Հայաստանին այլեւս պարտք չե՞ն տա

    • Մեկնաբանություն - 29 Նոյեմբերի 2016, 09:53
Ներքին հնարավորությունների ու տնտեսական ներուժի կառուցումն իր գինն ունի` մենք արտաքին պարտք ենք աճեցրել, հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ Հայաստանի արտաքին անբարենպաստ մարտահրավերները հաջողվել է հաղթահարել ներքին հնարավորությունների հաշվին:

Արտաքին պարտքը նպաստել է, որ տնտեսությունը կարողանա դիմակայել արտաքին ֆինանսական անբարենպաստ կոնյունկտուրայի ճնշմանը, պարտքը ներդրվել է այնպիսի հեռանկարային նախագծերում, ինչպիսին են Հյուսիս-Հարավ մայրուղին եւ անվտանգությունը: Սակայն արտաքին օգնության ու վարկերի վրա հույս դնելու քաղաքականությունն ավարտվել է, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ համագումարից մեկ օր առաջ կայացել է Հայաստանի կառավարության նիստը, որտեղ մի քանի վարկային-տրանշային պայմանագրեր են հաստատվել՝ ընդհանուր 100 միլիոն դոլար ծավալով: Ամենայն հավանականությամբ, սա Հայաստանի վերջին փոխառությունը չէ:

Այս տարի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 60%-ին: Այդ կապակցությամբ հնչող մտահոգություններին իշխանությունները որպես կանոն օրինակ են բերում այլ երկրներ՝ Ճապոնիան, ԱՄՆ-ն, որոնց արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ն: Տնտեսագետները, սակայն, գիտեն, թե որքան անլուրջ է Հայաստանը վարկունակությամբ այդ երկրների հետ համեմատելը:

Բացի այդ, հարցը, թե ուր է գնում պարտքը, ավելի ակտուալ է դառնում: Հայ փորձագետները ոչ առանց հիմքի պնդում են, որ Հայաստանն այդ միջոցները ներդնում է ոչ թե ավելացված արժեքի ստեղծման, այլ սոցիալական կայունության՝ հետեւաբար ռեժիմի պահպանման մեջ: Եթե այդ գումարները լրացուցիչ միջոցներ չեն բերում բյուջե, ապա Հայաստանն ինչպե՞ս է վերադարձնելու պարտքը:

2018 թվականը կլինի պարտքի սպասարկման պիկային ժամանակաշրջանը: Ընթացիկ հաշվարկներով, 2018 թվականին ստիպված կլինենք պարտքի վճարման համար հատկացնել բյուջեի հինգերորդ մասը: Իսկ դա նշանակում է, որ առանց հարկերի բարձրացման անհնար կլինի, կամ էլ հարկ կլինի նոր պարտքեր վերցնել հները մարելու համար:

ՀՀԿ համագումարին Սերժ Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ արտաքին պարտքն անհրաժեշտ էր ներքին ռեսուրսներ եւ անվտանգություն ստեղծելու համար, համոզիչ չեն հնչում հատկապես տնտեսական քաղաքականության անարդյունավետության եւ կոռուպցիայի բարձր մակարդակի լույսի ներքո: Փաստորեն, արտաքին պարտքն անհրաժեշտ է կոռուպցիայի եւ անարդյունավետ պետական կառավարման դիմաց վճարելու համար:

Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ հատկանշական արտահայտություն կա. նա ասել է, որ արտաքին օգնության եւ վարկերի վրա հույս դնելու քաղաքականությունն ավարտվել է: Դա նշանակու՞մ է, որ Հայաստանին մերժում են պարտք տալ: Հայաստանի տնտեսական վարկունակությունը հազիվ թե հուսադրեր արտաքին դոնորներին ու ներդրողներին: Հայաստանի պարտքերն ավելի շուտ «քաղաքական» էին. Երեւանին օգնում էին գոյատեւել բարդ հարեւանության պայմաններում եւ չկորցնել ինքնիշխանությունը, որովհետեւ ինքնիշխան Հայաստանը մտնում է համաշխարհային տերությունների տարածաշրջանային ծրագրերի մեջ:

Հայաստանին կմերժեն նոր պարտք տալ, եթե քաղաքական վարկունակությունը կասկածի տակ դրվի, այլ կերպ ասած, եթե Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք չդառնա:

Հասե՞լ ենք արդեն այդ կետին, եւ ինչու՞ է Սերժ Սարգսյանն ասել, որ վարկերի ու օգնության վրա հույս դնելու քաղաքականությունն ավարտվել է: 

Ամենաընթերցվածը