ԱՄՆ-ը «բռնացրեց» Սերժ Սարգսյանին

    • Մեկնաբանություն - 29 Նոյեմբերի 2016, 11:58
ԱՄՆ կառավարությունը նախօրեին հայտարարություն է տարածել Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության մասին, ասելով, թե միանում է ԵՄ, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարություններին եւ պատրաստակամություն հայտնում օժանդակել Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացմանը, ցուցաբերել ընտրության վերահսկման մեխանիզմների ներդրման համար ֆինանսական կամ նյութական աջակցություն:

«Հիմք ընդունելով 2015թ.  դեկտեմբերին նախագահ Սարգսյանի ելույթում հնչեցված երաշխիքները՝ մենք լրջությամբ ենք ընդունում ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ 2017թ.  խորհրդարանական ընտրություններն «անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ», ասված է ԱՄՆ կառավարության հայտարարության մեջ:

Հատկանշական է փաստը, որ Վաշինգտոնն իր մտադրության մասին հայտնում է ՀՀԿ համագումարից հետո: Հուսադրե՞լ է համագումարը եւ մասնավորապես դրանում Սերժ Սարգսյանի ելույթը Միացյալ Նահանգներին, թե՞ անհանգստացրել, որ դրանից հետո որոշել են հանդես գալ ընտրության վերահսկման շուրջ ԸՕ-ով ձեռք բերած համաձայնությունների ֆինանսական աջակցության հայտարարությամբ:

Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ բանն այստեղ ֆինանսները չեն, այլ դրանց մասին հայտարարության քաղաքական նշանակությունը: Ամենեւին չփորձելով անգամ թերագնահատել եւ նույնիսկ կասկածի տակ դնել Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հանձնառությունը, այդուհանդերձ ակնառու է, որ Միացյալ Նահանգների հանգամանքը Հայաստանի իշխանության համար ունի շատ ավելի ծանրակշիռ, ազդեցիկ նշանակություն մի շարք առումներով` տնտեսական, քաղաքական, նաեւ անվտանգության տեսանկյունից:

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը թողեց հակասական տպավորություն: Սարգսյանը մի կողմից շարունակեց փոփոխությունների, քաղաքական ու տնտեսական բարեփոխումների մասին իր հավաստիացումները, մյուս կողմից մի շարք երաշխիքներ տվեց ՀՀԿ ներկայիս մեծամասնությանը, հայտարարելով, թե «դանդաղ է շտապելու»:

Սարգսյանի ելույթից դրակա՞ն, թե բացասական տպավորության վրա է հիմնված Վաշինգտոնի հայտարարությունը: Իհարկե բարդ է ասել, բայց աներկբա է, որ ԱՄՆ Սերժ Սարգսյանին «բռնացրել» է խոսքի վրա: «Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն ըստ էության կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ և դատական մարմինների ուսերին է, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի զգալիորեն տարբերվող մոտեցում, ապահովվի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտումը քվեախցիկում ընտրություն կատարելիս ու երաշխավորվի տեղական և միջազգային դիտորդների և լրատվամիջոցների էական ու անարգել աշխատանքն ընտրության օրը և հաջորդիվ», ասված է հայտարարության մեջ:

Այդպիսով, մի կողմից ողջունելով ԸՕ շուրջ համաձայնությունը, ԱՄՆ մյուս կողմից հարկ է համարում իշխանությանը ակնարկել, որ պետք չէ ունենալ ԸՕ շուրջ համաձայնությամբ միջազգային հանրության համար ժոովրդավարական ընտրության պատրանք ապահովելու ակնկալիք: ԱՄՆ արձանագրում է, որ ԸՕ շուրջ համաձայնությունը եւ սահմանված նոր մոտեցումները դիտարկում է կարեւոր, բայց ոչ լիարժեք մեխանիզմ, եւ շեշտադրում է քաղաքական կամքի խնդիրը:

Մյուս կողմից, շեշտելով իշխանության քաղաքական կամքի եւ պատասխանատվության առաջնայնությունը, Նահանգները նաեւ ընդգծում է քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ընդդիմության դերակատարումը, ընտրության վերահսկողությունը բարձրացնելու համար:

Այդ համատեքստում, հայտարարության վերջում արվում է բավական ուշագրավ արձանագրում, ինչն ըստ ամենայնի հանդիսանում է թե հայտարարության, թե ընդհանրապես ներկային քաղաքական փուլի մեխը` Հայաստանի անկախության ապահովումը:

ԱՄՆ կառավարությունը հիշեցնում է, որ Նահանգները եղել է Հայաստանի հետխորհրդային անկախությունը ճանաչած առաջին պետությունը եւ 25 տարի շարունակ Հայաստանի հետ հարաբերվել է բարեկամի եւ գործընկերոջ սկզբունքով, Հայաստանի անկախության եւ զարգացման հեռանկարն ամրապնդելու համար: ԱՄՆ կառավարությունը հայտարարում է, որ վստահելի, ազատ, առանց սահմանափակման ընտրությունը բացարձակ անհրաժեշտ է անկախ, ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի համար:

Նահանգները Հայաստանի իշխանության ու քաղաքական ուժերի համար փաստացի սահմանում է ընտրական գործընթացի գինը, արժեքը` Հայաստանի անկախությունը, ասել է թե՝ ինքնիշխանությունը:

Դա մի հարց է, որը առանցքային նշանակություն ունի թե Հայաստանի, թե նաեւ տարածաշրջանի ապագայի համար: Հայաստանն աշխարհքաղաքական զարգացումների վերջին տարիների դինամիկ ընթացքի, էական վերափոխումների բերումով հայտնվել է առանցքային կետում, որը մի կողմից ավելացրել, բազմապատկել է մարտահրավերներն ու սպառնալիքները, մյուս կողմից սակայն տվել է պետականությունը նոր մակարդակի բերելու, զարգացման եւ ընդհանրապես քաղաքակրթական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն:

Հայաստանի ինքնիշխանությունը բանալի է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ընդհանրապես տարածաշրջանի վերափոխման, Հարավային Կովկասը խորհրդային կայսրության փլատակներից մաքրելու եւ նոր աշխարհակարգի համարժեք տարածաշրջանի վերածելու համար, որտեղ կգեներացվեն ոչ թե միջազգային անվտանգության սպառնալիքներ` որոնք անմիջական հարվածելու են առաջին հերթին Հայաստանի սահմանին, այլ որտեղ կլինի միջազգային անվտանգության ձեւավորման աղբյուրներից մեկը` որից առաջին հերթին կօգտվի նաեւ Հայաստանը

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ այդ հեռանկարների ճամփաբաժանում կանգնած Հայաստանն ապրում է մի քաղաքական օրակարգով, որը հեռավոր աղերս անգամ չունի այդ դիլեմայի հետ: Այդ իմաստով, առանցքային հարց է` Հայաստանի անկախության, ինքնիշխանության խնդիրը կդառնա՞ նախընտրական օրակարգի լոկոմոտիվ, գործողությունների շարժիչ, թե ոչ: Ահա այդ տեսանկյունից, առաջին հայացքից Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունն իրականում հայտարարություն է այն մեծ թե ներպետական, թե աշխարհքաղաքական արժեքի մասին, որ ընկած է Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության հիմքում, եւ առկա է խնդիրը, թե ով է այն վերցնելու լիարժեք պատասխանատվությամբ:

Ամենաընթերցվածը