեռ համակարգի աղբյուրը չլինի միայն իշխանությունը, եւ հասարակությունը եթե չկարողանա գալ համակարգային իշխանափոխության արդյունքի, ապա հնարավոր լինի իշխանությանը դնել իրավիճակի առաջ, երբ հարկ կլինի խաղի կանոնների հարցում գնալ հանրության հենքի վրա ձեւավորված երկրորդ բեւեռի հետ պայմանավորվածության:

2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ընդդիմադիր դաշտում ավանդականի նման աշխուժացան խոսակցությունները միավորումների եւ դաշինքների մասին: Գերակշռող դարձավ կարծիքը, որ առանց միավորվելու ընդդիմությունը չունի իշխանության հանդեպ մրցունակ լինելու շանս: Իհարկե, որեւէ երաշխիք չի էլ ներկայացվում, թե շանսը միավորումն է, այսինքն դրա պարագայում շանսը առաջանում է ինքնաբերաբար: Ավելին, միավորումների նախադեպերը հաշվի առնելով, աներկբա է դառնում, որ դրանք ավելի շուտ ոչ թե հանրային հաջողության, այլ ընդամենը հիասթափության նոր ալիքի հասունացման ճանապարհ են:

Նախադեպերն աներկբա են դարձնում, որ միավորումն ինքնին ոչինչ է, եթե խնդիրը ընդամենը ընտրական արդյունքն է, եթե միավորման ճակատագիրը պայմանավորված է լոկ դրանով` ինչպիսին էլ կոչվի այն, ինչ ֆորմատի տեսքով էլ որ այդ միավորվումը դրսեւորվի:

Ահա այս իմաստով, օրինակ, առաջանում է հարց` Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում կարո՞ղ է ծավալվել քննարկում օրինակ հնգամյա հեռանկարով, երբ այդ ուժերը զերծ կմնան հանրությանը 2017-ի համար հաղթական կարգախոսներով եւ մարտակոչերով կերակրելու գայթակղությունից եւ ավանդաբար տրորված ճանապարհից, եւ հանրության հետ կծավալեն իսկապես հեռանկարային ծրագրով ու ռազմավարությամբ աշխատանք:

Խոսքն այն մասին չէ, որ քաղաքական ուժերը 2017-ի համար ժամանակից շուտ ճանաչեն ՀՀԿ հաղթանակը եւ քաղաքացիներին էլ հորդորեն կամ իզուր տեղը չգնալ տեղամաս, կամ գնալ եւ ձայն տալ ՀՀԿ-ին` չմոռանալով վերցնել ընտրակաշառքը:

Պարզապես Հայաստանի ընդդիմադիր քաղաքականությունը նախընտրական իմաստով լիովին սպառված է, թերեւս այն պատճառով, որ չունի հետընտրական ռազմավարություն: Հետընտրական ռազմավարություն ասվածը սկսում եւ ավարտվում է միտինգով` կլինի, կամ չի լինի, հաճախ կախված իշխանության հետ զանազան կրոնա-քաղաքական գործարքների հեռանկարից:

Ի՞նչ կարող է հակադրել ընդդիմադիր դաշտն ու հասարակությունը վերընտրական հեռանկարում կուսակցությունների խոշորացման իշխանության ծրագրին: Այդ հարցն ընդհանրապես կա՞ օրակարգում, թե՞ ներկայում միայն խորհրդարանի անցողիկության խնդիրն է, որից հետո ամեն մեկն էլի իր խնդիրներով, մինչեւ կգա 2022-ի շեմն, ու ամեն ինչ կսկսվի նորից:

Կարո՞ղ է Հայաստանում առաջանալ ընդդիմություն, որն անակնկալ կմատուցի իշխանությանը: